«Առավոտի» հետ զրույցում Արցախի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանն ասում է, որ Արցախում ձեւավորված համաժողովրդական շարժման պահանջի հիմքում Բերձորի միջանցքի բացումն է, բայց միջանցքի խնդիրը պետք է սերտորեն շաղկապել Արցախի կարգավիճակի, Արցախի հայկական մնալու հետ։
– Պարոն Կարաբեկյան, Արցախի Ազգային ժողովը հուլիսի 21-ի արտահերթ նիստում հանդես եկավ ուղերձով, որով կոչ արեց Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղղությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս ուղերձը։
– Ես չեմ կիսում Ազգային ժողովի տեսակետը, որովհետեւ այդ հարցով ՄԱԿ-ին դիմելը երկմտություն է առաջացնելու Արեւմուտքի ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մոտ, որոնք տրամադրում են այդ մանդատը։ Երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկում է եղել, Ռուսաստանը բոլոր հայանպաստ կետերին դեմ է քվեարկել։ Դժվար է պատկերացնել, թե ինչո՞ւ մենք հենց Ռուսաստանին ընտրեցինք։ Երկրորդ, ՄԱԿ-ն իր մի շարք կառույցներով, այդ թվում՝ քրեական դատարանով Ռուսաստանին ճանաչել է ահաբեկչության հովանավոր երկիր եւ դատապարտել այդ երկրի քաղաքական ղեկավարին։ Որքանո՞վ է ճիշտ բարձրացնել այդ երկրին միջազգային մանդատ տրամադրելու հարցը։ Երրորդ, փաստորեն խաղաղապահների աչքի առաջ առնվազն 4-5 անգամ Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետ տեղադրվեց։ Ակնհայտ պետք է ասենք, որ ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել մեր բնակչության անվտանգությունը, այսինքն՝ Ադրբեջանը հրադադարը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքման հենց առաջին օրից։
Ինչո՞վ է պայմանավորված Արցախի Ազգային ժողովի այդ նախաձեռնությունը։ Փաստորեն Ռուսաստանի դիրքերն աշխարհում խաթարվում են, եւ գաղտնիք չէ, որ Արցախի ու Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հիմնականում ունեն պրոռուսական կողմնորոշում։ Ռուսաստանի համար այս պահին կարեւոր է շեշադրել, որ տարածաշրջանում ինքն է տեր ու տիրականը, միայն ինքը կարող է տարածաշրջանում ապահովել կայունություն։ Ու ես կասեի՝ ինչ-որ տեղ դա նման է քաղաքական շանտաժի, այսինքն՝ ինչ-որ տեղ մերոնք տեղի են տվել Ռուսաստանի ճնշմանը, քաղաքական շանտաժին եւ նման ուղերձ են հղել։ Եվ դա կատարվում է այն փուլում, երբ Արեւմուտքն այս տարածաշրջանում ակտիվացնում է իր խաղաղարար ջանքերը։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը տեղի է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշմանը, իրենց շահերն է սպասարկում, քանի որ սանկցիաների տակ է, Արեւմուտքի հետ հարաբերությունները վատ են։ Ինչպես նախորդ դարի 20-ական թվականներին, այսօր եւս Ռուսաստանն այդ երկրների մեջ դաշնակից է տեսնում։
Կարդացեք նաև
– Դուք ասում եք, որ Արեւմուտքն այս տարածաշրջանում ակտիվացնում է խաղաղարար ջանքերը, բայց արեւմտյան հարթակում բանակցությունների օրակարգում այն հարցն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն անգամ ողջունեց Բաքվի առաջարկը՝ Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն տրամադրելու մասին։ Ի՞նչ են ցույց տալիս Արեւմուտքի քայլերը։
– Այս հարցում մի քանի նկատառում կա։ Նախ արեւմտյան քաղաքական շրջանակներն ասում են՝ եթե Հայաստանի քաղաքական ղեկավարը բացեիբաց հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա մենք ի՞նչ անենք։ Երկրորդ, նրանք ասում են՝ մենք տարբեր հարցերով դիմել ենք Նիկոլ Փաշինյանին, ինքն ասել է՝ մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք։ Եվ երրորդ, փաստորեն միջնորդն առաջարկում է այն մոտեցումը, որը կողմերի համար փոխադարձ ընդունելի է։ Փաստորեն Շառլ Միշելը ու այլք հետեւյալ տրամաբանությունն ունեն. ադրբեջանական կողմը լրացուցիչ երթուղի է առաջարկում, որն ավելի կարճ է, ըստ իրենց, ավելի հարմար է։ Ինչո՞ւ Արեւմուտքը պետք է մերժի դա։ Երկրորդ, նրանց ծրագրում առաջին անգամ խոսվում է Արցախի շահերի եւ անվտանգության մասին։ Այսինքն՝ կարգավիճակի հարցն ինչո՞ւ չի շոշափվում։ Կարելի է ասել՝ դա մեր 30 տարվա բացթողումն է։ Բանակցությունների ժամանակ միջազգային հարթակներում որեւէ կերպ մեր հավաքական իրավունքները, շահերը եւ կարգավիճակի տարրերը չշեշտվեցին, որպեսզի դրանք հիմք հանդիսանային։ Մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը նույնպես ռազմատեխնիկական բնույթ է կրում։ Կարգավիճակի, մեր հավաքական իրավունքների ու շահերի հարցով որեւէ բան չեն ասում եւ առաջարկում են մինչեւ 2025 թվականը՝ այսինքն՝ խաղաղապահ առաքելության ավարտն այդ հարցը հետաձգել։ Պատկերացրեք, 2025 թվականը գալիս է, Էրդողանը հանգիստ ասում է՝ 2025 թիվն է, զորքդ հանիր։ Ի՞նչ ենք անելու։ Այսինքն՝ իրենք չեն դնում քաղաքական կարգավիճակի խնդիր։
– Արցախում համաժողովրդական շարժում է սկսել, մեծ թափ կստանա՞ այն, եւ ի՞նչ պետք է անել։
– Որպեսզի շարժումը թափ ստանա, ի՞նչ է անհրաժեշտ, նախ այն պետք է դարձնել ժողովրդական։ 1988 թվականին շարժումը գյուղերի մակարդակով է սկսել, տարբեր սոցիալական շերտերի մակարդակով ինքնակազմակերպվել են, դիմել Մոսկվային։ Եվ պատահական չէ, որ 1986 թվականին մտավորակությունը Հադրութից նամակ է հղել Խորհրդային քաղաքական ղեկավարությանը։ 1986-87 թվականները եղել են ընդհատակյա փուլ, իսկ արդեն 1988 թվականին համաժողովրդական շարժում էր։ Հիմքում Արցախի ու Հայաստանի վերամիավորումն էր։ Ի՞նչն է հետաքրքիր, վերամիավորման հարցն էր դրվում այն ժամանակ։ Այսօրվա շարժումը որոշակի քաղաքական ուժեր են նախաձեռնել, հիմնական հարցը միջանցքի խնդիրն է։ Ես կողմ կլինեմ, որ միջանցքի խնդիրը սերտորեն շաղկապվի Արցախի կարգավիճակի, Արցախի հայկական մնալու հետ։ Եթե չկա կարգավիճակ, իրենք կարող են ցանկացած պահի միջանցքը փակելով, բացելով, պրովոկացիաներ անելով՝ մեզ վրա ճնշում գործադրել։ Այսինքն՝ որեւէ կերպ անվտանգությունն ու Արցախի բնակչության հավաքական շահերը չեն ապահովվի։ Այստեղ մենք դժվար թե որեւէ բան շահենք։
Այսօրվա շարժումն ըստ էության տարբերվում է 1988 թվականի շարժումից։ 1988 թվականին շարժման ժամանակ մենք ստիպված էինք խորհրդային Սահմանադրությունն ու օրենքներն ապահովել, որովհետեւ գործում էինք այդ դաշտում։ Հիմա ինչ-որ տեղ հակառակ պրոցես է, օտար միջնորդների ջանքերին հակակշռող քայլեր են արվում՝ Շառլ Միշելն այս է ասել, ԱՄՆ դեսպանն այս հայտարարությունն է արել եւ այլն։ Այսինքն՝ ավելի լավ է, որ քո դաշնակիցը քեզ կրիտիկական պահին զենք չտա՞, ստիպի Արցախը հանձնե՞լ, Հայաստանի տարածքի մի մասը, անընդհատ շանտաժի՞ ենթարկի, քան թե Արեւմուտքը բացեիբաց խոսի այն հարցերի մասին, որի հետ դու կարող ես չհամաձայնել։ ԱՄՆ դեսպանի կարծիքը վճռորոշ չէ բանակցություններում, բանակցությունների իմաստն այն է, որ դու խոսես քննարկվող հարցերի ու բանակցային ֆորմատի մասին։ Եվ այստեղ կարող եմ ասել, որ արեւմտյան ծրագրերի կոշտ մերժումը մեր օգտին չէ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2023