Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ն մտահոգված է Լաչինի հարցով. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչն է փոխանցել Էդուարդ Շարմազանովին

Հուլիս 24,2023 18:06

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակ-կոչը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրների ղեկավարներին, այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին փոխանցեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ դեսպանը Հայաստանում չէ եւ ինքը հանդիպել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Մաքսիմ Սելեզնյովի հետ: Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է Սերժ Սարգսյանի նամակի բովանդակությունը եւ ՀՀԿ-ի դիրքորոշումը:

ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը իր հերթին ասել է, որ իր երկիրը մտահոգված է Լաչինի միջանցքի եւ, առհասարակ, ստեղծված իրավիճակի համար եւ վաղը՝ Մոսկվայում նախատեսված Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումներին ընդառաջ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը այդ հարցերը ներկայացնելու է:

«Ես հասկանում եմ, որ Դոնբասում խնդիր է, Ղրիմում խնդիր է, բայց Արցախում տարրական ապրելու խնդիր է, որեւէ մեկի արյունը Արցախի ժողովրդի արյունից կարմիր չի, որեւէ մեկն ավելի անկախ ապրելու իրավունք չունի, քան Արցախի հերոսական ժողովուրդը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ բոլորով պետք է ոտքի կանգնենք եւ հեռացնենք այս ամենի թիվ մեկ խոչընդոտին:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ-ականները այսօր ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին փոխանցեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որում նա համանախագահ երկրների ղեկավարներին խնդրում էր կանխել Արցախում հումանիտար աղետը եւ հնարավոր նոր ցեղասպանությունը:

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ե՞րբ ականատես կլինենք իրական հանրային գործընթացների՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար, քանի որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման կազմակերպիչներն այդպես էլ դրա իրական մեղավորների անունները չեն հնչեցնում, պատասխանեց, որ անգամ տարբեր դեսպանատների, միջազգային կառույցների առջեւ բողոքի ցույցերը եթե հստակ չեն, լղոզված են, ապա դրանց արդյունավետությունը նվազում է: Ռուբեն Մելիքյանն ամբողջությամբ կիսում է Սերժ Սարգսյանի նամակի ուղերձները, քանի որ խնդիրները հստակ ներկայացված են, այդ թվում ամրագրվում է, որ այս իրավիճակի թիվ մեկ մեղավորը ՀՀ իշխանությունն է: Նաեւ՝ միջազգային պատասխանատու դերակատարները չեն կարող սահմանափակվել այն նկատառումներով, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հայտարարություններ է արել:

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Յուրաքանչյուր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ամփոփում է իր վնասակար քաղաքականության հետեւանքները եւ անցնում առաջ: Բնականաբար, թե Նիկոլ Փաշինյանը, թե իր քաղաքական թիմը, որեւէ պարագայում չեն ընդունելու իրենց մեղսակցությունը՝ այս իրավիճակի համար, բայց իրավիճակն այսպիսի բնույթ է ստացել իշխող թիմի պատճառով: Մենք հստակ պետք է արձանագրենք՝ Արցախի հարցով գործընթացը տարբեր վայրիվերումներ է ունեցել, բայց իրավիճակը ծայրահեղ սրվել է այն բանից հետո, երբ հայաստանյան իշխանությունները առաջին դեմքի բերանով հայտարարեցին, որ մտադիր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Ավելին, չսահմանափակվելով դրանով, սկսեցին հայտարարել, որ Արցախը միշտ էլ եղել է ադրբեջանական՝ իրավիճակին շատ ավելի խորը վնաս հասցնելով»:

Անկախ ՀՀ իշխանության վարած քաղաքականությունից եւ դրա հետեւանքներից, պատգամավորի համոզմամբ, հումանիտար խնդիրների համար այսօր իրենց պատասխանատվությունն ունեն միջազգային ակտորները:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի բնութագրմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը միտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի վրա. 120 հազար մարդ կանգնած է սովի եւ հումանիտար աղետի առջեւ, ինչը որեւէ քաղաքականության, անգամ հիտլերյան, տրամաբանության մեջ չի մտնում, իսկ ՀՀ ՔՊ-ական իշխանությունները այնքան անտարբեր են ստեղծված իրավիճակին, կարծես ամենն օվկիանոսից այն կողմ է կատարվում: Արտակ Զաքարյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ աշխատանքը, այդ ընթացքում ձեւավորված անձնական հարաբերությունները կօգնեն խնդրի հանգուցալուծման գործում: Արտակ Զաքարյանի գնահատմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչեւ 2018 թվականը շատ արդյունավետ է գործել եւ անկախ տարբեր հայտարարություններից, այն Արցախի հարցով զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված կառույցն է եւ ինքը հույս ունի, որ այն ինչ-որ մի պահի կակտիվանա, նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը՝ բանակցություններն առաջ տանելով հայտնի սկզբունքների հիման վրա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31