Սահմանամերձ Կոթի գյուղում օրերս բացվեց գյուղի բնակիչների համար երկար սպասված առաջին մանկական պուրակը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։ Խաղահամալիրներով, սահարաններով և մարզասարքերով հագեցած մանկական պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը, կարևորելով այգու կառուցումը, նշեց, որ որոշ ժամանակ առաջ բնակիչների համար երազանքի նման էր նման վայր ունենալը։
«Սահմանամերձ գյուղ է, մարդիկ զբաղմունքի խնդիր ունեն։ Հատկապես երեխաներն ու երիտասարդներն են շատ ուրախացել, դե նման այգի շատ էր հարկավոր։ Բոլորիս երազանքն իրականություն է դարձել, մենք հիմա ունենք կահավորված ու գեղեցիկ, մաքուր պուրակ։ Կոթին շատ լավ զավակներ ունի, այդ թվում Սամսոն Սարատիկյանը։ Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանից դուրս, բայց մշտապես աջակցել է Կոթիում տարբեր կրթական, մշակութային ծրագրերի իրականացմանը։ Պուրակի բացման օրն ավելի նշանավոր դարձնելու համար մենք որոշեցինք նաեւ գյուղի օր նշել»,- նշեց Հախվերդյանը։
Կոթի բնակավայրի բարգավաճման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Սամսոն Սարատիկյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում։ Պուրակի անունն էլ պատահական չէ ընտրված «Եղբայրական»։
Նա ասաց, որ մտածում են նաև որևէ արտադրություն սկսել այստեղ, որ աշխատատեղ լինեն, մարդիկ զբաղվածություն ունենան ու չհեռանան Կոթիից
Այս տարվանից սկսված յուրաքանչյուր Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։ Տավուշի մարզի Կոթի գյուղը Հայաստանի հյուսիսարևելյան տարածաշրջանի ամենանշանավոր բնակավայրերից է, որի բնակիչներն անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի քաղաքական, մշակութային, կրոնական և պաշտպանական կյանքի և պայքարի անցուդարձերին։
Արմենուհի ԱՐԱՄՅԱՆ