CivilNet. Լրատվամիջոցներում հուլիսի 22-ին տեղեկություն տարածվեց, թե գլխավոր դատախազության կայքից հեռացվել է Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող փաստական նյութեր պարունակող բաժինը։
Տեղեկության սկզբնաղբուրը «Փաստինֆո» լրատվական կայքն է։ Լուրը արտատպել են news.am, analitik.am, yerkir.am, lragir.am, lurer.com, aysor.am, asekose.am, panorama.am և մի շարք այլ լրատվական կայքեր։
Խնդիրը առաջացել էր կայքի նորացման պատճառով․ բաժինն արդեն հասանելի է
Խորհրդային Ադրբեջանում 1980-ականների վերջին բնակվող հայերի նկատմամբ զանգվածային բռնության փաստերի վերաբերյալ արխիվային քրեական գործերի բաժինը ներկայում հասանելի է դատախազության նորացված կայքում։
Կարդացեք նաև
CivilNetCheck-ը ուսումնասիրեց կայքի արխիվային տարբերակները (քեշերը) և պարզեց, որ ադրբեջանական ոճրագործությունների վերաբերյալ էջը հասանելի է եղել լրատվամիջոցների կողմից լուրի հրապարակման դեռ նախորդ օրը։ Այսպես, ըստ Google և Bing որոնողական համակարգերի, բաժինը նորացված կայքեջում հասանելի է եղել առնվազն հուլիսի 21-ին, այնինչ լուրը լրատվամիջոցները հրապարակել են հուլիսի 22-ին։
Ըստ էության, դատախազության կայքի նախորդ տարբերակում հղումն իրոք այլևս չի գործում, սակայն կայքի նորացված տարբերակում ներկայում հասանելի են և՛ նախագծի վերաբերյալ նկարարագրությունը, և՛ գործի նյութերը։
Դատախազության պարզաբանումը
Դատախազությունից CivilNetCheck-ին հայտնեցին, որ դատախազության կայքը վերափոխվել է և նոր տեսք է ստացել, որի մասին պաշտոնապես հայտարարվել էր։ Արդյունքում որոշ ժամանակ կայքից մի շարք բաժիններ բացակայել են։
Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ դատախազության նորացված կայքում առկա են Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի առթիվ քննված գործի նյութերը: Ըստ դատախազի խորհրդականի՝ տեղեկությունը տարածած լրատվամիջոցին գրավոր տրամադրվել էր կայքում հասանելի էջի հղումը, որը լրատվամիջոցը չի ներառել իր նյութում։
«Լրատվական կայքերից մեկում հրապարակված և այլ լրատվականներում արտատպված ապատեղեկատվությունը, որի համաձայն «Դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը», որակում եմ որպես դիտավորություն, քանի որ հարցում արած լրագրողին տրվել է Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանը, որում ներառված է եղել նաև այդ բաժնի հղումը, որն «անհայտ պատճառներով» հոդվածում ամբողջապես չի հրապարակվել»,- հայտնեց Մարտիրոսյանը։