«Մենք բավական երկար ժամանակ դիտարկում էինք գործընթացը եւ հիմա էլ այն կարծիքին ենք, որ առավել ճիշտ կլիներ միասնական շարժում ձեւավորել, բոլոր ռեսուրսներն օգտագործել՝ զարգացումները մղելով իշխանափոխության գործընթաց սկսելու դաշտ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Միասին» հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ իրենց դիրքորոշումը՝ որպեսզի ազգային եւ քաղաքական խնդիրները կարողանանք կարգավորել, այս իշխանությունը պետք է հեռանա, մնում է օրակարգում:
«Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր միացել են «ՀայաՔվեի» ստորագրահավաքին: Ստորագրահավաքին միանալու նպատակն է՝ ստորագրահավաքին նոր թափ հաղորդելը, գործընթացը չտապալելը:
«Թագուհի Թովմասյանը հայտարարում է, որ ինքը 500 հազարից ավել ստորագրություններ է հավաքել. այսինքն՝ Արցախի հետ կապված խնդիրը պարզ է, այն տեսանկյունից, որ հանրաքվե լինի, թե՝ ոչ, արդեն իսկ այն փաստը, որ 500 հազարից ավելի մարդ ստորագրել է, որ Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմում, խոսում է այն մասին, որ հայ ժողովրդի մի մասը, Հայաստանի բնակիչների մեծամասնությունը, դեմ է այս կառավարության որոշմանը, նրա քաղաքականությանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ճիշտ կլինի, որպեսզի ընդդիմադիր դաշտը՝ ճիշտ օգտագործի այս կատարած աշխատանքը՝ միջազգային ասպարեզում այն ներկայացնելու առումով:
Ըստ մեր զրուցակցի, եթե այդքան մարդ ստորագրել է, ապա անգամ դրա 10 տոկոսի միավորումը բավական լուրջ կլինի եւ իշխանությունը պարտադրված կլինի լսել նրանց ձայնը:
Կարդացեք նաև
Խոսելով այս օրերին Հայաստանում եւ Արցախում ընթացող շարժումների մասին, որոնք ուղղված են միջազգային հանրությանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը կանխելուն, մեր զրուցակիցն ասաց, որ որեւէ միջազգային կառույցից կամ որեւէ պետությունից գործնական ակնկալիք ունենալը՝ անպտուղ է, քանի որ Ադրբեջանին պատժելու, պարտադրելու քայլեր չեն լինելու, այլ միայն դեմագոգիկ կոչեր, հորդորներ եւ պահանջներ են հնչելու. «Բոլորը հասկանում են, թե ինչ վիճակում է 120 հազար մարդը Արցախում եւ ոչ թե կոչեր պիտի հնչեին, այլ համապատասխան միջոցներ ձեռնարկվեին՝ Հաագայի դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը անհապաղ բացելու վերաբերյալ, կատարելու:
Անտոնիո Գութերեշը ոչ թե պետք է հայտարարի, որ ինքը մտահոգված է, այլ պետք է ՄԱԿ-ի ԱԽ նիստ նախաձեռներ, որը ի կատար կածեր դատարանի վճիռը: Այն, ինչը որ անում է Նիկոլ Փաշինյան կոչվածը՝ իմիտացիա է. մի կողմից հայտարարում է, թե Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, մյուս կողմից՝ մտնում է Ադրբեջանի համապատասխան տեղը՝ թե խաղաղության է հաստատում: Իմ պատկերացմամբ, որպեսզի մենք կարողանանք շատ արագ ներազդել այս իրավիճակի վրա, դա ազգի միասնությունն է եւ քանի որ ընդդիմադիր դաշտը չի կարողանում հասնել այդ միավորմանը, հետեւաբար, մնում է միակ տարբերակը. կա ինստիտուցիոնալ մի մարմին՝ Հայ առաքելական եկեղեցին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Արամ առաջինի գլխավորությամբ: Նրանք են, որ կարող են ձեւավորել ազգային միասնություն: Իմ պատկերացմամբ, պետք է ձեւավորվի Արցախի օգնության հիմնադրամ, որը որ ոչ միայն ֆինանսական հարցերով կզբաղվի, այլ շատ ավելի լուրջ՝ պաշտպանական ոլորտի ձեւավորման ու դրան զուգահեռ, պետք է համայն հայության այդ կառույցի կողմից, որպես հայ ժողովրդի լիազոր ներկայացուցիչներ, ճանաչել Արցախի անկախությունը՝ առցանց կոնֆերանսի ժամանակ»:
«Միասին» շարժման անդամներն այս առաջարկները ներկայացնելու համար դիմել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, սպասում են հանդիպմանը:
Հարցին՝ տեւական ժամանակ է շարժման անդամները հայտարարում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է ստանձնի ազգին միավորելու առաքելությունը, ինչո՞ւ է նա հապաղում, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ իր պատկերացմամբ, Վեհափառը դա կարող է անել մեկ պարագայում, երբ նրան դիմեն շատ ավելի լայն շրջանակներ, ասենք, թեմերի առաջնորդների գլխավորությամբ՝ բոլոր համայնքները, հիմնական քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, Սփյուռքի կառույցները: Այլապես, մեկ կամ մի քանի կազմակերպության կոչին արձագանքելը լուրջ չի լինի: Արամ Սարգսյանն ուշադրություն է հրավիրում Վեհափառի հայտարարություններին. նա մնում է իր պահանջին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, նա հստակ հայտարարել է, որ չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում եւ եթե ցանկանում ենք, որ Վեհափառը քայլ անի, պետք է մեծաքանակ դիմումներով դիմենք նրան եւ Արամ Ա-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ