Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան․ Կա՛մ նա վերջնական հարված է հասցնելու Հայաստանին ու Արցախին, կա՛մ ստիպված է լինելու հրաժարական տալ․ «Հրապարակ»

Հուլիս 25,2023 10:10

Հուլիսի 23-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակ հրապարակեց՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին։ Իր նամակում նա վերջիններիս խնդրել էր գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի հետ։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները մի արդարացում են բերում` եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ապա մեզնից ի՞նչ եք ուզում։ Հաշվի առնելով սա՝ արդյոք Սերժ Սարգսյանի նամակը ժամանակավրեպ չէ՞։

– Նախագահի նամակը ժամանակավրեպ չէ, եւ նախագահի նամակը ուշադրություն է հրավիրում Արցախում ստեղծված իրավիճակի վրա՝ առաջին հերթին, ոչ թե Հայաստանի իշխանությունների գործողությունների վրա։ Այո, ճիշտ եք նկատում, ցավոք, մեր կապիտուլյանտ իշխանություն կոչվածներն իրենց հայտարարություններով ու գործողություններով ստեղծել են մի իրավիճակ, որ միջազգային հանրությունն արդեն նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ սահմանափակ անելիքներ կարող է ունենալ, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Նիկոլի ցանկությունն ու հայ ժողովրդի ցանկությունը իրարից էականորեն տարբերվում են, տրամագծորեն հակառակ են։ Դա Նիկոլի ու մի քանի քաղաքական զրոների համար է Արցախն Ադրբեջան, ինչն իրենք, ցավոք, հայտարարում են, բայց հայ ժողովրդի համար, բոլոր հարցումներն ու հասարակական տրամադրությունը, ցույց են տալիս, որ 95 տոկոսից ավելին ոչ մի կերպ չի պատկերացնում եւ չի ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

Այնպես որ, Սերժ Սարգսյանի նամակը հայ ժողովրդի հավաքական ցանկություններն արտահայտող նամակ է, եւ աշխարհում գոյություն ունի նման պրակտիկա, որ պաշտոնաթող նախագահի ինստիտուտը եւս շարունակում է լինել միջազգային պրակտիկայում դերակատարություն ունեցող, եւ պաշտոնաթող նախագահը, ստեղծված իրավիճակից ելնելով, գնահատելով Մինսկի խմբի համանախագահ երկրների կարեւորությունը, նկատի ունենալով, որ դեռեւս դե յուրե պահպանվում է Մինսկի խումբը՝ որպես արցախյան հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային ձեւաչափ, եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, շատ լավ տեղեկացված լինելով արցախյան հիմնախնդրի կարգավորման բոլոր դետալներին եւ սկզբունքներին եւ նախ ստեղծված իրավիճակին, հույս ունենք, որ ցանկության դեպքում կարող են Արցախը դուրս բերել սովամահության շրջափակումից։ Այսինքն՝ ստացվում է, որ 21-րդ դարում իրենց հայրենիքում ապրող քաղաքացիներին կարելի է սովով սպանության տանել։

– Թեեւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, սակայն Ալիեւ- Փաշինյան-Միշել վերջին հանդիպման արդյունքում որեւէ վերջնական արդյունք, տեղաշարժ չգրանցվեցին։ Սրանից ի՞նչ ենթադրություններ կարելի է անել․ Ադրբեջանն ավելի՞ն է ուզում, քան Արցախը, թե՞ Փաշինյանը հրաժարվում է Արցախը հանձնել։

– Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգավոր խնդիրների ծուղակում է հայտնվել ինքը եւ իր հետ միասին՝ նաեւ հայ ժողովուրդը։ Նա շատ լավ հասկանում է, որ ինչ էլ ստորագրի, միեւնույն է՝ պատերազմ է լինելու, նա շատ լավ հասկանում է, որ եթե Ադրբեջանի բոլոր պահանջները կատարի, ապա հայ ժողովուրդն է իրեն ուղարկելու այնտեղ, որտեղ պետք է, եւ, հետեւաբար, այս անելանելի վիճակի մեջ հայտնվելով՝ ինքը փորձում է պրոցեսը ձգել։ Ինչքա՞ն կարող է ձգել․ ես կարծում եմ, որ իրեն ձգելու շատ կարճ ժամանակ է մնացել․ կա՛մ նա վերջնական հարված է հասցնելու Հայաստանին ու Արցախին, կա՛մ ստիպված է լինելու հրաժարական տալ։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31