Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Ինձ նորածին երեխայի մայր էր զանգահարել՝ ասելով, որ երեխան այնպիսի վիճակում է, որ պետք է հրատապ տեղափոխվի Երևան, հակառակ դեպքում չի ապրի»․ «Փաստ»

Հուլիս 25,2023 09:45

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք լիակատար շրջափակման պայմաններում Արցախում տիրող ճգնաժամային իրավիճակին, խոսել նաև Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչերի, Երևանում մեկնարկած ակցիաների մասին։ Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նկարագրել է երեկվա դրությամբ Արցախում առկա իրավիճակը։

«Ամեն օր մեզ թվում է, որ այն ամենածայրահեղ օրն էր, բայց հաջորդ օրը փաստում ենք, որ ամենածայրահեղը տվյալ օրն է։ Մի քանի կիլոմետր ճանապարհ եմ անցել ոտքով, ծննդատան դիմաց նկատեցի բավականին շատ հղի կանանց, որոնք շատ բարձր ջերմաստիճանի տակ ոտքով, շնչահեղձ լինելով գնում էին հերթական հետազոտմանը։ Ես բավականին զանգեր եմ ստացել՝ կապված առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Ինձ նորածին երեխայի մայր էր զանգահարել՝ ասելով, որ երեխան այնպիսի վիճակում է, որ պետք է հրատապ տեղափոխվի Երևան, հակառակ դեպքում չի ապրի։ Զանգել էր նաև մի մայր, որի երեխան ներքին օրգանների խնդիր ունի, և կյանքը մազից է կախված։ Նման հարյուրավոր դեպքեր կան, որովհետև հիվանդանոցներում արդեն տեղ չկա։ Իսկ հիվանդներին, ովքեր արդեն բուժհաստատություններում են, չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել»,-ասաց ԱՀ ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ Արցախում նաև աղիքային ինֆեկցիա է տարածվել, և հատկապես երեխաներն այս առումով առավել խոցելի են։

«Մարդիկ պարզապես մահանում են, որովհետև չեն կարողանում բուժօգնություն ստանալ։ Սա պատերազմ է։ Այս ֆոնին մենք արդեն չենք էլ դիտարկում՝ ուտելիք կա՞, թե՞ ոչ։ Սննդի մասին այլևս անիմաստ է խոսել, խանութներում ընդհանրապես ոչինչ չկա, խանութները փակվում են, հացի արտադրամասերն այլևս չեն կարողանում խանութներ տեղափոխել հացը։ Երիտասարդների խումբ կա, որոնք հացը ոտքով տեղափոխում են խանութներ, որ մարդիկ կիլոմետրերով չանցնեն, ժամերով հերթեր չկանգնեն, որ հասանելիք 2 հացը կարողանան տուն տանել: Այս օրերին բազմաթիվ քաղաքացիների հետ եմ խոսել, ովքեր կորցրել են աշխատանքը ու անգամ հաց գնելն իրենց համար խնդիր է։ Ժամանակ առ ժամանակ հատկացվող 40 հազար դրամ աջակցությունն այսօր բավարար չէ։ Եղած բանջարեղենով ընտանիքի նվազագույն պահանջը լուծելու համար օրական 1015 հազար դրամ է հարկավոր։ Իշխանությունները գները վերահսկելու բազմաթիվ խոստումներ տվեցին, բայց հակառակ պատկերն է։ Մարդիկ ուղղակի գոյատևում են, իսկ պահեստավորված մթերքը շատերի տներում արդեն սպառված է, քանի որ գումար չլինելու պատճառով չէին կարողացել պահեստավորել»,-հավելեց Մ. Հակոբյանը։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31