Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրաշալի է վերադառնալ տուն». Արմինե Աֆեյանը «Ավրորայի» գործադիր տնօրեն

Հուլիս 24,2023 11:46

Հուլիսի 24, 2023 թ. – Երեւան, Հայաստան. Արմինե Աֆեյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմին՝ որպես գործադիր տնօրեն: 2015-2016 թթ. նա եղել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հանրային կապերի պատասխանատուն: Նոր պաշտոնում նա կհամակարգի նախաձեռնության ամենօրյա աշխատանքը եւ պատասխանատու կլինի Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում «Ավրորայի» կապերի ամրապնդման համար:

«Հրաշալի է վերադառնալ տուն՝ «Ավրորա»: Ես հպարտ եմ այս ութ տարիների ձեռքբերումների համար եւ ոգեւորված՝ իմ նպաստը բերելու առաջընթացի հաջորդ փուլին: Նախեւառաջ, մեծ պատիվ է ունենալ հնարավորություն՝ աշխարհին ներկայացնելու «Ավրորայի» հերոսների պատմությունները: Մենք հույս ունեինք, որ դրա կարիքը չի լինի, բայց այսօր աշխարհն ավելի, քան երբեւէ կարիք ունի մարդասերների: Սովորական մարդկանց պատմությունները, որոնք գնում են արտասովոր քայլերի, պետք է ոգեշնչեն մեզ անելու մեր բաժին գործը՝ լինի դա անարդարության մասին բարձրաձայնելը, մեր համայնքում քայլեր ձեռնարկելը, թե արժանի նպատակների համար նվիրատվություն կատարելը. աշխարհն ունի  այդ ամենի կարիքը: Ես չէի կարող ավելի հպարտ լինել, քան իմ գործով երախտագիտությունս արտահայտելը՝ այս վճռորոշ պահին կրկին միանալով «Ավրորային»,- ասաց Արմինե Աֆեյանը։

Ծնունդով բոստոնցի (Մասաչուսեթս) Արմինե Աֆեյանը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Յեյլի համալսարանում, որտեղ նա սովորել է միջազգային հարաբերություններ՝ մասնագիտանալով Հայկական հարցի շուրջ: Նա նաեւ ունի INSEAD-ի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Մինչեւ «Ավրորան» Արմինեն աշխատել է սպառողական տեխնոլոգիաների ընկերություններում, վերջինը Wayfair-ն էր, որտեղ նա աշխատում էր որպես գլխավոր կառավարիչ:

2023 թ. «Ավրորան» նշում է իր գործունեության 8-ամյակը: Նախաձեռնությունն արդեն օգնության ձեռք է մեկնել ավելի քան 2.7 միլիոն մարդու, այդ թվում՝ պատերազմից, հակամարտություններից, հալածանքներից եւ մարդասիրական այլ աղետներից տուժած 1.1 միլիոն անհատի, որոնք օգնություն են ստացել «Ավրորա» մրցանակի միջոցով: Մրցանակի հաջորդ դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ. գարնանը: Նա կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

 «Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:

Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությունը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի, եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31