Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնն ու «Թանդիս» իրանական թատերական խումբը հուլիսի 29-ին կներկայացնեն երկու նոր ներկայացում:
«Արդեն մեկ ամիս է` համագործակցում ենք իրանական կողմի հետ՝ ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդով եւ առաջարկով; Համագործակցում ենք, մասնավորապես իրանական հայտնի «Թանդիս» թատերախմբի հետ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը՝ խոսելով առաջիկայում ցուցադրվելիք երկու նոր ներկայացումների մասին:
«Մենք շատ կարեւորում ենք միջազգային համագործակցությունը: Արդեն մեկ ամիս է` մեր դերասաններն աշխատում են իրանական կողմի դերասանների եւ բեմադրիչների հետ: Աշխատանքը բավականին լավ է ընթանում: Նախատեսում ենք հետագայում այդ ներկայացումներով հանդես գալ թե Հայաստանում, թե Իրանում կայանալիք միջազգային փառատոներին»,-հավելեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենը:
«Թանդիս» իրանական թատերական խմբի տնօրեն Ֆաթիմեհ Աբդոլռահիմիի ձեւակերպմամբ, ՔՈՎԻԴ-ը մեծ վնաս է հասցրել բոլոր բնագավառներին, այդ թվում մշակույթին եւ թատրոնին. «Մենք մի խումբ արվեստագետներով որոշեցինք, որ հենց ՔՈՎԻԴ-ի պայմաններում պետք է ստեղծագործենք եւ զարկ տանք թատրոնին: 2022թ, երբ ՔՈՎԻԴ-ի գագաթնակետն էր Իրանում, մենք ստեղծեցինք մեր խումբը: Արդեն բավականին հաջողություններ ենք գրանցել եւ հայտնի ենք դարձել Իրանում»:
Կարդացեք նաև
«Թանդիս» իրանական թատերական խմբի տնօրենը հայտնեց, որ մինչ այժմ 22 ներկայացում է բեմադրվել, որից 2-ը խաղացել են արտասահմանում, ստացել են բազմաթիվ մրցանակներ, նպատակ ունեն իրենց դպրոցը հիմնադրել: 17 ներկայացումների բեմադրիչը եղել է «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» պիեսի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերասան Համեդ Շեյխին:
Հայկական կողմի հետ համագործակցությունը եղել է Հայաստանում «Թանդիս» խմբի ներկայացուցիչ, համագործակցության պրոդյուսեր Արմինա Սարգսյանի միջոցով: Վերջինս ասաց, որ Արտաշատի թատրոնն են ընտրել, որպեսզի ապակենտրոնացված լինի մշակութային համագործակցությունը: «Ի վերջո, Արտաշատն այն քաղաքն է, որտեղ առաջին թատերական ներկայացումն է եղել»,-ընդգծեց նա:
Համեդ Շեյխի խոսքով, ներկայացումը հիմնված է «1000 ու մեկ գիշեր»-ի հեքիաթների ու Նիզամի Գյանջավիի «Խոսրով եւ Շիրին» պատմության վրա, սակայն ինքը գեղարվեստորեն միջամտել է այդ ստեղծագործություններին, վերածել պիեսի: Համեդ Շեյխը պարզաբանեց, որ ընտրվել է այս պիեսը, որովհետեւ հայ իրանական- պատմությանն է առնչվում, այն մասին է, թե ինչպես է Իրանի գահը ստանձնող Խոսրովը սիրահարվում է հայ արքայադուստր Շիրինին:
«Զուգահեռ շրջան» պիեսի հեղինակ, ռեժիսոր եւ գլխավոր դերասան Մոջթաբա Ջաֆարիփուրը նշեց, որ մյուս ներկայացումն այսօրվա մասին է, այն մասին է, թե այն աշխարհը, որտեղ ապրում ենք, ինչքան լի է պատերազմներով, սովով, խնդիրներով, եւ ամեն ոք ամեն օր բախվում է դրան ու տանջվում: Նրա խոսքով. «Ներկայացման մեջ ներգրաված դերասանները փորձում են արթնացնել այն հույսը, որ վերացնելով չար ու վատ աշխարհը՝ կկարողանանք լավ մարդկանցով զուգահեռ ստեղծել ավելի լավ ու արդարությամբ լի աշխարհ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ