Լրահոս
Օրվա լրահոսը

Վհատությունը մահացու մեղք է

Հուլիս 25,2023 10:00

Երեւանում շարունակվում են սակավամարդ բողոքի ակցիաները, որոնց նպատակն  է մարդկանց ուշադրությունը հրավիրել Արցախի աղետալի վիճակի վրա: Ո՞ւմ ուշադրության մասին է խոսքը: Կարծում եմ, գլխավոր հասցեատերը հենց հայերն են՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում ապրող: Որքան էլ դա արտառոց թվա՝ մեր տեղեկատվական դարում, մարդկանց մեծ  մասը պատկերացում չունի, թե ինչ զրկանքներ են կրում մեր հայրենակիցներն Արցախում: Շատերն այստեղ՝ Հայաստանում, կամա թե ակամա կրկնում են ադրբեջանական քարոզչական թեզերն այն մասին, որ հումանիտար աղետի մասին լուրերը չափազանցված են, եւ արցախցիներն այնտեղ շատ նորմալ էլ ապրում են: Հայաստանցիների մեծամասնության ջայլամային դիրքն, անշուշտ, իրենց համար հոգեբանական հարմարավետություն է ստեղծում, օգնում է ապրել սովորական-առօրյա կյանքով:

Կան նաեւ հայեր, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում Արցախում, բայց, իրենք իրենց չխոստովանելով, որոշակի բավարարվածություն են զգում դրանից, որովհետեւ այդ այլասերված ձեւով «վրեժ են լուծում» նախորդ 30 տարիների իրենց նեղությունների համար: Ինչպես գրել էի նախորդ հոդվածում, այդ մարդիկ ներկայիս իշխանությունների «միջուկային ընտրազանգվածն» են:

Ինչի՞ համար են այդ բոլոր ցույցերն այսօր պետք: Դրանց իմաստը ես տեսնում եմ նախեւառաջ նրանում, որ մենք ապացուցում ենք ինքներս մեզ եւ ամբողջ աշխարհին, որ չենք կորցրել ազգային արժանապատվությունը: (2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճիշտ հակառակի մասին էին վկայում): Եթե որեւէ ազգ անտարբեր հետեւում է 120 հազար հայրենակիցների բնաջնջմանը, ի՞նչ են այդ ազգի մասին մտածում օտարները, ի՞նչ են իրենց մասին մտածում հենց իրենք՝ այդ ազգի ներկայացուցիչները:

Իսկ եթե Երեւանի փողոցներում մի քանի հարյուր հազար մարդ հայտնվի՝ Արցախն ապաշրջափակելու պահանջով, դա կունենա առնվազն երկու հետեւանք.

1/ աշխարհում կհասկանան, որ այստեղ մարդիկ են ապրում, որոնք պատրաստ չեն հաշտվել ազգային նվաստացման հետ,

2/ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ նրանք կա՛մ պետք է հրաժարվեն ամեն ինչ հանձնելու քաղաքականությունից, կա՛մ պետք է հեռանան:

Ամենասխալ, ամենադատապարտելի դիրքորոշումն է՝ «ամեն ինչ անհույս է, ոչ մի բան հնարավոր չէ անել, ավելի լավ է՝ խելոք նստենք, գուցե այդ դեպքում մեզ չեն կոտորի»: Ծանոթ դիրքորոշում է, այսպես չէ՞:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Պարոն Աբրահամյան, իրավացի եք` *ամեն ինչ անհույս է, ոչ մի բան հնարավոր չէ անել, ավելի լավ է՝ խելոք նստենք, գուցե այդ դեպքում մեզ չեն կոտորի* ամենասխալ դիրքորոշումն է:

    Ահա նույն դիրքորոշումը մատուցված ավելի խորամանկ ձևով`
    *Դուք կասկած ունե՞ք, որ եթե Արցախում ապրելն անհնար դառնա, բնակչությունը ստիպված կլինի լքել այն։ Անկախ մեր ցանկություններից։* Հեղինակ` Nimar:

    Այս ձևակերպումը ինձ հիշեցրեց Հիտլերի հարցը *Ով է հիշում այսօր հայերի…*

    Եթե լինեին պատասխանողներ “Ես հիշում եմ”, Holocost գուցե չլիներ: Կարևոր է որ Nimar-ին լինի պատասխանող *Ես կասկածում եմ*:

    Մեկ անձի` Է.Զոլյայի, նամակ-հոդվածը որոշեց Դրեյֆուսի անմեղությունը: Այնպես որ հարյուր հազարավոր մարդիկ չեն պետք Երևանի փողոցներում: Բավական է մեկը Զոլյայի *քաշային կատեգորիայում* բողոք-նամակ գրի: Օրինակ, Է.Մասկը, կամ Հ. Քիսսինջերը…

    Ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանությույնների հասկանալուն…Անհույս է ակնկալել որ Հայաստանի իշխանությունը *հասկանալով իրավիճակը* կհրաժարվի կամ կհեռանա: Անցած 5 տարին ցուցադրեցին, որ իրենց կյանքը ձուլել են իրենց իշխանությանը: Երևի հենց սկզբից այդպես նախագծեցին ու արեցին քայլեր այնպիսի, որ նահանջը անհնար լինի: Սխալները չեն *հասկանալու* և չեն նահանջելու: Մեղք չկա, չկա պատասխանատվություն:

    Վստահելու մասին` *Եթե ինձ տաք վեց տող, որոնք գրված են ամենա ազնիվ մարդու ձեռքով, ես կգտնեմ նրանց մեջ ինչ-որ բան, որը կախելու է նրան: Կարդինալ Ռիշելիո

  2. Լավատես says:

    Պատասխանատվություն նշանակում է սուբյեկտ, անիմաստ է օբյեկտից պահանջել պատասխանատվություն: Ընտանիքի հայրը պատասխանատվություն է կրում իր ընտանիքի համար եւ եթե իր ընտանիքը սոված է, նա իրեն պապեպատ է տալիս, որ իր երեխաներին կերակրի: Բայց նույն հայրը միշտ չի, որ կարող է օգնել նաեւ հարեւանի երեխաներին, երբ նրանք էլ են սոված, ի՞նչ պետք է անեն այդ երկու ընտանիքների հայրերը, պետք է նստեն մի սեղանի շուրջ, խելք խելքի տան, իրենց միջից ընտրեն հրամանատար եւ ենթարկվեն իրենց հրամանատարին: Հայը մի ճակատագիր ունի, նույնը սպասվում է մեր մյուս հայ շրջաններին, Արցախի ընտանիքների հայրերը թող օրինակ ծառայեն մեր մյուս բոլոր շրջանների ընտանիքների հայրերին: Արցախի հայրեր, հայ ազգի ճակատագիրը ձեր ձեռքում է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31