Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները

Հուլիս 25,2023 11:14

Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկա գործողությունները։

Այս առումով վերարժևորվել է Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման շրջանակներում Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված գրությանը եվրոպական ավելի քան 470 կազմակերպությունների միացման փաստը։

Հանդիպմանը մասնակից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային իրավիճակը՝  իր բնույթով օրհասական։ Ընդգծվել է՝ վերահաս աղետի կանխման համար անհրաժեշտ են միջազգային անհապաղ և գործուն քայլեր։

Հատուկ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային գործընթացում Եվրոպական միության ներկա դատապարտելի քաղաքական վարքին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խնդրահարույց հայտարարություններին։ Անընդունելի է համարվել Եվրոպական միության կողմից իր իսկ դավանած արժեքներին հակառակ՝ Ադրբեջանի որդեգրած էթնիկ զտման քաղաքականության և շարունակվող  վայրագությունների, ըստ էության, արդարացումը։ Եվրոպական միությունը, ի դեմս Եվրոպական խորհրդի, պետք է քաղաքական կամք դրսևորի և արժեքների ու առևտրային հարաբերությունների միջև ընտրության գործում կողմնորոշվի դեպի արժեքները և կանխի մարդկության դեմ իրագործվող ադրբեջանական հերթական հանցագործությունները։

Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպայում Արցախի շուրջ հավելյալ զորակցության ապահովման, Արցախի շրջափակման վերացման, հումանիտար օժանդակության ապահովման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության և այլ ուղղություններով առաջիկա քայլերի վերաբերյալ։ Կարևորելով Եվրոպական միության ղեկավարության վրա շարունակական ճնշման ապահովումը և Ադրբեջանի հանցագործ քայլերի ու Արցախի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության հանրահռչակումը՝ հայ համայնքների ներկայացուցիչները համաձայնության են եկել  սույն հարթակի պահպանման  և ընդլայնման, ինչպես նաև  նմանաբնույթ հանդիպումների պարբերաբար անցկացման շուրջ ՝ աշխատանքների համադրման և գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Հանդիպման մասնակիցներն մեկ անգամ ևս իրենց անվերապահ զորակցությունն են հայտնել Արցախի հերոսական ժողովրդին՝ գնահատելով վերջինիս անխորտակելի պայքարը հանուն հայրենիքի ու հանուն արժանապատվության։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31