Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր առաջարկում են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, թող հավաքվեն, գնան 6 ամիս Բաքվում ապրեն։ Եթե վերադառնան, կխոսենք»

Հուլիս 24,2023 14:30

«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

– Տիկին Վարդանյան, Արցախում իրավիճակը ծայրահեղ է, ի՞նչ պետք է անել։

-Յոթ ամիս է՝ Արցախում ՀՀ քաղաքացիություն ունեցող 120 հազար անձինք գտնվում են ամբողջական շրջափակման մեջ։ Ես ուզում եմ սա շեշտել, որովհետեւ 120 հազար մարդը չունի Ռուսաստանի, Չինաստանի կամ ԱՄՆ քաղաքացիություն, նրանք Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող մարդիկ են, ում իրավունքները պաշտպանելը ՀՀ իշխանության սահմանադրական պարտականությունն է։ Այս իրավիճակում մենք պետք է երկու հարց տանք՝ կա՞ն արդյոք քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել, բայց չեն ձեռնարկվում, եւ ո՞վ պետք է ձեռնարկի այդ քայլերը։ Առաջին հարցի պատասխանը միանշանակ է՝ այո, կան քայլեր, որոնք չեն ձեռնարկվում։ Հումանիտար այսպիսի ճգնաժամերի ժամանակ միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, օրինակ, օդային միջանցք բացելը։ Լավ, ճանապարհը փակ է, բայց օդանավով անհրաժեշտ ուղեբեռ հասցնում են՝ որպես հումանիտար օգնություն։ Այսպիսի պահանջ Հայաստանի Հանրապետությունը որեւէ մեկի առաջ դրե՞լ է։ Իմ պատասխանը՝ որպես պատգամավոր, որը շփվում է միջազգային պատվիրակությունների ու այլ երկրների ներկայացուցիչների հետ, միանշանակ է՝ ոչ։ Սա ոչ ստանդարտ իրավիճակ է, եւ ոչ ստանդարտ լուծումներ են պետք։ Մեր կառավարական ինքնաթիռն ինչի՞ համար է, եթե այս ճգնաժամային իրավիճակում Արցախին հումանիտար օգնություն չպետք է հասցնի։ Հետեւաբար, կան քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն, բայց դրանք չեն ձեռնարկվում, որովհետեւ ձեռքերը լվացած վիճակ է։

– Դրա փոխարեն կարծես ողջունվում է Ադրբեջանի այն հայտարարությունը, որ պատրաստ են Ակնայի ճանապարհով օգնություն ուղարկել Արցախին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Ճգնաժամի ամբողջ ակունքն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ներկայացնողները, ովքեր ընտրություններին մասնակցել են «Անջատում հանուն փրկության» թեզով եւ մանդատ են ստացել դա իրականացնելու համար, Արցախն ապօրինի ճանաչել են Ադրբեջանի մաս։ Եվ դրանից հետո է Ադրբեջանն իրավունք ստացել ասելու, որ՝ եթե իմ պետության տարածքն է, ես կվարվեմ այնպես, ինչպես նպատակահարմար կգտնեմ։ Աղդամով Արցախի որեւէ օգնություն ստանալը դա ճանապարհ է դեպի մահ, ինչպես նշել էին ցուցարարները, ովքեր այդ ճանապարհը փակել էին։ Այո, դա դժոխք տանող ճանապարհն է։ Ովքեր հիմա առաջարկում են, որ արցախցիներն Աղդամով օգնություն ստանան, Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ես ավելի կառուցողական առաջարկ ունեմ, այդ մարդիկ թող հավաքվեն, գնան 6 ամիս Բաքվում ապրեն։ Եթե իրենց հետ ամեն ինչ կարգին լինի, վերադառնան, կխոսենք։ Կարիք չկա պատմությունն անընդհատ կրկնել, Գուրգեն Մարգարյանի սպանությունն ենք հիշում, 2020 թվականի պատերազմական հանցագործություններն ենք հիշում, Թալիշում մարդկանց գլուխ ու ականջ կտրելն ենք հիշում։ Պետք չէ անընդհատ նույն սխալներն անել ու գալ եզրակացության, որ Ադրբեջանը չի կարող լինել որեւէ հայի անվտանգության երաշխավորը։

– Ադրբեջանական մամուլում տեղեկություն կա, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ նաեւ բանակցությունների թեմա է եղել, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Հայաստան։ Այսինքն՝ հայկական կողմը բանակցում է այս հարցով, սա ի՞նչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։

– Մեր ամենամեծ դժբախտություններից մեկն այն է, որ այսօր այս պարտադրանքի գործընթացում, որովհետեւ բանակցություն չկա, կա միայն ադրբեջանական օրակարգ, Հայաստանը պարզապես քննարկում է՝ ինչպես անել, որ Հայաստանում այդ պահանջները բավարարվեն։ Իսկ այդ պահանջները ոչ միայն երեւակայական թվով ադրբեջանցիների վերադարձն է, այլ նաեւ հայաստանից տարածքային պահանջներ են, գումարային աննախադեպ փոխհատուցումներ են։ Ո՞րն է սրա հետեւանքը՝ հայկական պետության՝ որպես գործոն վերացումը։ Պատերազմը միայն դրոններով չէ, պատերազմն այդ թվում՝ քաղաքականությամբ, փափուկ ուժով է, տնտեսական էքսպանսիայով է եւ բնակչության բնակեցմամբ։ Տարածքի պատկանելության հարցն առաջին հերթին որոշվում է նրանով, թե ովքեր են այդտեղ բնակվում։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք ժողովրդագրական խնդիր ունենք, եւ մի քանի տասնամյակների հարց կարող է լինել, օրինակ, Երեւանի Կոնդ թաղամասն ադրբեջանական հայտարարելը։ Դրա համար ենք ասում, որ խնդիրը Արցախյան չէ, խնդիրը հայկական է։ Եվ Ադրբեջանի նպատակը չի եղել միայն Արցախով բավարարվելը, Արցախը եղել է որպես պլացդարմ՝ հայկական գործոնը տարածաշրջանում վերացնելու համար։ Ադրբեջանական պահանջների բավարարումը բերելու է հայկական պետության՝ որպես գործոնի վերացմանը։ Մենք արդեն տեսնում ենք, որ խնդիր է դառնում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում արձան տեղադրելը։ Ես հարցնում եմ՝ եթե այդ պայմանագիրը կնքվի, իսկ մենք դպրոցներում կարողանալո՞ւ ենք մեր պատմությունը սովորել, կարողանալո՞ւ ենք մեր երգերը երգել, մեր պարերը պարել, Ծիծեռնակաբերդ կարողանալո՞ւ ենք այցելել, Եռաբլուրը շարունակելո՞ւ է լինել։ Եթե Ադրբեջանն է դառնալու որոշողը եւ Հայաստանի անվտանգության երաշխավորը, ոչ։ Բանակցություններում ադրբեջանական օրակարագը բավարարելը բերելու է սրան։ Դրա համար եմ ասում, որ պայքարից զատ՝ այլ ճանապարհ չունենք։

– Դուք խոսում եք պայքարի մասին, բայց խորհրդարանական ընդդիմությունը պասիվ է իր գործողություններում, ինչո՞ւ, արձակուրդների շրջա՞ն է, թե՞…

– Եղանակը չի կարող պայմանավորել գործողությունները։ Ընդդիմությանը մենք տեսել ենք ձյան ժամանակ, Նոր տարվա գիշերը ցույց անելիս, տեսել ենք նախորդ տարվա այս ժամանակաշրջանում։ Օրինակ՝ մեկ շաբաթ առաջ Դաշնակցությունը 24-ժամյա նստացույց էր անում 5 դեսպանատների առջեւ։ Հիմա Արցախում է սկսել գործընթաց, եւ կա վտանգ, որ Արայիկ Հարությունյանի կողմից կարող է մսխվել համաժողովրդական բողոքը եւ ուղղորդվել սխալ ուղղությամբ։ Եվ կան Հայաստանում մի քանի խմբեր, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում եւ մինչ այժմ ավելի պասիվ են եղել։ Մենք աջակցում ենք այդ բոլոր նախաձեռնություններին, շարունակում ենք դիվանագիտական ճակատում ջանքերի գործադրումը, շարունակում ենք աջակցությունը Հայաստանում բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են պաշտպանելու Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի հայերի իրավունքները։ Բնական է, որ ընդդիմությունը հասկանում է, որ դրանով հարցը չի լուծվում։ Մեր գնահատականում փոփոխություն չկա՝ գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ Եվ մեր գործողությունների կազմակերպումն այդ տրամաբանության մեջ է, այդ հարցը լուծելու համար Հայաստանում պետք է դեռեւս նախադեպը չունեցող մոբիլիզացիա ունենալ։ Այս փուլում դա դեռեւս չկա, որովհետեւ դրա համար անհրաժեշտ աշխատանքներ պետք է կատարվեն։ Ես չեմ պատկերացնում տարբերակ, որ ճգնաժամը պետք է լուծվի առանց այդ մոբիլիզացիայի։ Այդտեղ էլ մեր պատասխանատվությունը հստակ տեսնում ենք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31