Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի՛ Լոռի, գնանք քոլի». Ուտելի բույսերի փառատոնն արդեն չորրորդ անգամ է անցկացվում

Հուլիս 24,2023 18:32

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Լոռու մարզպետարանի հետ համագոյակցությամբ այս տարի «Ուտելի բույսերի փառատոնն» անցկացվեց հուլիսի 22-ին՝ Լոռվա չնաշխարհիկ Դսեղ գյուղում։

Արդեն չորրորդ անգամ Ուտելի բույսերի փառատոնը կազմակերպվում է ՀԿ կենտրոնի կողմից։ Այս տարի «Ուտելի բույսերի փառատոնի» կարգախոսն է՝ «Արի՛ Լոռի, գնանք քոլի»։

Միջոցառմանը ներկա էին և իրենց ու մարզպետ Արամ Խաչատրյանի ողջույններն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը:

Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:
Նրանք շրջեցին տաղավարներով, համտեսեցին բազմազան ուտեստները, ներկա գտնվեցին վարպետաց դասերին:
Գոռ Ասրյանն իր խոսքում կարևորեց նման փառատոների կազմակերպումը զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, Լոռու չքնաղ բնությունը, ավանդույթներն աշխարհին ճանաչելի դարձնելու առումով:

– Լոռու մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին: Նմանատիպ միջոցառումներն ակտիվություն են մտցնում մարզում, շատ զբոսաշրջիկներ բերում, ինչն էլ իր հերթին, շղթայական կերպով, տնտեսական ակտիվություն է առաջացնում,-ասաց Գ. Ասրյանը:

Տիգրան Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ Լոռու մարզպետարանը սիրով համագործակցել է ՀԿ կենտրոնի հետ այս գեղեցիկ փառատոնի կազմակերպման հարցում:

-Ես առիթ եմ ունեցել իմ խոսքում նշելու, որ այս փառատոնը սիրո փառատոն է և այսօր Դսեղում շատ սեր կա, սեր մեկմեկու, հայրենիքի նկատմամբ, մեր բնօրրանի ամեն մի ծառի ու թփի նկատմամբ: Եթե շատ սեր լինի, մեզնից յուրաքանչյուրի մոտ ամեն ինչ շատ ավելի լավ կստացվի,-ասաց նա:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը: Անդրադառնալով փառատոնի կազմակերպման նախաձեռնությանը՝ նա նշեց, որ նպատակը եղել է լոռեցիների կենցաղային առանձնահատկությունները ներկայացնել աշխարհին և դրանցից մեկը լոռեցիների կողմից ուտելի բույսերի շատ օգտագործումն է խոհանոցում:

Ինչպես հայտնի է, Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և դրա օգտագործմամբ՝ խոհանոցում։ Տեղացիները պահպանել են հավաքչության ավանդույթը և ամեն գարուն-ամառ գնում են հավաքի և ուտելի խոտաբույսերից պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ, և հենց այս ամենով էլ պայմանավորված՝ լոռեցիներին անվանում են «քոլեցի»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջային կոմիտեի մարքեթինգի և խթանման բաժնի ղեկավար Հայկանուշ Սահակյանը կոմիտեի անունից նույնպես ողջունեց միջոցառումը և նշեց, որ սիրով աջակցություն է ցուցաբերվել փառատոնի կազմակերպմանը:

Փառատոնի շրջանակներում անցկացվեցին ազգային և մշակույթային միջոցառումներ, լոռեցիների ձեռքով հավաքած, մշակված և պատրաստված բուսական ուտեստների չորացված ու պահածոյացված բույսերի համտես և վաճառք, վարպետաց դասեր,
ուտեստի համտես-հյուրասիրություն,
քայլարշավներ՝ վայրի հավաքչության կանոնների ուսուցմամբ ու պատմությամբ,
ժողովրդական խաղերի ուսուցում,
ազգային երգ ու պարի ուսուցում։

ՀԿ կենտրոնի կողմից Լոռու մարզպետարանին՝ ի դեմս մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանին հանձնվեցին շնորհակալագրեր՝ «Ուտելի բույսերի փառատոնի» կայացման գործում ունեցած անգնահատելի ներդրման և մասնակցության համար:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31