Լրահոս
Օրվա լրահոսը

Նիլս Սքոթը վստահեցրեց՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակը

Հուլիս 24,2023 18:02

Քիչ առաջ ավարտվեց «ԲԱՑՈՒՄ» նախաձեռնության հանդիպումը ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթի հետ՝ վերջինիս հրավերով։

Հանդիպմանը մասնակցեցին նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամներ Նարեկ Այվազյանը, Արման Վարդանյանը և նախաձեռնության համակիր Սեդա Գրիգորյանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ին ներկայացված դիմում-նամակում նախաձեռնությունը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել պարոն Սքոթի հետ և քննարկել Արցախում սաստկացող մարդասիրական ճգնաժամը կանգնեցնելու հնարավոր ուղիներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև հավաքագրվող պարենի տեղափոխումն Արցախ։

Նիլս Սքոթը լսեց քաղաքացիներին, ովքեր ներկայացրեցին Արցախում տիրող և օր-օրի սրվող հումանիտար ճգնաժամը, դրա նախադրյալներն ու հնարավոր հեռանկարները։ Զրույցի ընթացքում երկու կողմերը հղումներ կատարեցին ՄԱԿ կանոնադրությանը, Մարդու իրավունքների միջազգային դատարանի վճիռներին և այլ իրավարար փաստաթղթերի, որոնք հիմք են տալիս փաստել, որ Բերձորի (Լաչինի) միջանցքն ապօրինաբար փակված է, ինչը հանգեցրել է Արցախի շրջափակման։

Նիլս Սքոթը վստահեցրեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակն ու հետևողականորեն ներկայացնում է այն Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։ Նրա խոսքերով, որպես քաղաքականապես չեզոք կառույց՝ ՄԱԿ-ը նպատակ ունի հնարավորինս հավաստի փաստական տեղեկատվություն հավաքագրել, ինչը սովորաբար իրականացնում են կոնֆլիկտային գոտիներում գործող իրենց գրասենյակների կողմից, ինչպիսին, ցավոք, Արցախում գոյություն չունի։ Այս առումով, նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցել Արցախից հավաստի փաստական տեղեկատվություն հավաքելու ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցելու գործում՝ որպես հավելյալ վստահելի աղբյուր։

Քաղաքացիները շեշտեցին, որ շարունակելու են պարենի հավաքագրման, իրազեկման գործողությունները՝ մեծացնելով ճնշումը տեղական ու միջազգային գործող դերակատարների վրա։ Նիլս Սքոթը պատրաստակամություն հայտնեց փոխադարձ հաղորդակցությունն ու քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական դարձնել։

Մտքերի և առաջարկների փոխանակումից հետո Նիլս Սքոթը քաղաքացիների հետ դուրս եկավ ՄԱԿ-ի գրասենյակի շենքից, ինչը բակում հավաք իրականացնող քաղաքացիները ողջունեցին ծափերով՝ ի նշան շարունակական երկխոսության ու փոխգործակցության կարևորության։ Հանդիպման մասնակիցները նախաձեռնության համակիրներին նաև փոխանցեցին Սքոթի խնդրանքը՝ անձնապես չթիրախավորել և չվիրավորել ՄԱԿ աշխատակից մեր հայրենակիցներին, ընդհանուր կոչերի ոգով շարունակել հասցեագրել նրանց։

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31