«Պետությունը ե՛ս եմ» գրքույկում ամփոփված են 44-օրյա պատերազմի եւ Ջերմուկյան մարտերի մասնակից, հրետանավոր, այժմ արդեն զորացրված ավագ լեյտենանտ Տարոն Արշակյանի՝ մարտի դաշտում արված գրառումները: Դրանք հասցեագրված են պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին եւ պատմաբաններին, որոնք կփորձեն պարզել ճշմարտությունը ներկայիս աղմուկի մեջ: Տարոնը խորհրդային շրջանի հայտնի քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի որդին է:
«Սա պարտված բանակի չպարտված զինվորի ողբերգության վավերագիրն է, մի օրագրություն, թե ինչպիսին պետք է լինի բանակը: Սա նաեւ օրագրություն է, թե ինչպիսին չպետք է լինի բանակը: Սա դրոշի երգը երգելու կարողությունն ունեցող ավագ լեյտենանտի օրագրությունն է՝ առանց երգի նահանջի մասին: Սա խանձարուրում մորթված երգի վկայությունն է: Սա «Սարոյան եղբայրներ» ֆիլմի «պապը ոնց եղավ, տերտերը ոնց եղավ, Կարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ» հարցի պատասխանն է: Եվ պատասխանը տրված է դաշնամուր նվագող սպայի մաքրամաքրությամբ, որը երեւի նույնիսկ չի էլ մտածել, թե գտել է անգտնելին»,-գրել է գրքի խմբագիր Միքայէլ Հայրապետեանը:
Գիրքը սկսվում է Զրահատանկային զորամասի ականանետային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ, մարտկոցի ավագ սպա Տարոն Արշակյանի օրագրի այն հատվածից, երբ դեռ 2020թ մայիսի 10-ն էր, եւ իրենց գումարտակը կես տարուց ավելի պատրաստվել էր ռազմական տեսչության քննություններին;
Հետոն դաժան ու մերկ իրականությունն է, որի ամեն պատառիկը նկարագրելիս Տարոնն ավարտում է համարյա նույն նախադասությամբ՝ կրակեցինք այսքան ական, չկան գիշերային հեռադիտակներ, բարձր փոխարեն «փափուկ» քար՝ խրամատում քնելու համար, պայթյունից թռչող «բուշլատ», ամեն վայրկյան մահ՝ աչքի առաջ, մայրական աղոթքներ….
Կարդացեք նաև
«Մաքսը հարցրեց.
-Ինչու մենք հետախուզական դրոն չունենք:
– Մեր զորամասն ունի, բայց հետախուզական դասակինն է:
– Բա մենք չե՞նք կարող օգտագործել:
– Մեր ունեցած դրոնը հարսանիք նկարելու համար է, իսկ մենք կրակում ենք 7 կիլոմետր: Մերի հզորությունը չի հերիքի այդ հեռավորության վրա հետախուզելու համար: Մենք միայն հարսին ու փեսային կարող ենք հետախուզել, այն էլ՝ մոտիկից:
Քառօրյա պատերազմից արդեն գիտեինք, թե դրոններն ինչ դեր են խաղում: Անցել էր 4 տարի, բայց մեր հույսը դարձյալ միայն դիտակետի հեռադիտակն էր մնացել, որը չէր ապահովում տվյալների բարձր ճշտություն եւ տեղանքի թեք հարթություններում չէինք կարողանում դիտարկել»,-գրառումն արվել է 2020թ հոկտեմբերի 15-ին:
Գրքում հետաքրքիր դրվագ կա, երբ Տարոնը երկարատեւ ընդմիջումից հետո կարողանում է զանգել տուն, ծնողներից է պատահաբար տեղեկանում, որ Արցախի պաշտպանության բանակից զանգել են իրենց տուն ու շնորհակալություն հայտնել իր լավ ծառայության համար, մայրն էլ ուղարկում է ձայնագրությունը հեռախոսով, որտեղ հնչում է, թե ինչպես է ավագ լեյտենանտ Տարոն Արշակյանը իր մարտկոցով Հյուսիսային ուղղությամբ կասեցրել հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ, անձամբ շարքից հանել, վնասել հակառակորդի տանկերը:
Տարոն Արշակյանի օրագրությունն առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ, պարզ շարադրանքի մեջ բյուրեղացած ցավ կա ու անչափ մեծ սեր ու պատասխանատվություն հայրենիքի հանդեպ:
2021թ մայիսի 1-ի գրառումը վերաբերվում է Տարոնի ծնողներին. «Մեկ ամիս առաջ ապրիլի 1-ին կորոնայի համավարակից վախճանվեց մայրս, չգիտեմ՝ ինձ ու զինվորական ընկերերիս համար աղոթող մնա՞ց այս աշխարհում: Հայրս, որ նույն հիվանդանոցում պառկած էր դարձյալ կորոնայի վարակով, դեռ չգիտեր մորս վախճանի մասին: Կորոնան քիչ էր, հիվանդանոցում նաեւ ինֆարկտ էր տարել ու հերթական անգամ վիրահատվել: Մի փոքր էլ կազդուրվի, ինքս Արցախից կարճատեւ արձակուրդ կվերցնեմ, կգամ ու կհայտնեմ մորս վախճանի մասին: Այս ամբողջ ընթացքում նրա ընկերներն ու բարեկամները զգուշացել են այդ գույժը հայտնել նրան»:
Գրքույկում անդրադարձ կա նաեւ Ջերմուկյան դեպքերին: Տարոն Արշակյանի մարտկոցը համալրված էր ՀՀ տարբեր շրջաններում ապրող պայմանագրայիններից: Սա 2022թ սեպտեմբերի 13-ի գրառումն է. «Բջջայինով զանգեցի իմ մարտկոցի պայմանագրայիններին, տեղեկացրի մարտական գործողությունների սկսվելու մասին եւ հրահանգեցի շտապ ներկայանալ զորամաս: Շարքային Գանջալյանն ասաց. «Ալավերդիից Ջերմուկ եկող տրանսպորտ չկա այս ժամին, թող պետությունը կազմակերպի իմ տեղափոխումը»: Ասացի՝ հենց հիմա իր հաշվին 10 հազար դրամ կփոխանցեմ, միայն թե անհապաղ հասնի Ջերմուկ: Տրտնջաց՝ ինչի ես քո փողը փոխանցում, թող պետությունն անի: Ասացի՝ տվյալ պահին ես եմ պետությունը»:
Վերջին հատվածը վերնագրված է «Նահանջ առանց երգի», պատառիկը գրվել է 2023թ մայիսի 10-ին. «Ես, որ երազել էի զինվորական ծառայության մասին, դարձել էի հայոց բանակի սպա ու ծառայել երկար ժամանակ, առանց երկմտելու առաջին օրվանից մինչեւ վերջին օրը իմ բաժին մասնակցությունն էի ունեցել 44-օրյա եւ Ջերմուկի եռօրյա պատերազմներին, զորացրման զեկուցագիր ներկայացրի, կատարեցի համապատասխան վճարումներն ու զորացրվեցի:
Հետագա ամբողջ կյանքում Հայոց բանակի մասին երազանքս մնալու է ինձ հետ, այն չի մթագնի, երազանքն իմն է եւ այն դիրքեր չի հանձնում…Ահա, համառոտ ու տխուր ստացվեց օրագրիս ավարտը՝ երրորդ մասը, ինչպես ավարտը 5-րդ դարի մեր պատմահայր Խորենացու գրության»:
Հավելենք, որ Տարոն Արշակյանն ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտելուց հետո կամավոր ծառայության է մեկնել Արցախ: 44-օրյա պատերազմում ռազմական գործողություններին մասնակցել է Մատաղիսի, Արեգայի եւ Մռավի ճակատներում: Նրա հրամանատարությամբ գործող կրակային դասակը զոհեր չի տվել, դիրքեր չի հանձնել, դասալիքներ չի ունեցել: Ջերմուկի եռօրյա մարտերում եւս Արշակյանի ծառայած գումարտակը չի նահանջել, դիրքեր չեն հանձնվել թշնամուն, Տարոն Արշակյանի դասակը զոհեր չի տվել, չեն եղել դասալիքներ:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ