Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է Վարչական դատարան՝ իրեն ԱԺ պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցով։
Այսօր հրավիրած ասուլիսում Թագուհի Թովմասյանն ասաց․ «Ես չեմ հանձնվել, այսօր արդեն Վարչական դատարան մուտք եմ արել հայցադիմում եւ պահանջում եմ դատարանից վերականգնել իմ լիազորությունները։ Քանի որ այդ գործընթացը ծայրից ծայր տեղի է ունեցել ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից։ Իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է։ Ես ունեցել եմ անաշխատունակության թերթիկ եւ նախապես ներկայացրել եմ գրավոր տեղեկություն՝ եւ ԱԺ նախագահին, եւ ԱԺ նախագահի պաշտոնակատարին՝ նրանցից ակնկալելով, որ ինձ վերաբերելի հարցի քննությունը կհետաձգվի, մինչեւ ես կկարողանամ ներկայանալ աշխատանքի։ Նրանք չեն լսել, իմ դիմումն անպատասխան են թողել եւ քննարկել ու քվեարկել են ինձ լիազորություններից զրկելու հարցը։ Ես դիմել եմ Վարչական դատարան, եւ իմ լիազորությունները վերականգնվելու են դատարանի միջոցով, որովհետեւ հակառակ պարագային նշանակում է, որ ես հիմա ձեր դիմաց նստած չեմ։ Այդքան պարզ ճշմարտություն է, որ իմ լսված լինելու իրավունքը խախտվել է»։
Նա նշեց, որ եթե դատարանն, այնուամենայնիվ արձանագրի հակառակ որոշում, ինքը մինչեւ վերջ կգնա եւ կհասնի ցանկալի արդյունքի։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ