Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 24-ին, ընդունել է Հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին։ Հանդիպմանը ևս 2 ուսանող միացել է Արցախից՝ Zoom հարթակի միջոցով։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի մանդատը, կառույցի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները։ Նա ուսանողներին պարզաբանել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու, անհատի իրավունքները պաշտպանելն է, եթե պետական մարմինները խախտում են դրանք։
«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում հենց սա է: Շատ կարևոր է, որ այս մեթոդաբանությունը մենք բոլորս ճիշտ հասկանանք և ընկալենք։ Դա կարևոր է նաև միջազգային հարթակներում ճիշտ և արդյունավետ աշխատանքի տեսանկյունից»,- ասել է Պաշտպանը։
Հարց-պատասխան ձևաչափով անցկացված քննարկման ժամանակ ուսանողներն ուղղել են ոլորտային մի շարք հարցեր, որոնցից յուրաքանչյուրին Պաշտպանը մանրամասն պատասխանել է։
Կարդացեք նաև
Ուսանողների հետ քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Արցախի և ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումները, Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները միջազգային ասպարեզում, ինչպես նաև Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյաց քաղաքականությունը։
Պաշտպանն անդրադարձել է նաև հանրային հաղորդակցության մեջ անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումներին․
«Խտրականությունը և ատելության խոսքը չափազանց վտանգավոր երևույթներ են։ Մասնավորապես այն մարդիկ, ովքեր ունեն մոդելային վարքագիծ և օրինակ են հասարակության համար, պետք է բացառեն նման խոսույթի կիրառումը։ Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բոլորս կարողանանք համերաշխ ապրել։ Չպետք է թույլ տանք, որ ձնագնդու էֆեկտով այդ խնդիրներն ավելի մեծանան և խորանան»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ թեև հակակոռուպցիոն ոլորտի հարցերը իր մանդատի շրջանակում մեծ ծավալ չեն զբաղեցնում, բայց և´ ընդհանուր միջավայրի ձևավորման, և´ գործառույթների տեսանկյունից նման քննարկումները շատ կարևոր են։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան