Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որով ողջունվել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Ակնայով (Աղդամ) Արցախին հումանիտար մատակարարումներ անելու մասին։ Հարցին, թե ինքը նման հարց քննարկե՞լ է Բրյուսելում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․«Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ չեմ կարծում, որ նման հարց քննարկելու որեւէ մանդատ ունեմ։ Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետեւ Լաչինի միջանցքը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ։ Հետեւաբար, այդ հարթակներում մենք քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերը։ Այլ հարցեր ես չեմ քննարկել»։
Հարցին, թե այսինքն՝ Շառլ Միշելի հայտարարության այդ կետը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանեց․ «Անակնկալ չէր ինձ համար, բայց ես նման հարց չեմ քննարկել։ Ես չեմ քննարկել, որովհետեւ ասել եմ, որ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ մանդատ ունեմ։ Ես ունեմ քննարկելու հարց՝ կապված Լաչինի միջանցքի հետ, որովհետեւ Լաչինի միջանցքը ստեղծվել է, այդ թվում իմ ստորագրությամբ։ Եվ մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում՝ Լաչինի միջանցքով բեռների, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ապահովելու վերաբերյալ»։
Նա հավելեց․ «Իրադրությունը, որը մենք ունենք եւ այդ իրադրության հասցեագրումն ու կարգավորումը ոչ թե միջազգային հանրությանն է հարկավոր, այլ Հայաստանի Հանրապետությանն է անհրաժեշտ եւ Լեռնային Ղարաբաղին է անհրաժեշտ։ Ես ուզում եմ, որ մենք սա շատ լավ ու հստակ արձանագրենք, ինչը միշտ չէ, որ անում ենք։ Միջազգային հանրությունը չի կրում այդ տառապանքները, այո, ունի որոշակի պատասխանատվություն, բայց մյուս կողմից, իսկ ո՞վ է ասել, որ միջազգային հանրությանն ավելի շատ է հարկավոր պրոբլեմների լուծումը, քան ՀՀ-ին։ Հարց՝ արդյոք միջազգային հանրությունը դիրքորոշումներ արտահայտո՞ւմ է եւ քայլեր ձեռնարկո՞ւմ է ԼՂ շուրջ ստեղծված իրադրության հասցեագրման ուղղությամբ։ Այո։ Եվրոպայի խորհուրդը միանշանակ բանաձեւ է ընդունել այդ առումով, Եվրոպական խորհրդարանը բանաձեւ է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ մշտական խորհրդի վերջին նիստում բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, միանշանակ դիրքորոշումներ են հայտնել այդ թեմայով։ Արդարադատության միջազգային դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել այդ թեմայով։ Արդյոք այդ ջանքերը բավարա՞ր են, ոչ, այդ ջանքերը բավարար չեն։ Եվ ես դա էլ արձանագրում եմ։ Մի փոքր մոլորության մեջ ենք, որ միջազգային հանրությանն է պետք այն, ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ