Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի անցակետի գոյությունը քննարկման առարկա չէ. Ադրբեջանի ԱԳՆ

Հուլիս 25,2023 12:37

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական “Le Monde” թերթին տված հարցազրույցին:

«Այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը այսպես կոչված «ժողովրդավար ընտրված կառավարություն» է անվանում Հայաստանի կողմից ստեղծված ռեժիմը, որը ծանրագույն ռազմական հանցագործություններ է գործել մարդկության դեմ, այդ թվում` տարածաշրջանի ադրբեջանցի ժողովրդի դեմ էթնիկ զտում և ցեղասպանություն, վառ օրինակ է այն բանի, որ Հայաստանի պաշտոնատար անձինք չեն հրաժարվել 30 տարի շարունակվող օկուպացիոն քաղաքականությունից և գործողություններից: Հայաստանի վարչապետի արտահայտությունը լիովին հակասում է նրա հայտարարություններին այն մասին, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ հայկական կողմը, «սատարում է ագրեսիվ քաղաքականություն և անջատողականություն» և պահանջում չեզոքացնել ««Լաչին» անցակետը, որը բարդացնում է տարածաշրջանում Ադրբեջանի դեմ հակաիրավական գործողության իրականացումը», մինչդեռ, ըստ ադրբեջանական գերատեսչության, հայկական կողմը պետք է հասկանա, որ «տվյալ անցակետի տեղադրումը լիովին համապատասխանում է և գտնվում է միջազգային իրավունքի շրջանակում»:

«Այդ քայլը ձեռնարկվել է Հայաստանի քայքայիչ գործունեությունը խաթարելու համար, և անցակետի գոյությունը քննարկման առարկա չէ: Միջազգային քրեական դատարանի հուլիսի 8-ի որոշումը, որով միաձայն մերժվում է Հայաստանի պահանջը, ևս մեկ անգամ հաստատեց, որ ադրբեջանական անցակետի տեղադրումը միանգամայն ինքնիշխան և օրինական որոշում է»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի մերժումը Ադրբեջանի կողմից առաջ քաշված և «միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից դրական արձագանք ստացած» առաջարկին՝ օգտագործելու Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների պահանջները բավարարելու համար, «վկայում են այն մասին, որ տարածաշրջանում «լարված մարդասիրական իրավիճակի» մասին պնդումները չեն արտացոլում իրականությունը»:

«Դա նաև վկայում է այն մասին, որ Հայաստանի իրական մտադրությունն է օգտագործել իրավիճակը քաղաքական շանտաժի համար: Հայաստանը փորձում է շարունակել իր անօրինական գործունեությունն Ադրբեջանի տարածքում»,- ասվում է Բաքվի հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ «տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեության արհամարհումը և այն հանգամանքը, որ ամեն օր անցակետով երկու ուղղություններով տասնյակ քաղաքացիներ են անցնում, ինչպես նաև այն, որ Ադրբեջանն առաջ է քաշել այլընտրանքային տարբերակներ, այդ թվում Աղդամ-Խանքենդի երթուղին, փորձ է Հայաստանի վարչապետի կողմից մանիպուլացնել միջազգային հանրության կարծիքը»:

«30 տարի շարունակ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, արհամարհելով միջազգային կազմակերպությունների նախազգուշացումները էթնիկ զտումների քաղաքականության դեմ, հաշվի չնստելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հետ՝ անհեթեթություն և երկերեսանիություն է Հայաստանի կողմից կոչ անել միջազգային մակարդակով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար ամենաանհրաժեշտ պայմանն է, որպեսզի Հայաստանի պաշտոնատար անձինք «դադարեցնեն միջամտության փորձերը Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապրող հայերի վերաինտեգրման միջոցառումներին և աներկբա, ոչ թե խոսքով՛ այլ գործով, հաստատեն, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

«Միանգամայն անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ-ինչ պատրվակներով վերապահումներ է անում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում, ինչը հարված է հասցնում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և ծառայում է տարածաշրջանում լարվածության պահպանմանը: Հայկական կողմը պետք է ի վերջո հասկանա, որ իր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը որևէ արդյունք չեն տալիս: Կոչ ենք անում հայկական կողմին դադարեցնել սադրիչ գործողություններն ու հայտարարությունները և հետևել իրենց միջազգային պարտավորություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31