Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են վտանգված հուշարձանների խնդիրները և կոնստրուկտորական միջամտության անհրաժեշտությունը

Հուլիս 25,2023 12:05

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով:

Աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում. կառուցումը սկսվել է 19-րդ դարի վերջում և ավարտվել 1920-ական թվականներին: Ժամանակին ունեցել է կարևորագույն նշանակություն՝ որպես Կարսի հետ կապող միակ երկաթուղային գիծ: Շինությունն այդ ժամանակաշրջանի տիպային կառույց է, իսկ դեպոն ունի հետաքրքիր ինժեներական լուծում: Քննարկվել է կայարանի հաշվառման փաստաթղթերի կազմման և փորձագիտական հանձնաժողովում որպես նորահայտ հուշարձան արժևորելու հնարավորությունը:

Հաջորդ այցելած հուշարձանախումբը 13-րդ դարով թվագրված Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում գտնվող Սեդվու Սբ Նշան վանական համալիրն ու Սեդվու ամրոցն էր: Ծածկի բացակայությամբ պայմանավորված՝ մթնոլորտային տեղումների ազդեցության հետևանքով մշտական քայքայման, ինչպես նաև պատերի և ծածկի որոշ  հատվածներում խարխլված լինելու պատճառով վանական համալիրը փլուզման վտանգի եզրին է: Ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում նաև Սեդվու ամրոցը: Չնայած վերջերս տեղի ունեցած փլուզմանը՝ եռահարկ աշտարակաձև կառույցի երկրորդ հարկի թաղի մնացորդների վրա և խորանում տեսանելի էին որմնանկարների հետքեր: Քննարկվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի ու Սեդվու ամրոցի հրատապ միասնական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարերարների կողմից ժամանակավոր ծածկի իրականացման առաջարկը:

Այնուհետև աշխատանքային խումբն ուղևորվել է ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Բգավոր եկեղեցի, որը ենթադրաբար թվագրվում է 13-րդ դարով: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում՝ ծածկը չի պահպանվել, պատերը կիսաքանդ են: Պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին։ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները տեղում ծանոթացել են 2015 թվականին պետական բյուջեի հաշվին իրականացված աշխատանքներին, որոնք ակնհայտ անավարտ էին:

Արձանագրվել են խնդիրները և կոնստրուկտորական միջամտության անհրաժեշտությունը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք: Եկեղեցու հարևանությամբ գտնվող վաղ միջնադարյան (5-6-րդ դդ.) պատկերազարդ նիստերով հուշակոթողը մթնոլորտային տեղումների և մարդկային գործոնի մշտական ազդեցության պատճառով քայքայվում և կորցնում է իր բացառիկ արժեքը: Անհրաժեշտություն է համարվել հարցը քննարկել գիտամեթոդական խորհրդի հաջորդ նիստին՝ խնդրի լուծման տարբերակները դիտարկելու համար:

Այցելած վերջին հուշարձանը՝ միջնադարյան անառիկ ամրոց Լոռի բերդն էր: Տեղում քննարկվել է վերջերս գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած «արքայական» բաղնիքի վերականգնման նախագիծը և կատարվել են ճշգրտումներ:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31