Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Սոյուդլու գյուղում բնապահպանական ցույցերը ճնշելու եւ ձերբակալությունների վերաբերյալ

Հուլիս 24,2023 22:55

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի ներքին գործերի նախարարին նամակ է հղել, որում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած բնապահպանական ցույցերը ճնշելու եւ ձերբակալությունների վերաբերյալ։

Միյատովիչն իր նամակում ասել է, որ ոստիկանության՝ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի եւ հատուկ տեխնիկայի կիրառումը մարդու իրավունքների լուրջ խախտում է։

Հայաստանի Ճամբարակի շրջանին սահմանակից Սոյուդլու գյուղի բնակիչների բողոքի ցույցերը սկսվել են հունիսի վերջին, այն բանից հետո, երբ ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը որոշել է գյուղի արտովայրերի տարածքում եւս մեկ պոչամբար կառուցել, քանի որ գործողն արդեն ամբողջությամբ լցված է պոչանքներով։ Ցույցի մասնակիցներն ասել են, որ քիմիական մշակումից հետո պոչանքի հոսքի համար հանքավայրի տարածքում մի քանի տարի առաջ կառուցվել է ջրամբար, որտեղ լցվում են թթվային ջրերը։

Բնակիչները դժգոհել են, որ պոչամբարում թունավոր նյութերի կուտակումը վտանգում է իրենց առողջությունը, գյուղացիների մոտ ավելացել են ուռուցքաբանական հիվանդությունները։

Ոստիկանությունը հատուկ միջոցներով ցրել է բողոքի ցույցերը, օգտագործվել է հատուկ տեխնիկա, մահակներ եւ արցունքաբեր գազ, կան տուժածներ, ձերբակալվել է 11 անձ։

Պետական հանձնաժողովը տեղում ուսումնասիրություն է կատարել եւ եզրակացրել՝ օդում վտանգավոր նյութեր չկան, շրջակա միջավայրում ցիանիդի հետքեր չկան։

Գետաբեկի հանքավայրը 2009 թվականից շահագործում է բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը։

Civilnet –ը գրել է, որ անցած տարվա հուլիսին Ադրբեջանի կառավարությունը գործարք է կնքել բրիտանական Anglo Asian Mining ընկերության հետ ու կոնցեսիոն պայմանագրով մի շարք հանքերի, ներառյալ Արցախի Կաշենի հանքի շահագործումը հանձնել ընկերությանը՝ 3 մլրդ դոլարի դիմաց։ Կաշենի հանքավայրն արդեն իսկ շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ մեթըլս» ընկերությունը։

Անցած տարվա դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական խնդիրների պատրվակով փակեցին Լաչինի միջանցքը, որը մինչ այսօր փակ է։ Ադրբեջանցի ֆեյք էկոակտվիստները Լաչինի միջանցքում ամիսներով ցույցեր էին անում, նրանք պահանջում էին դադարեցնել Կաշենի հանքի շահագործումը։

Հատկանշական է, որ Սոյուդլուի բնապահպանական խնդիրներով ադրբեջանցի ֆեյք կամ իրական էկոկտիվիստներն առանձնապես չեն էլ հետաքրքրվել։

Anglo Asian Mining հանքարդյունաբերական այս ընկերության գործունեությունը Ադրբեջանի կառավարությունը կասեցրել է, չնայած պաշտոնապես հայտնել են, որ շրջակա միջավայրին ընկերության գործունեությունը վնաս չի հասցրել։ Ադրբեջանական Սոյուդլու գյուղ մուտքը սահմանափակված է հունիսի 22-ին, գյուղ կարող են մուտք գործել միայն տեղի գրանցում ունեցողները։

 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31