Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Մինչեւ հիմա Արցախի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի անուն տված չկան: Նույնը այստեղի հավաքի մասնակիցներն են»

Հուլիս 24,2023 17:54

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում հանգամանալից խոսեց Արցախի եւ Հայաստանի ներկայիս ճգնաժամային պայմաններում Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-ամյակը տոնելու արարողության մասին:

«Երեկ նաեւ Աղդամի (Ակնա) ազատագրման օրն էր, որն ազատագրվել էր նաեւ հայ կամավորականների, իրենց զենքի փառահեղ հաղթանակով եւ որը թշնամուն հանձնվել է առանց մեկ կրակոցի»,-ասաց պարոն Ղազարյանը նաեւ նշելով, որ դահլիճում նստած էին մարդիկ, որոնք ժամանակին ասում էին, թե Աղդամը իրենց հայրենիքն է, իսկ հիմա այդ մարդիկ չգիտես ինչու, երբ իրենց հայրենիքը, որը գրչի մեկ հարվածով հանձնվել է թշնամուն, հոբելյան են տոնում:

Անդրադառնալով ի պաշտպանություն Արցախի վերջին օրերին տեղի ունեցող հանրահավաքներին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Ցանկացած հավաք, գործողություն հիմա պետք է դիտարկել որպես դրական երեւույթ: Եթե մարդիկ հիմա ասում են, որ դուրս են եկել ի պաշտպանություն Արցախի մեր քույրերի եւ եղբայրների, ազնիվ է հնչում եւ այդ գործընթացներին մասնակցությունը, աջակցությունը ամբողջությամբ ընդունելի է:

Բայց երեկ երեկոյան Արցախի պետնախարարը հայտարարեց, որ զուգահեռ բողոքի գործողություններ կլինեն Ստեփանակերտում եւ Երեւանում՝ նշելով ժամեր: Դա նշանակում է, ինչ որ տեղի է ունենում, դրանք ոչ թե ինքնաբուխ են, այլ որոշակիորեն կազմակերպված են: Ակնհայտ է, որ այդ կազմակերպվածության հիմքը գալիս է Արցախի իշխանություններից, որոնք հանրահավաքներ, բողոքի գործողություններ են կազմակերպում նաեւ Արցախում: Դրա վառ վկայություններից մեկը նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությունն էր շաբաթ օրվա բողոքի գործողություններին, որովհետեւ Արցախի ներկայիս պետնախարարը նախկին գլխավոր դատախազն է, պաշտոնավարել է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում եւ բնական է, որ սերտ շփումներ ունեցել են: Վերջին շրջանում այս Արթուր Դավթյանին տարել էին Արցախ, որ այնտեղ գլխավոր դատախազ նշանակեն, բայց Ալիեւը չթողեց:

Մինչեւ հիմա Արցախի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի անուն տված չկան: Նույնը այստեղի հավաքի մասնակիցներն են: Նրանք դիմում են միջազգային հանրությանը: Գնացել, ցույց են անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Բայց Հայաստանի քաղաքացին ունի պետություն: Ու կառավարության շենքը, Նիկոլ Փաշինյանին թողած, ՄԱԿ-ի աշխատակիցներին են պահանջներ ներկայացվում, ես դա ոչ մի կերպ չեմ հասկանում: Ոչ էլ այլ պետությունների դեսպանատների պահով: Ասենք, գնում, Ֆրանսիայի դեսպանից ի՞նչ են պահանջում:

«Ի աջակցություն Արցախի» նախաձեռնության շրջանակներում երեք հոգանոց խմբով մենք հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ: Ես իրեն իր աշխատասենյակում, որ հիմա թողել եւ գնացել է նախագահականի բակի վրան, իրեն առաջարկել եմ անցած տարի: Դա Բերձորը հանձնելուց առաջ էր: Մենք Բերձորով ենք գնացել ու եկել: Ես իրեն ասել եմ, որ հիմա երբ դու քո աշխատասենյակի պատուհանից նայում ես քո առաջարկած Բերձորը շրջանցող ճանապարհին, որ Բերձորից, Աղավնոյից, ներքին տեղահանում ես անում, դու Արցախի ապագայի, Արցախի ժողովրդի, նրա անվտանգության համար վտանգներ տեսնո՞ւմ ես, պատասխանել է, որ ոչ, չի տեսնում: Ու իր աշխատասենյակում ես իրեն ասել եմ, որ դա նրանից է, որ Արցախի ժողովրդի ամենամեծ սպառնալիքը այս աշխատասենյակում իր մի օր ավելի մնալն է: Մի տարի անցել է ու հիմա ինքը, երբ իմ ասածները մեկը մեկի ճշտությամբ իրականություն են դարձել, աշխատասենյակը թողել՝ գնացել նստել է շենքի բակում:

Ես իրեն ասում էի, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ կա Լաչինի միջանցք, որն անցնում է կոնկրետ տարածքով եւ ապահովում է կապը Հայաստանի հետ: Իսկ ո՞վ է իրեն ասել, որ պետք է Լաչինի միջանցքից դուրս գաս ու թուրքի սարքած ճանապարհով երթեւեկես: Թուրքը եկել, մեր երկրում Գորիսից Կապան ճանապարհը փակել է, ու սրանց խելքով իր վերահսկման տարածքում իր միջոցներով ճանապարհ է սարքել Արայիկի համար: Դե, հիմա Արայիկ, գնա այդ ճանապարհով: Ասում է, այդ որոշումը մենք ենք կայացրել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31