Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում բարձրաձայնվել է Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին

Հուլիս 24,2023 17:36

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանին

2023թ-ի հունիսի 19-ից հուլիսի 14-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 53-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ցեղասպանությունների կանխարգելումը, կանանց և աղջիկների իրավունքները, խոսքի և հավաքների ազատության հետ կապված հարցերը, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների խնդիրները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտումների բացառումը: ՄԻԽ-ն անդրադարձավ նաև կրթության իրավունքին, թրաֆիքինգի և արտադատարանական մահապատիժների դեմ պայքարի հարցերին, առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:

ՄԻԽ 53-րդ նստաշրջանի օրակարգային երկրորդ կետի ներքո մարդու իրավունքների ոլորտում համաշխարհային իրավիճակի թեմայով Մարդու իրավունքների ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի զեկույցում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա և ընդգծելով Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու ու խաղաղ բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելու կարևորությունը։ Նա շեշտեց հակամարտության գոտիներում ՄԱԿ կառույցների մուտքի ու ներգրավվածության կարևորությունը տեղում մարդկանց օգնելու համար։

Լաչինի միջանցքի արգելափկմանը ու դրա հումանիտար հետևանքներին անդրադարձավ նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Նդերիտուն։ Նրա մասնակցությամբ կազմակերպված ինտերակտիվ երկխոսության ընթացքում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը նախաձեռնեց համատեղ հայտարարություն, որին միացան 44 երկրներ՝ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։ Համատեղ հայտարարությունը նվիրված էր Ցեղասպանությունների կանխարգելման ու պատժման կոնվենցիայի 75–ամյակի ոգեկոչմանը։ Այն ընթերցեց ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Ի թիվս այլ հարցերի, համատեղ հայտարարությունն ընդգծում էր, որ մարդկության դեմ հանցագործությունների վտանգի մասին հայտարարություններին պետք է հետևեն գործողություններ և համակարգված ջանքեր՝ կանխարգելումը գործնականում իրականցնելու համար:

Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և հակահայկական խտրականությանը անդրադարձավ նաև Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հատուկ զեկուցողը։

ՄԻԽ 53-դ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին։ Ցուցահանդեսը կրում էր «Կանանց դերը պետականաշինության գործում» խորագիրը։ Ներկայացվել էին, ինչպես Հայաստանի առաջին հանրապետության, այնպես էլ պատմական տարբեր ժամանակաշրջաններում մեր երկրում հասարակական, քաղաքական, կրոնական, մշակութային, կրթական ոլորտներում հայ կնոջ խաղացած դերը ներկայացնող ցուցանմուշներ։

Ցուցադրման բացման արարողության ժամանակ հանդես եկան ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Ժնևի ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան, ՄԱԿ գրադարանի և արխիվների տնօրեն Ֆրանչեսկո Պիզանոն։

ՄԻԽ շրջանակներում Հայաստանը մի շարք երկրների և հասարակական կազմակերպությունների հետ միասին համահեղինակեց երեք հարակից միջոցառումներ, որոնցից առաջինը նվիրված էր Անվճար կրթության իրավունքի ընդլայնմանը, երկրորդը՝ Կանանց առաջնորդությանը և քաղաքական մասնակցությանը և երրորդը՝ Իրավական մասնագետների ներդրմանը Համընդհանուր պարբերական դիտարկմանը (ՀՊԴ)։

Կանանց առաջնորդությանը և քաղաքական մասնակցությանը նվիրված հարակից միջոցառման հիմնական բանախոսներից մեկը Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն էր։ Նա մասնավորապես անդրադարձավ այս առումով Հայաստանում գրանցված լավագույն փորձին։

ՀՀ մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 35 հիմնական և պատասխան ելույթներով, ինչպես նաև միացավ 12 համատեղ հայտարարությունների։

ՀՀ ՄՆ ելույթներում բարձրացվեցին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների՝ ներառյալ Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ միջանկյալ որոշման, ինչպես նաև Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների վերաբերյալ հարցեր: ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվեց Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված  պատերազմի ընթացքում, դրանից հետո, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակման հետևանքով գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդիրներին, Ադրբեջանի կողմից իրականացված արտադատարանական սպանություններին, անհայտ կորածներին ու բռնի անհետացաներին, դեպի Արցախ միջազգային կառույցների մուտքի խոչընդոտներին, բռնի տեղահանված անձանց իրավունքների ոտնահարմանը և հայերի նկատմամբ իրականացվող ռասիստական, խտրական վերաբերմունքին ու ատելության սերմանելու ադրբեջանական քաղաքականությանը: ՀՀ կողմից նշվեցին նաև Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակումները, մարդու իրավունքների ոտնահարումները, իրավապաշտպանների հետապնդումներն ու սպանությունները, հայատյացության ծայրահեղ դրսևորումները:

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձ էր կատարվում նաև Հայաստանի լավագույն փորձին ու ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումներին՝ ներառյալ մամուլի և խոսքի ազատության, աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Հայաստանը նաև մի շարք հարցադրումներ ներկայացրեց հատուկ զեկուցողներին՝ իրենց մանդատների շրջանակներում դիտարկվող հարցերի կապակցությամբ։

Արտադատչանական մահապատիժների դեմ պայքարի հարցերով ինտերակտիվ երկխոսության ընթացքում Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց թեմայով ելույթ ունեցավ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Որպես ՄԻԽ պաշտոնական գրություններ ՀՀ ՄՆ-ը շրջանառեց երկու հայտագիր՝ Ադրբեջանի կողմից 1992թ-ի ապրիլի 10-ին Մարաղայում հայերի ջարդերի 31-րդ տարելիցի թեմայով, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի  տեղադրման վերաբերյալ։

ՄԻԽ 53-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում ՏՀՏ և մարդու իրավունքների հարցերով, մարդու իրավունքների վրա կոռուպցիայի բացասական հետևանքների,  արտադատարանական սպանությունների հարցերով, ինչպես նաև ծայրահեղ աղքատության հաղթահարման հարցերով հատուկ զեկուցողների մանդատների երկարաձգման, քաղաքացիական հասարակության, կլիմայական փոփոխությունների և մարդու իրավունքների վերաբերյալ։

ՄԻԽ հաջորդ՝ 54-րդ նստաշրջանը կմեկնարկի 2023թ․-ի սեպտեմբերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31