Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլին ասեք, թող բացի Արցախի կյանքի ճանապարհը, մենք էլ այս ճանապարհը կբացենք». արցախցիները Երեւանում փողոցներ էին փակել

Հուլիս 24,2023 11:50

«Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին», «Ոչ, Արցախի շրջափակմանը». այս եւ նմանօրինակ այլ՝ հայալեզու, ռուսալեզու եւ անգլիալեզու պաստառներով այսօր մի խումբ արցախցիներ Երեւանում, ժամը 8.30-ին փողոցներ էին փակել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին՝ դուրս գալ փողոց եւ պայքարել հանուն Արցախի հայկականության:

«Ընդամենը մեկ րոպե միացեք մեզ, որ արցախցիները տեսնեն՝ իրենք մենակ չեն»,- հորդորում էին ցույցի մասնակիցները՝ ուշադրություն հրավիրելով 120 հազար արցախցիների ծայրահեղ ծանր, նաեւ հոգեբանական բարդ իրավիճակի վրա:

«Անգամ շտապ օգնության մեքենան չի կարողանում անցնել Լաչինի միջանցքով, իսկ դուք փորձում եք ինկասացիայի մեքենա անցկացնել»,- ոստիկանների պահվածքից վրդովվեց ցույցի կազմակերպիչներից՝ «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիաննա Պետրոսյանը՝ նստելով հենց այդ մեքենայի դիմաց:

Արցախցիները փակել էին Բաղրամյան պողոտան՝ դեպի Օպերա տանող ճանապարհը, Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը, Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկը: Ոստիկանները հորդորում էին դադարեցնել ցույցը, քանի որ այն արտոնված չէ եւ անօրինական է՝ հինգ րոպե ժամանակ տալով: Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք խաղաղ իրազեկման ցույց են անում: Երբ ոստիկանները պնդեցին՝ բացել Բաղրամյան պողոտան, ցուցարարներից մեկը հակադարձեց. «Նիկոլին ասեք, թող բացի Արցախի կյանքի ճանապարհը, մենք էլ այս ճանապարհը կբացենք»:

Անցորդների անտարբերությունից նեղսրտած, ցույցի կազմակերպիչներից Լիաննա Պետրոսյանը հայտարարեց. «Մեզ ասում են՝ միջազգային կառույցներից իրավունք չունեք ոչինչ պահանջելու. մենք մեր ժողովրդից ենք պահանջում՝ ուշադրություն եւ սրտացավություն: Մենք հասկանում ենք, որ դուք աշխատանքից ուշանում եք, որ պետք է ձեր պարտականությունները կատարեք, բայց դուք էլ ուշադրություն դարձրեք 120 հազար մեր հայրենակիցների վիճակի վրա»:

Խաղաղ ցույցը 15-20 տեւեց, ցուցարարները բացեցին փակված փողոցները:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Արցախ», «Միացում»:

Ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, որ վաղը Ազատության հրապարակում ժամը 20.00-ին, հանրահավաք է կայանալու:

Լրագրողների հետ զրույցում Լիաննա Պետրոսյանը պարզաբանեց, որ ցույցը կարճ տեւեց ոչ թե այն պատճառով, որ իրենք ի վիճակի չէին ավելի երկար ժամանակով փողոցներ փակել, այլ խաղաղ իրազեկման ակցիան ժամանակի պահանջ չունի եւ նպատակն էր մեր հանրությանը, որը անտեղյակ է Արցախում տիրող իրավիճակի մասին, իրազեկել: Նա կարծում է, որ հասարակության վրա հանրային ճնշման գործիքներ պետք է կիրառել, որպեսզի մարդիկ արթնանան «քնից» եւ հանուն Արցախի հայկականության եւ 120 հազար արցախահայերի փրկության փողոց դուրս եկողները 50 հազար եւ ավելի լինել:

Լիաննա Պետրոսյանը՝ պատասխանելով ՀՀ կառավարության շենքի մոտ ավելի հասցեական պայքարի մասին հարցին ասաց, որ իրենց պահանջը եւ ՀՀ կառավարությանը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, եւ միջազգային տարբեր կառույցների՝ ներկայացրել են կոչ-պահանջով, մի քանի օր առաջ եւ առայժմ այսքանով են սահմանափակվում: Մնացյալ հարցերը կքննարկեն հետագայում, ըստ իրավիճակների:

Լրագրողների ուղիղ հարցին՝ ո՞վ է այն անձը, ունի՞ անուն-ազգանուն նա, ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ինչի արդյունքում էլ Արցախը նման իրավիճակում հայտնվեց, բանախոսն ասաց, որ Արցախն այս իրավիճակում հայտնվեց 2020 թվականի պատերազմից հետո՝ հասնելով այս ծայրահեղ վիճակին եւ ի հեճուկս նոյեմբերի 9-ի համաձայնագրի, որով ամրագրված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ադրբեջանցիների ձեռամբ, միջանցքը փակվեց:

Նիկոլ Փաշինյանի անունը Լիաննա Պետրոսյանն այդպես էլ չտվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31