Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական կոչվող ոստիկանությունը հայ մարդ է բռնում… Արցախի դրոշը ծածանելու համար․ «Փաստ»

Հուլիս 25,2023 09:00

Կալանավորված ու ոչ իշխանական իրավապաշտպանների բնորոշմամբ՝ «քաղաքական պատճառներով բանտարկված» քաղաքապետ ունեցող քաղաքում Փաշինյանի կառավարության կողմից նշանակված համայնքային իշխանությունը մի ճոխ համերգ էր կազմակերպել: Այստեղ էլ «փայլատակեց» ոստիկանությունը՝ բերման ենթարկելով մի համարձակ երիտասարդի, որը համերգային բեմից ծածանել էր Արցախի դրոշը: Հասկանո՞ւմ եք, չէ՞, բարոյական անկման անսահմանության աստիճանն ու խայտառակության անչափելի խորությունը. Արցախյան շարժման ժամանակ ամենից ակտիվներից մեկը համարվող Վանաձորում՝ Լոռու մարզկենտրոնի «Արցախ» պուրակից ոչ հեռու, հայկական կոչվող ոստիկանությունը հայ մարդ է բռնում… Արցախի դրոշը ծածանելու համար: Երևի հաջորդ փուլում արդեն կսկսեն մարդկանց թևերը ոլորել... հայերեն խոսելու համար…

Ի դեպ, ընդհանրապես «փառատոնների» մասին: Դրանց հիմնական նախաձեռնողը ԿԳՄՍՆ-ն է: Այսինքն, այդ «փառատոնների» հարցը գոնե ԿԳՄՍՆ-ի մասով կազմակերպվածները հատուկ, պետականորեն, ավելի ճիշտ՝ իշխանության կողմից նպատակային իրականացվող գործողություններ են: Եթե ԿԳՄՍՆ-ն էլ «արանքում» չկա, քպական համայնքապետները մի բան անպայման մոգոնում են՝ ճոխ սեղանով-բանով… Բարոյական առումով՝ զրոյական կետ: Մարդկային առումով՝ զրոյական կետ: Ազգային առումով՝ մինուս անվերջություն: Ի դեպ, համատարած անբարոյականության խորապատկերում որոշ միջոցառումներ չեղարկվեցին՝ նկատի ունենալով պաշարված Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը: Այսինքն, կան առանձին վերցրած անհատներ, կազմակերպություններ, որոնք իրենց առաջին հերթին մարդավարի են պահում: Ու հետաքրքիր է, որ դրանք բոլորն էլ իշխանության հետ կապ չունեցողներ են:

Եվ այդ ֆոնին է՛լ ավելի է ընդգծվում իշխանության ու նրա սազանդարների ծայրահեղ անամոթությունն ու անբարոյականությունը: Ի դեպ, այդ՝ «իշխանության բարձր հովանու» ներքո անցկացվող փառատոնների հետ կապված առանձին ուշադրություն գրավեց այն, որ, այսպես ասած, երաժշտական մասից զատ, հատուկ ընդգծվում է ձրի ուտել-խմելու հնարավորությունը: Ընդ որում՝ այդ սեղանները հատուկ ցուցադրելով, լուսաբանելով… Սա բացահայտ ծաղր է ու ձեռառնոցի: Բացա-հայտ: Այս ամենը գնահատելու, որակելու համար երբեմն կոռեկտության սահմաններում տեղավորվող բառերը չեն բավականացնում: Լավ, ի՞նչ անուն տաս նման փառատոններ կազմակերպողներին: Արցախում մեր հայ երեխաները կիսաքաղց են, հղի կանայք թերսնման պատճառով կորցնում են երեխային, ծերունիները սովից ուշաթափվում են, թշնամին ամեն պահի ոչ միայն սպառնում, այլև կրակում է ու կյանքեր խլում…

Իսկ Երևանում, Վանաձորում, չգիտեմ էլ որտեղ տաշի-տուշի են անում, «պիվա» են խմում, խորոված ու չգիտես ինչեր են համտեսում… Սա ի՞նչ է, եթե ոչ հենց միտումնավոր կերպով, իշխանությունների անմիջական հրահանգով իրականացվող բարոյազրկման արշավանք: Անփառունակ… «փառատոնացավ»: Ոգու սո՛վ: Ի՞նչ հեռահար նպատակներով, կարելի է միայն ենթադրել…

 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31