Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հրավիրած ասուլիսում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքի արդյունքների ամփոփման ժամանակ անդրադարձավ հարցին, թե ի՞նչ է անելու այդ ստորագրությունները։ «Այստեղ է թաքնված շան գլուխը, որովհետեւ ՔՊ-ն սկսեց իմ լիազորությունների դադարեցման վերաբերյալ գործընթաց։ Եվ ես հիմա խորը կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հրահանգ է ստացել Իլհամ Ալիեւից, որպեսզի ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը չունենա նախագահ։ Ես միակ ընդդիմադիր պաշտոնյան էի եւ միակ ընդդիմադիր պաշտոնյան լինելով՝ ես նաեւ ԱԺ միակ պաշտոնյան էի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրացրել եմ եւ շարունակելու եմ բարձրացնել միջազգային ատյաններում։ Եվ այս ստորագրությունները ես ուղարկելու եմ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին, միջազգային բոլոր դերակատար կազմակերպություններին եւ երկրներին, խնդրելու եմ, որ ուշադրություն դարձնեն՝ մարդիկ կոնկրետ փաստարկված պահանջում են, որ Արցախը ճանաչվի հայկական, չլինի Ադրբեջանի կազմում։ Եվ Հայաստանի քաղաքացիները մերժում են Արցախի էթնիկ զտումը։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ որ բանակցի միջազգային ասպարեզում, այն չի ունենալու լեգիտիմություն»,- ասաց նա։
Անդրադառնալով ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն զրկելու հարցին, Թագուհի Թովմասյանն ասաց, որ դա քաղաքական որոշում էր, որեւէ հիմնավորում չուներ իշխանությունը։ «Այդ փաստաթղթի մեջ կարող էր որեւէ բան գրված չլինել, թեպետ իրականում չկա գրված հիմնավորում, կարող էին իրականում գրել, որ՝ Թագուհի Թովմասյանի ձայնի տեմբրը մեզ դուր չի գալիս, եւ իրեն հեռացնում ենք աշխատանքից։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ նրանք, ինձ հեռացնելով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, չեն կարող ինձ լռեցնել։ Եվ ես իմ գործունեությունը շարունակելու եմ իբրեւ պատգամավոր։ Եվ ամեն անգամ միջազգային դերակատարներին իմ գրություններն ուղարկելուց ես գրելու եմ՝ ապօրինաբար պաշտոնազրկված հանձնաժողովի նախագահ, որպեսզի միջազգային հանրության աչքին ժողովրդավարության շղարշով հանդես եկող եւ ժողովրդավարության փուչիկը փչած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հասկանա, որ Հայաստանի խորհրդարանը զրկված է ընդդիմադիր պաշտոնյաներից, եւ Հայաստանի խորհրդարանում չկա այլընտրանքային տեսակետ։ Ես կշարունակեմ իմ գործունեությունը՝ իբրեւ հանձնաժողովի նախագահ»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ