Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատախազության բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ գրավի կիրառումը թույլատրելի է ճանաչել , եւ գրավի գումար է սահմանել 10 մլն դրամը:
«Մեր բողոքը, սակայն մերժվել է, մեր բողոքը հիմնավոր կասկածի հետ էր կապված, մենք գտել ենք, որ հիմնավոր կասկած ընդհանրապես Վիտալի Բալասանյանի պարագայում առկա չէ, իսկ դատախազությունը գտել է, որ հիմնավոր կասկած կա եւ կալանավորման բոլոր հիմքերն առկա են: Այսինքն նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պետք է լինի անազատության հետ կապված տեսակով: Բայց միեւնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը եւ բավարարել է, եւ այնուամենայնիվ թույլատրելի է ճանաչել»,-ասաց փաստաբանը:
Մեր հարցին՝ արդյոք պատահականությո՞ւն է, որ դատական նիստի օրը համընկել է Ակնայի (Աղդամ) ազատագրման օրվա հետ, որտեղ մեծ դերակատարություն է ունեցել Վիտալի Բալասանյանը, Ռաֆայել Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Ակնայի ազատագրմանը առաջին մասնակցությունը դրված է եղել հենց Վիտալի Բալասանյանի վրա, չգիտեմ՝ ինչքանով է դա զուգադիպել, այնուամենայնիվ չեմ տեսնում մի մտահղացում, որ այդ դատական նիստը պետք է կապված լինի Ակնայի ազատագրման օրվա հետ, որովհետեւ դատական քննությունը սկիզբ է առել շուրջ 10 օր առաջ: Չեմ կարծում, թե հաշվենկատ են եղել, որ հենց այդ օրը դատական նիստ լինի եւ կիրառեն խափանման միջոցի այդ տեսակը»:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանին մեղադրանք էր առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար: Վիտալի Բալասանյանը ձերբակալվեր էր հուլիսի 14-ին, իսկ հուլիսի 17-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը․ Բալասանյանն ազատ է արձակվել։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ