Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցի հետ կապված 3 պնդում, 3 ցավալի փաստ և լուծման 3 տարբերակ. Արա Զոհրաբյան

Հուլիս 25,2023 13:25

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՏԱՆԻՆ Է, ԱՐՑԱԽԸ՝ ՄԱՏԱՆՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԸ

Ինչ էլ, որ հիմա ներկայացնեմ, բոլորդ էլ գիտեք: Ավելիով գիտեք:

Ստորև ներկայացնում եմ Արցախի հարցի հետ կապված՝ 3 պնդում, 3 ցավալի փաստ և լուծման 3 տարբերակ:

✅Ա. 3 պնդում՝

1.Չկա արցախցի-հայաստանցի բաժանում: Հայաստանը մատանին է, իսկ Արցախը մատանու անբաժանելի թանկարժեք քարը, որոնք իրենց միասնության մեջ են մեծ արժեք ներկայացնում: Հակառակ որևէ մեկնաբանություն և ներշնչանք թշնամուց է գալիս:

2.Բաբելոնյան աշտարակի շինարար Բելի բանակին փոքրաթիվ ռազմիկներով հաղթած Հայկ Նահապետի սերունդը՝ Հայ ազգը, վախկոտ ու թույլ ազգ չէ: Հակառակ որևէ մեկնաբանություն և ներշնչանք թշնամուց է գալիս:

3.Ադրբեջանա-թուրքական ուժերը այնքան ժամանակ չեն կանգնելու և չեն հրաժարվելու իրենց պահանջներից, քանի դեռ մի լավ ծեծ չեն կերել: Հակառակ որևէ մեկնաբանություն և ներշնչանք թշնամուց է գալիս:

✅Բ. 3 ցավալի փաստ՝

1.Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել են Արցախից (Հայաստանի ժողովուրդը չի հրաժարվել Արցախից ու երբեք չի հրաժարվելու): Այս հրաժարումը հակաիրավական (հակասահմանադրական) է: Հայաստանի իշխանությունները բացահայտ հակաարցախյան քարոզչություն են իրականացնում:

2.Հայաստանի իշխանությունները օգտվելով այն հանգամանքից, որ ժողովուրդը չի տիրապետում ռազմական գաղտնիքներին, հայ ժողովրդին ներշնչել են, որ թույլ են  ու վախկոտ, պատերազմին անպատրաստ ու պատերազմի դեպքում հերթական պարտությունը կունենան: Հայաստանի իշխանությունները զինված ուժերի ստորին և միջին օղակների հետ կապված բազմաթիվ քրեական գործերով փորձում են ցույց տալ, որ մեր զինվորները վախկոտ ու դավաճան են եղել, ինչն էլ հանգեցրել է պատերազմի այդ ելքին: Ժողովրդին չեն պատրաստում պատերազմի, չեն կայացնում աշխարհազորը:

3.Ադրբեջանական իշխանությունները դաժան ու մարդասպան են: Բերձորի ճանապարհը փակելով ցեղասպանություն են փորձում կատարել և ցույց են տալիս իրենց իսկական դեմքը:

✅Գ. Լուծման 3 տարբերակ՝

1.Արցախի ժողովուրդը (Արցախի իշխանությունները չեն համարձակվում Հայաստանի իշխանություններին դեմ գնալ) կարող է այսպես ինքնակազմակերպվել՝ մոտ 10000 խաղաղ ու չզինված արցախցի հայտարարում են, որ ոտքով գալիս են դեպի Հայաստանի սահման, որպեսզի հաց տանեն իրենց հարազատներին: Բոլոր խոչընդոտները հաշվի չեն առնում, ուղիղ եթերներով, գալիս են առաջ: Հիմնական խոչընդոտը կլինի ադրբեջանական մաքսակետում: Հայաստանի կողմից հայ ժողովուրդը (Հայաստանի իշխանությունները կխոչընդոտեն) սնունդով գալիս է ընդառաջ ու բոլոր խոչընդոտները հաշվի չի առնում մինչև ադրբեջանական մաքսակետ: Այս քայլը ռիսկային է, բայց միջազգային հանրության մոտ իրավիճակ կփոխի: Այլընտրանքը կրկին ռիսկային է՝ սովից մեռնել կամ հանձնվել Ադրբեջանին ու ցեղասպանվել ժամանակի ընթացքում:

2.Պետք է պատրաստվել պատերազմի: Պատերազմն անխուսափելի է: Ինչպես Չերչիլն է ասել՝ «Եթե պատերազմի և նվաստացման միջև դուք ընտրում եք նվաստացումը, կստանաք թե′ նվաստացում, թե′ պատերազմ»: Հայ ազգի միասնական մոբիլիզացումը միայն հաղթանակի կտանի: Ի վերջո չունենք այլընտրանք: Հայաստանի իշխանությունների առաջ քաշած խաղաղության օրակարգը ակնհայտ կեղծ է և դանդաղ կործանման ծրագիր է:

3.Պետք է ճնշել Հայաստանի իշխանություններին, որպեսզի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնեն Ադրբեջանի դեմ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և  պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում (2023թ.հունվարի 9-ին պաշտոնապես դիմել ենք կառավարությանն այդ հարցով, սակայն վերջինս անգործություն է դրսևորել):

✝️Հ.Գ.Աստվածաշնչից հայտնի Նինվե քաղաքի հետ կարծես նմանություն ունի Արցախը: Եվ Նինվեում և Արցախում բնակչության թիվն ավելի քան 120.000 է:

Նինվեի կործանումը Աստված չեղարկեց, քանի որ այդ քաղաքի թագավորը, մեծամեծները և նրանց հրահանգով ժողովուրդը զղջաց ու ապաշխարեց: «Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրէնութիւններից, որ իրենց ձեռքով էր կատարւում, եւ ասացին.9 «Ով գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք»»:

Հետագայում, երբ Հովնան մարգարեն վրդովվել էր, որ իր մարգարեությունը չկատարվեց, Աստված նրան ասաց.«Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն.նա գիշերը բուսնեց եւ միւս գիշեր կորաւ: 11 Իսկ ես չխնայե՞մ Նինուէ մեծ քաղաքին, որտեղ ապրում են աւելի քան հարիւր քսան հազար մարդ, որոնք իրենց լաւն ու վատը չիմացան, ինչպէս նաեւ շատ կենդանիներ»:

Ես վստահ եմ, որ մատանու քարը միանալու է մատանուն և դառնա մեկ ամբողջություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31