Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում առողջության վրա

Հուլիս 25,2023 09:32

Կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխությունները տարբեր ազդեցություններ ունեն մարդկանց առողջության վրա․ դրանք կարող են բարդացնել արդեն եղած խնդիրները, կամ էլ նորերը ստեղծել։

Որոնք են եղանակային փոփոխությունների հետ կապված հիմնական ռիսկերը և ովքեր են առավել խոցելի այդ փոփոխությունների նկատմամբ

Ազդեցությունը հանրային առողջության վրա

Եղանակային կտրուկ փոփոխությունները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սննդային անվտանգության փոփոխությունները կարող են ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Կլիմայի փոփոխությունն ազդում է մարդու առողջության հետ կապված մի շարք կարևոր գործոնների վրա, որոնք են՝

  • կացարանի անվտանգություն,
  • օդի որակ,
  • ջրի որակ,
  • սննդի հասանելիություն,
  • մթերքների սննդային արժեք։

Կլիմայական փոփոխությունների զարգացմանը զուգահեռ հետազոտողները հանրային առողջության հետ կապված մի շարք խնդիրներ են կանխատեսում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, սպասվում է, որ 2030-2050 թթ․-ի ընթացքում տարեկան մոտավորապես 250 000 մարդ կմահանա կլիմայական փոփոխությունների որոշակի ազդեցությունների հետևանքով, որոնք են՝

  • ջերմային սթրես,
  • թերսնուցում,
  • փորլուծություն,
  • մալարիա։

Եղանակային փոփոխությունները կարող են նպաստել միգրացիայի ծավալների մեծացմանն ու քաղաքաբնակների քանակի ավելացմանը, իսկ գերբնակեցվածությունն ու ջերմային ֆոնի բարձրացումն ինքնին ռիսկի գործոն է տարբեր հիվանդությունների համար։

Հոգեկան առողջություն

Կլիմայական ծայրահեղ պայմաններն ու տարերային աղետները սթրեսային են մարդկանց համար․ դրանք  հետտրավմատիկ խանգարումների, տագնապի և հոգեկան այլ խնդիրների պատճառ կարող են դառնալ։ Ծայրահեղ շոգը նշանակալի ազդեցություն ունի հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մտավոր առողջության վրա։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով, խնքնասպանությունների քանակն ավելանում է ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ։

Ենթադրվում է, որ կլիմայական փոփոխություններն ու ջերմաստիճանի բարձրացումը բացասաբար են ազդում դեպրեսիայի և հոգեկան այլ խանգարումների վրա։ Դրանք նաև կարող են փոփոխել օրգանիզմում որոշ դեղամիջոցների ազդեցությունը, օրինակ՝ շիզոֆրենիայի դեմ պայքարող դեղորայքի։ Ծայրահեղ բարձր ջերմաստիճանը կարող է խաթարել մարդու՝ սեփական մարմնի ջերմաստիճանը կարգավորելու ունակությունը։

Վարակիչ հիվանդություններ

ԱՀԿ-ի տվյալներով՝ կլիմայի փոփոխությունը միջատների և ջրի միջոցով փոխանցվող վարակների աճի պատճառ կդառնա։

Ջերմային ու եղանակային պայմանները

Ջերմաստիճանի բարձրացումը կարող է առողջական լուրջ խնդիրների վատթարացման կամ զարգացման պատճառ դառնալ։ Ուժեղ շոգի երկարատև ազդեցությունը կարող է առաջացնել՝

  • ջերմային հարված,
  • ջերմային հյուծվածություն,
  • մկանային ջղակծկումներ,
  • շնչառական և սրտային հիվանդությունների սրում,
  • մահ։

Եղանակային փոփոխություններն ազդում են աշխարհի ողջ բնակչության վրա, սակայն դրանց նկատմամբ առավել խոցելի են մարդկանց հետևյալ խմբերը՝

  • երեխաներ,
  • տարեց մարդիկ,
  • քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ,
  • տնտեսական ցածր կայունություն ունեցող մարդիկ,
  • քաղաքաբնակներ,
  • սոցիալական մեկուսացման մեջ գտնվող մարդիկ։

Օդի աղտոտվածություն

Օդի աղտոտվածությունը գնալով աճում է՝ մեծ վտանգ ներկայացնելով հանրային առողջության համար։ Օդում փոշու, վնասակար մասնիկների թույլատրելի խտությունների գերազանցումը կարող է առաջացնել կամ վատթարացնել առողջական մի շարք խնդիրներ, որոնք են՝

  • ասթմա,
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,
  • հազ, կոկորդի գրգռվածություն,
  • թոքաբորբ,
  • թոքի քաղցկեղ
  • սրտի կաթված և այլն։

Ալերգեններ

Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է ալերգենների ավելացմանը՝ որոշ մարդկանց շրջանում առաջացնելով
ալերգենների նկատմամբ գերզգայնություն, ասթմա, ասթմայի ավելի երկարատև նոպաներ, շնչառական խնդիրների վատթարացում։

Ջերմային բարձր ֆոնն ու տեղումների առատությունը խոնավության, սնկերի ու բորբոսի աճ են առաջացնում՝ բերելով, օրինակ, շնչառական խնդիրների։

Սննդի անվտանգություն

Եղանակային փոփոխություններն ազդում են բերքի և սննդի արտադրության վրա, դրա հետևանքով առաջացող գնաճն ու որոշ մթերքների անհասանելիությունը կարող են հանգեցնել սովի, թերսնուցման և ճարպակալման։ Դրանից բացի, կլիմայական փոփոխությունները կարող են ազդել հենց մթերքների սննդային որակների վրա․ ինչպես կանխատեսում են փորձագետները, մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի ավելացումն ու հողի կազմում սննդանյութերի բաղադրության փոփոխությունները կարող են նվազեցնել շատ մթերքների սննդային արժեքը։

Մոլախոտերի և վնասատուների հավանական աճը կարող է բերել ավելի մեծ քանակով հերբիցիդների ու պեստիցիդների օգտագործման, իսկ այդ նյութերը թունավոր ազդեցություն ունեն նաև մարդկանց համար։

Զարգացման և նյարդաբանական խնդիրներ

Շրջակա միջավայրի թունանյութերի ազդեցությունը և եղանակային պայմանների հետ կապված սթրեսը բացասաբար են ազդում նաև նյարդաբանական առողջության վրա։

Որոշ գիտնականներ համարում են, որ շրջակա միջավայրի գործոնները իրենց դերն ունեն Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդությունների զարգացման գործում։

Ջրում և սննդում առկա թունավոր նյութերը նաև կարող են ազդել զարգացող պտղի առողջության վրա․ օրինակ՝ կլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել վնասակար ջրիմուռների աճին, ինչը մեծացնում է ձկնեղենի և ծովամթերքի կազմում բիոտոքսինների քանակը։ Ծովամթերքի կազմում առկա ծանր մետաղները, ինչպիսիք են սնդիկն ու կապարը, կարող են հանգեցնել պտղի զարգացման խնդիրների։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրներից՝ Medical News Today, ԱՀԿ

Գլխավոր լուսանկարը՝ Robert Lang Photography/Getty Images

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31