Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Փերփերի շոու». փոքրերի համար ներկայացում, որը ռեկորդներ սահմանեց

Հուլիս 24,2023 12:00

2022 թ.-ից «Փերփերի շոուն» արդեն բեմում է. նախագծի հեղինակների խոսքով՝ այս նախագծի վրա աշխատելիս՝ հստակ գիտեին, որ յութուբյան հարթակում էպիզոդներ ներկայացնելուց բացի, հանդես են գալու նաեւ ներկայացմամբ։ Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի խոսքով՝ այսօր կարող են փաստել, որ «Փերփերի շոուն» հաջողված եւ սիրված նախագիծ է, ավելին՝ ներկայացումը մեկ անգամ դիտած փոքրիկներն այն դիտում են եւս մի քանի անգամ։

Պրոդյուսերի խոսքով՝ փոքրիկների համար փորձել են ոչինչ չխնայել, ըստ նրա՝ նույնիսկ մանրուքներին մեծ ուշադրություն են հատկացնում, ինչի արդյունքում էլ երեխաները վայելում են լուսային եւ ձայնային էֆեկտներով ժամանակակից շոու ներկայացում, ավելին՝ ամբողջ ընթացքում նաեւ գործողությունների անմիջական մասնակիցն են լինում։

Յութուբյան հարթակում 12 մասով եւ 11 երգով ներկայացած «Փերփերի» զվարճալի, ուսուցողական, երաժշտական նախագիծը վաղուց է դիտումների ռեկորդներ սահմանել, չնայած մեծ հաջողությանը՝ բուն հերոսներին հեղինակները չեն ցանկանում բացահայտել։

«Մենք նրանցից հանրային կերպարներ դարձնելու նպատակ եւ ցանկություն չունենք,  ըստ մեզ՝ երեխաները  չպետք է նույնիսկ իմանան, թե ովքեր են իրենց սիրելի կերպարները, այդ դեպքում՝ կախարդանքն էլ կանհետանա։ Նրանք պետք է շարունակեն սիրել Փերփերիին, Վագրոյին, Նապային եւ Խոզոյին, իսկ թե ովքեր են դիմակների հետեւում՝ թող այդպես էլ գաղտնիք մնա»,-շեշտեց ռեժիսորը։

Վերջինիս խոսքով՝ նախագծի վրա աշխատելիս ամենակարեւոր դրվագներից մեկը, իհարկե, կերպարների վրա իրականացրած աշխատանքն էր։

«Երբ նոր էինք աշխատում «Փերփերիի» վրա, հստակ գիտեինք, որ մեզ պետք է հրաշագործ մեկը, ով այդ հրաշքները կիրականացնի երեխաների համար։ Գիտակցելով, որ փոքրիկները սիրում են երգեր, հասկացանք, որ երգող հերոսուհին ավելի նպատակահարմար կլինի։ Իսկ ո՞վ կարող է լինել հրաշագործ եւ գեղեցիկ, իհարկե, փերին։ Անվան տարբերակներ ունեինք, սակայն նախընտրեցինք հենց Փերփերի տարբերակը։ Մեզ անհրաժեշտ էր նաեւ կերպար, ով հետաքրքիր կլիներ տղաներին. այդպես էլ ստացանք Վագրոյին. ուժեղ, արդար եւ բարի կերպար, ում տղաները շատ են սիրել։ Անվան դեպքում, որոշեցինք հեռու չգնալ։ Հատուկ աղջիկների համար էլ կերպար ստեղծեցինք՝ Նապային։ Պետք էր եւս մեկ կերպար, ով կլիներ չարաճճին, ում սխալների միջոցով ցույց կտայինք, թե ինչ չի կարելի անել։ Ստեղծվեց Խոզոն»,-ասաց Արտյոմ Հակոբյանը։

Նշենք, որ ներկայացման ժամանակ բուն հերոսներից բացի, հայտնվում են նաեւ էկրանային կերպարներ։

Այսօր գրեթե բոլոր մանկական խնջույքների ժամանակ  հնչում են «Փերփերիի» երգերը, ըստ պրոդյուսերի՝ երգերի՝ նման մասսայականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք ստեղծելիս՝ աշխատել են այնպես, ինչպես կանեին ոչ մանկահասակ լսարանի համար: «Չգիտես՝ ինչու, կարծրատիպ կա, որ եթե երեխա է երգում եւ լսարանն էլ երեխաներ են, ապա պետք է ոչ մեծ ուշադրություն դարձնել ստեղծման փուլին։ Մենք, իհարկե, այդպես չենք մոտեցել։ Մեր թիմի անդամ է տաղանդավոր երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր Արտեմ Վալտերը, ով երեխաների համար հրաշալի երգեր է ստեղծել՝ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով։ Նույն մոտեցումն է նաեւ պարերի հանդեպ. մեզ հետ աշխատում է Վիկա Մարտիրոսյանը։ Այս ամենի արդյունքում ունենք այս պատկերը. միշտ լեփ-լեցուն դահլիճ, որն ամբողջ ընթացքում երգում եւ պարում է, ինչպես նաեւ էպիզոդներ, որոնք յութուբյան հարթակում մեծ դիտելիություն ունեն»,-ասաց պրոդյուսերը։

Հավելենք, որ Փերփերիին, Վագրոյին, Նապային եւ Խոզոյին մանուկները կրկին կհանդիպեն աշնանը։ Հեղինակները խոստանում են, որ հերոսները կվերադառնան նոր երգերով եւ նոր լուծումներով։

 Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31