Լրահոս
Օրվա լրահոսը

«Կես միլիոն մարդ ստորագրել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են»․ Թագուհի Թովմասյանն ամփոփեց ստորագրահավաքը

Հուլիս 24,2023 12:48

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հրավիրած ասուլիսում ամփոփեց մայիսի 3-ից սկսած «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքի արդյունքները։ «Ես իրականացրեցի հետաքրքիր մի ակցիա՝ փորձելով հասկանալ՝ այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանը առաջ է տանում, այն է՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ են ընկալելի եւ ընդունելի հայ հասարակության համար։ Եվ պետք է արձանագրեմ, որ մայիսի 3-ից մեկնարկած եւ մինչեւ հունիսի 20-ը շարունակված ստորագրահավաքով հնարավորություն ունեցանք փոքրիկ թեստ անելու, որ հայ ժողովուրդն ամենեւին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ես դա հիմա կապացուցեմ նաեւ թվերով, որովհետեւ իմ ակցիան կարճաժամկետ էր։ Եվ եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություններ կհավաքեմ»,- ասաց նա։

Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում հավաքվել է 536 898 ստորագրություն։ Դրանում ներառված են Արցախից 60 հազար ստորագրությունները։ «Այսինքն՝ կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք, եւ սա նշանակում է, որ այսքան մարդ իր ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը, այն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով։ Համեմատության համար ասեմ, որ ՔՊ կուսակցությունն ունի 3000 անդամներ։ Այսինքն՝ չի կարող 3000 համակիր ունեցող եւ 3000 անդամ ունեցող կուսակցությունը որոշել 3000 տարեկան ազգի եւ 13 մլն հայերի ճակատագիրը։ Դուք հասկանում եք, որ սա զուտ ստորագրահավաք չէր, որը պետք է արձանագրենք ու առաջ անցնեք։ Սա կոնկրետ ակցիա էր եւ լակմուսի թուղթ, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն Արցախի հարցով եւ չունի լեգիտիմություն՝ պաշտպանելու այն թեզերը, որոնք նա առաջ է տանում»,- հավելեց նա։

Թովմասյանն ասաց, որ ՔՊ-ն չունի լիազորություն՝ հանձնելու Արցախը, կուսակցության նախընտրական ծրագրում չկա այդպիսի դրույթ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է ընտրողներին։ «Ծրագրում նրանք գրել են՝ «անջատում հանուն փրկության», բայց հիմա արդեն իշխանության կազմում նրանք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Սա նշանակում է, որ նրանք ուղիղ խաբել են իրենց ընտրողներին։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն իսկապես չունի լեգիտիմություն՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու։ Բրյուսել կատարած այցի ժամանակ ես հասկացա, որ մեր միջազգային գործընկերներն ունեն մեջբերում անելու, փաստական հանգամանքներն ի ցույց դնելու կարիք։ Դրա համար ես եկա ու նախաձեռնեցի այս ստորագրահավաքը»,- ընդգծեց նա։

Թագուհի Թովմասյանը հավելեց, որ այդ ընթացքում մոտ 120 մարդ մերժել է միանալ ստորագրահավաքին։ Եվս 5 անձ Նիկոլ Փաշինյանի թեզերն է առաջ տարել, այն է՝ «Արցախի համար թող մտածեն Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը»։ «Այսինքն՝ այս կեղծ թեզերն առաջ տանելով՝ նրանք ունեն ընդամենը 5 հոգու աջակցություն»,- արձանագրեց նա։

Ըստ պատգամավորի՝ այսօր կանգնած ենք հայրենազրկման վտանգի առաջ, պետք է միավորվել եւ հասկանալ, թե ինչ կարող է լինել, եթե չսթափվենք եւ միասնական քայլեր չիրականացնենք։ «Այս իրավիճակում պետք է հասկանանք կարեւոր մի իրողություն, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն՝ Արցախի հարցով զբաղվելու։ Կհիշեք, երբ նա եկել էր իշխանության, ասում էր՝ Արցախի հարցի լուծումը պետք է լինի այնպիսին, որն ընդունելի կլինի Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Հիմա այսօրվա վիճակից գոհ է միայն Ադրբեջանի ժողովուրդը, սա նշանակում է, որ հարցը չի կարող լուծվել, եւ որեւէ կերպ մենք չպետք է թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանն իր բանավոր հնչեցրած թեզերը հանկարծ վերածի գրավորի։ Դա մեզ համար իսկապես կլինի ողբերգություն, մենք կունենանք հայրենազրկման եւս մեկ օրինակ, ինչպես պատմության ընթացքում կամաց-կամաց մեր հայրենիքը փոքրացել է»,- նշեց Թովմասյանը։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իշխանություն այս ստորագրահավաքին կհակադարձի՝ ասելով, որ իրենց ընտրել է 680 հազար քաղաքացի, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Այդ 680 հազար թիվը վաղուց պակասել է, եւ այս ստորագրահավաքը դրա մասին է նաեւ վկայում։ Այսինքն՝ սա յուրօրինակ հանրաքվե էր, սա քաղաքական կարճ ակցիա էր, ես կարող եմ կրկնել եւ եռակի ու քառակի ստորագրություն հավաքել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31