Իսկ ուր մնաց Սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը
Իրեղեն ապացույց ճանաչված ռադիոընդունիչը՝ RECEIVER RADIO-AN-ը, մնաց քրեական գործի նյութերին կցված:
Նախ, «անջատված մասը»՝ Մեսրոպ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է 2022թ. փետրվարի 22-ից: 14890220 քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ մասի համաձայն. «Մեսրոպ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային խնդիրներ ունենալով իր ծանոթ Վարդան Խառատյանի հետ եւ բնակվելով վերջինիս պատկանող՝ Երեւան քաղաքի Թավրիզյան փողոցի նրա տանը, ցանկանալով տեղեկանալ վերջինիս տանը կատարվող խոսակցություններին եւ ապօրինի հավաքել դրանց վերաբերյալ տեղեկություններ, 2019 թվականի ապրիլ ամսին՝ քննությամբ չպարզված օրը, նշված տանը տեղադրել է գաղտնալսող սարք եւ առանց Վարդան Խառատյանի համաձայնության ու գիտության՝ մինչեւ 2020 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, նրա վերաբերյալ ապօրինի հավաքել է անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ խախտելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»: Այդ գործով նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Այս տարվա փետրվարի 23-ին որոշում է ընդունվել հետախուզում հայտարարելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին: Մեղադրողն է միջնորդություն ներկայացրել: Դատարանն արձանագրել է, որ ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ ամբաստանյալ Մ. Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք դրական արդյունք չեն տվել: Ըստ դատարանի՝ «նա թաքնվում է դատից եւ նրան հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ քրեական գործի վարույթը կասեցնել` մինչեւ նրան հայտնաբերելը»: Մարտի 13-ին վարույթը վերսկսվել է, Սիմոնյանը ներկայացել է դատարան, պարտավորվել առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ դատարան…
Վարդան Խառատյանն, ինչպես տեղեկացրել էինք, մոսկվաբնակ գործարար է («Գործարարի տանը գաղտնալսող սարք էր տեղադրել, հավաքել ապօրինի տեղեկություններ», «Առավոտ» օրաթերթ, 23.06.2023թ), եւ երբեմն-երբեմն գալիս է հայրենիք, զբաղվում իր ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Վ. Մելիքյան) քրեական գործը կարճելու որոշում է կայացրել՝ «առաջադրված մեղադրանքով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»: Մեղադրող Ա. Երիցյանը «պաշտպանել» է այդ որոշումը:
Վարդան Խառատյանն ասում է, որ այսքան ժամանակահատվածում մի նիստ հազիվ հրավիրեց դատավորը, եւ այն անվերջ հետաձգվում էր տարատեսակ պատճառաբանություններով:
Դատարանը «գտավ», որ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի համաձայն՝ այս քրեական վարույթը ենթակա է դադարեցման, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Պատճառաբանություններից մեկն այն էր, որ այն գործերը, որոնցով մինչեւ սույն օրենսգիրքը ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում եւ լուծվում են մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը՝ գործող կարգով, իսկ այս գործը քննության է նշանակվել 15.03.2022-ին:
Նկատենք, որ թե տուժողը, թե ամբաստանյալը չեն ունեցել ներկայացուցիչ, պաշտպան:
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված էր խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին: Նրան առաջադրված մեղադրանքի ավարտը համարվել է 2020թ. մայիս ամիսը:
Այս գործով դատարանը կարեւորել էր «դատավարական պայմանի» առկայությունը, այն է՝ ամբաստանյալի համաձայնությունը, կարճելու գործը:
Դատարանը վերացրեց նաեւ խափանման միջոցը գաղտնալսողի նկատմամբ, հանեց նրա մեքենայի վրա դրված արգելանքը:
Վարդան Խառատյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ.
«Սիմոնյանը մտերմանալով ինձ հետ, տեղեկանալով, որ ես պատրաստվում եմ կազմակերպել արտադրություն իմ անձնական գումարներով, առաջարկում է ինձ, որ ունի կապեր Չինաստանում, ավելի լավ գներով կարող է ձեռք բերել սարքավորումներ: Խաբելով ինձ, մաս-մաս ինձնից ստացել է 56 850 ԱՄՆ դոլար, որի համար իր ձեռագրով գրել եւ ստորագրել է պարտքերի ցուցակը: Քանի որ գումարներն ի սկզբանե վերցրել էր տարբեր պատճառներով ինձ խաբելու եղանակով, իմ տանը տեղադրել է գաղտնալսման սարք, սպանության «նախապատրաստման» նպատակով: Սարքն առգրավել են իմ տնից քննչական մարմինները: Նա գազի արտահոսքի միջոցով փորձ էր արել իմ տունն ու ինձ պայթեցնել, վերջնականապես տիրանալ այդ գումարներին: Սիմոնյանը ձայնագրության մեջ ասել էր. «Էն բանը, նկատի ունենալով սարքը»:
Տուժողը բարձրացնում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը:
Խառատյանը դիմել է նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ «հանցագործության մասին» հաղորդումով, տեղեկացնելով, որ սույն անձը իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումարներ, որոնք չի վերադարձվել:
Խառատյանը գրել էր, որ մեծ գումարներ աշխատելով Մոսկվայում՝ եկել էր Հայաստան, ներդրումներ անելու, փայտամշակման արտադրություն հիմնելու նպատակով: Երբ զգացել է, որ Սիմոնյանը իրենից ստացած գումարներն անձնական կարիքների համար է օգտագործել, սպառնացել է, թե կդիմի իրավապահ մարմիններին, նա խնդրել է չդիմի, իսկ ապա կազմակերպել այն ամենը, ինչի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ, անջատվել մեկ դրվագով մաս:
Ինչ ստացվեց, ոչ գումարն է տուժողը ստացել, ոչ մահափորձի գործով տեսել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, ոչ գաղտնալսման դրվագով տեսել նրա պատիժը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2023