Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք վերադառնալ Արցախ, բայց Արցախը պետք է հայկական մնա»․ արցախցի կանայք հացադուլ են անում ՄԱԿ-ի մոտ

Հուլիս 24,2023 16:07

«Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է։ Այսօր հացադուլին միացել են արցախցի կանայք, որոնք 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղափոխվել են Հայաստան։ Հացադուլին այսօր մասնակցում են 9 կանայք։ Նրանցից Սրբուհի Գրիգորյանը, որը Շուշիից է տեղահանվել, ասում է, որ արցախցիներն Արցախն Ադրբեջանի կազմում չեն պատկերացնում։ «Մենք ունենք մեծ թվով զոհեր, անհնար է որպես հարեւաններ գոյատեւել Ադրբեջանի հետ։ Եթե ստորագրվի այսպես ասած խաղաղության պայմանագիրը, եւ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, վստահ եմ, որ կամաց-կամաց բոլորը դուրս են գալու, եւ Արցախ հայաթափվելու է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սրբուհին։

«Մենք Արցախում ունենք հայրենակիցներ, որոնք առանց ընտրության հնարավորության այս պահին սովամահ են լինում։ Եթե հնարավոր է այս հացադուլով ինչ-որ ուղերձ հղել, մենք պատրաստ ենք թեկուզ ամեն օր մասնակցել հացադուլին, բայց գոնե կարողանանք հանրությանը հասցնել, որ այնտեղ 120 հազար մարդ սովի է մատնված ու բոլորիս աջակցության ու ուշադրության կարիքն ունեն։ Ես Շուշիից եմ, պատերազմից հետո տեղափոխվել ենք Հրազդան, բայց հնարավորության դեպքում պատրաստ ենք վերադառնալ Արցախ, եթե գոնե մի փոքր հնարավորություն լինի, ապահով լինենք, իմանանք, որ հայկական Արցախում ենք մնում, ոչ թե Ադրբեջանի կազմ ենք մտնելու»,- նշեց նա։

Հադրութեցի Ռոզա Բալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել ու վարձակալությամբ բնակվում են Հրազդանում։ «Որդիս ժամկետային զինծառայող էր։ Հուլիսի 19-ին զորացրվել է, հիմա Արցախում է, չի կարողանում գալ Հայաստան։ Հացադուլի այս ակցիան նվազագույնն է, ինչ պահանջվում է մեզանից։ Այս քայլով ուզում ենք Արցախին ասել, որ իրենք մենակ չեն»,- ասաց նա։

Ռոզա Բալյանը եւս բացառում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ «Ինչպե՞ս եք դա պատկերացնում, այսքան զոհերից հետո դա հնարավոր չէ, փաստորեն մեր տղաները հանուն ոչնչի՞ են զոհվել։ Հայ ժողովրդի համար անընդունելի է այդ տարբերակը»,- նշեց նա։

«Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության հեղինակ Անուշ Սեդրակյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հացադուլը շարունակական է, միանալու ցանկություն ունեցողների թիվն աճում է։ «Եվ այսօր արդեն մեր նախաձեռնությունը ձեռնարկել է երկրորդ ակցիան, որը կոչվում է Օրիգամի։ Մենք այդ պատմությունը գիտենք, թե ինչպես մի աղջնակ որոշեց, որ 100 թղթե կռունկ պատրաստելով՝ գոնե մեկ ցանկություն կկատարվի։ Հիմա մենք պատրաստել ենք տեքստեր, տեղադրել ենք Ֆեյսբուք սոցիալական կայքում, տեքստերն անգլերեն, ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով են, ուղարկում են համապատասխան կազմակերպությունների մեյլերին։ Այդ տեքստը մեկ քլիքով կարելի է ուղարկել շատերին, գոնե այդքանը կարելի է անել»,- նշեց նա։

«Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության հրապարակած տեքստում ասվում է․ «Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, տասնամյակներ շարունակ աշխարհի բոլոր մարդասիրական կազմակերպությունները պայքարում են, որ մեր մոլորակում այլևս չլինի բռնություն և սով։ Բոլոր ջանքերը, բոլոր ռեսուրսները ուղղված են այդ նպատակին։ Հիմա Արցախում բլոկադայի ենթարկված 120 000 սովահար մարդիկ դուրս են մնացել բարի կամքի տեր մարդկանց ուշադրությունից։ Դրա հետևանքով 30 000 երեխա զրկված է անհրաժեշտ սննդից և բուժօգնությունից, 21-րդ դարում մարդիկ չունեն տարրական բուժօգնություն ստանալու հնարավորություն, դեղորայք նույնպես չկա։ Մենք օգտագործում ենք ժամանակին ճապոնացի աղջնակի ձեռքով սարքած օրիգամիի խորհրդանիշը՝ որպես հույսի և հավատի գրավական։ Թող ձեզ ուղղված հազարավոր նամակները ճանապարհ հարթեն բարի կամքի համար, որն իր հերթին կբացի արցախցիների կյանքի ճանապարհը։ Այն ճանապարհը, որ կապում է նրանց Հայաստանի հետ։ Հումանիտար ճգնաժամի ժամանակ քաղաքական աղմուկը լռում է, և այնժամ լսելի է դառնում սրտի և խղճի ձայնը։ Անսացե՛ք այդ ձայնին։ Թող մեր Օրիգամին այս անգամ չուշանա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31