Լրահոս
Օրվա լրահոսը

«…Ի վերջո Ամերիկան «հաղթեց»

Հուլիս 24,2023 12:30

Հարցազրույց օպերային երգիչ, խմբավար, պրոֆեսոր Վաղարշակ Օհանյանի հետ

– Հարգարժան Վաղարշակ, 1990-ականների սկզբներին Երեւանի օպերային թատրոնում դուք հիանալի հանդես եկաք Մոսիի դերերգով՝ Արմեն Տիգրանյանի «Անուշում»։ Դա ձեր կարիերայի սկիզբն էր։ Գիտենք, որ ուսանել եք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, վոկալի ճանաչված մասնագետ, պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանում։ Հետո կարծես «անհետացաք», Մոսին էլ ըստ էության հանդիսացավ ձեր միակ դերերգը։ Հետո ընդամենը գիտենք, որ հայտնվել եք ԱՄՆ-ում։ Մինչդեռ այն տարիներին վոկալի մասնագետները, հատկապես ձեր պրոֆեսորը, փայլուն կարիերա էին կանխատեսում ձեզ համար…

– Դեռեւս կոնսերվատորիայի ուսանող էի, երբ անվանի Տիգրան Լեւոնյանը վստահեց այդ դերերգը։ Հետո նա առաջարկեց թատրոնում պատրաստել Մարգարի դերերգը՝ Չուխաջյանի «Կարինեում» եւ Պողիկտոսինը՝ Դոնիցետիի համանուն օպերայում։ Ինձ համար հիշարժան է Մոսիի կերպարով հանդես գալը, դա 1994 թվականին էր։ Այդ տարիներին միաժամանակ հանդես էի գալիս մեծանուն Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած կապելլայի ընկերակցությամբ, նաեւ հյուրախաղերի մեկնեցի նրանց հետ։ Սանկտ Պետերբուրգում, օրինակ՝ Մրավինսկու նվագախմբի հետ մասնակցեցի Մոցարտի, Ֆորեի ռեքվիեմների կատարումներին, ընդ որում՝ այնպիսի մեծանուն երգիչների հետ, ինչպիսին է մեծանուն Ելենա Օբրազցովան եւ այլն։ Երեւանի օպերային թատրոնում մասնակցել եմ նաեւ թատրոնի նվագախմբի արտիստներից կազմված կամերային կազմի համերգներին, որը ղեկավարում էր լուսահոգի Վիլեն Չարչօղլյանը։

Համերգներից մեկի ավարտից հետո ինձ մոտեցավ մի ամերիկացի՝ ներկայանալով Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտանոցի տնօրեն Մաք Քոմբի եւ հրավիրեց ուսումը շարունակել իրենց մոտ։ Կներեք, այս պահին ստույգ տարեթիվը չեմ կարող հիշել, բայց ուսումս շարունակելու նպատակով ես արդեն ընդունվել էի Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրա։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ դժվար ընտրության առաջ կանգնեցի՝ Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա։ Ի վերջո Ամերիկան «հաղթեց» եւ ինձ սպասվում էր ուսանել այնպիսի պրոֆեսորի ղեկավարությամբ, ինչպիսին է Դանիել Ֆերոյը (նրա դասարանում ուսանել են աշխարհահռչակ սոպրանոներ Աննա Մոֆոն, Քաթրին Բաթըլը եւ այլ հայտնի անուններ)։

– Հետո հավանաբար ձեզ սպասում էր Նյու Յորքի «Սիթի օպերան»։

– Այո, հենց այդտեղ 2003թ. կայացավ առաջին բեմելս։ Այդ թատրոնում գլխավոր դերերգերով հանդես եմ եկել Պուչինիի «La fanciulla del West», Ռոսինիի «Da donna del lago», Լեոնկավալոյի «Pagliacci» օպերային ներկայացումներում։ Դրանց հաջորդեցին համերգները հեղինակավոր սրահներում, այդ թվում՝ Քարնեգի, հանդես եմ եկել «Սիթի օպերայի» նվագախմբի եւ երգչախմբի ընկերակցությամբ՝ Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնից հրավիրված մեներգիչների հետ եւ այլն։ Տարիներ անց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունից հրավեր եմ ստացել մասնակցելու իրենց օպերային նախագծերին՝ Պուչինիի «Թիկնոցը», «Մադամ Բաթերֆլայ» եւ Լեոնկավալոյի «Պայացներ»։ Հիանալի հիշում եմ, որ նշածս նախագծերի մասին հենց «Առավոտում» եղան հոդվածներ։ Այս պահին մտաբերեցի, որ մաեստրո Կարեն Դուրգարյանի հրավերով մասնակցել եմ «Թիկնոցը» օպերայի ձայնագրությանը՝ մեքսիկացի դիրիժոր Կառլոս Գարսիայի ղեկավարությամբ։ Կարող եմ շարունակել թվել հայաստանյան բեմելներս։ Միայն այս պահին զգացի, որ փաստորեն Հայաստանում բեղուն գործունեություն եմ ծավալել (ժպտում է- Ս.Դ.)։


– Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի օպերային նախագծերը 2010-ից հետո են կայացել։ Ստացվում է՝ դուք այդժամ առաջին անգամ եք որպես հյուրախաղորդ հանդես եկել հայրենիքում։

– Ոչ, ոչ։ Բնակվելով եւ գործունեություն ծավալելով ԱՄՆ-ում, անընդհատ մտածում էի, թե ինչով կարող եմ պետք լինել հայրենիքիս։ Խորհրդակցելով տիկին Կոլոսարյանի հետ, որոշեցի հիմնել երիտասարդ վոկալիստների մրցույթ, նաեւ նպատակ ունեի աջակցել տաղանդավոր վոկալիստ ուսանողներին։ Փառք Աստծո, 2004թ. կարողացա այդ ամենն իրականություն դարձնել։ Հենց նույն թվին կայացավ Թամար Շահնազարյանի ակադեմիական երգեցողության առաջին մրցույթը, որի ժյուրիի կազմում էին անվանի պրոֆեսորներ Գոհար Գալաչյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Վալերի Հարությունյանը…

– Մինչ ձեզ հետ հանդիպելը մեր օպերային թատրոնի մեներգիչներից տեղեկացանք, որ վերջին շրջանում ավելի շատ դասավանդում եք, մինչդեռ…

– Մինչդեռ բախտավորություն եմ ունեցել հանդես գալ այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Զուբին Մեթթան, Քուրթ Մազուրը… Ձեզ ճիշտ են տեղեկացրել. շուրջ 20 տարի դասավանդում եմ Նյու Յորքի կատարողական արվեստի դպրոցում՝ ղեկավարելով վոկալ բաժինը եւ հանդիսանում եմ այդ դպրոցի 120 հոգանոց երգչախմբի ղեկավարը։ Տասը տարի է՝ Քարնեգի սրահում կազմակերպում եմ Սփյուռքում արարող հայազգի երիտասարդ երաժիշտների մրցույթ, որի պարտադիր ծրագրում են հայ հեղինակների գործեր։ Իսկ 2021-ից Սուրբ ծննդյան օրերին, այլ խմբավարների թվում, ղեկավարում եմ Նյու Յորքի միակ պրոֆեսիոնալ երգչախումբը՝ 60-ամյա «National Chorale»-ն, որի համերգները տեղի են ունենում 2500 տեղանոց Լինքոլնի Դեվիդ Գեֆեն սրահում։ Ասեմ, որ Ջուլիարդ դպրոցի սաներիս միջազգային մրցույթներում հաղթանակները պատճառ դարձան, որ հրավերներ ստանամ որպես մրցույթների ժյուրիի անդամ եւ անցկացնեմ վարպետության դասեր նույնպես։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք «Նյու Յորքի մարգարիտ» մրցույթը, որի ժյուրիի անդամների կազմում աշխատելու են 35 երկրի հրավիրյալ երաժիշտներ, գլխավորելու եմ ես։ Մի քանի օր հետո Երեւանից մեկնելու եմ Հռոմ՝ մասնակցելու վոկալիստների միջազգային մրցույթի՝ որպես ժյուրիի անդամ։

– Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակով եք Երեւանում։

– Կարճ ժամանակով եմ այստեղ, անձնական գործերով։

– Ձեզ ե՞րբ կտեսնենք մեր օպերային թատրոնի բեմում։

– Կտեսնեք։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31