Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սննդանյութերի հավելումները թեև հրաշքներ չեն գործում, բայց կարող են բարի ծառայություն մատուցել՝ ճիշտ և տեղին օգտագործվելու դեպքում

Հուլիս 24,2023 09:30

Սննդային հավելումները, վիտամիններն ու հանքանյութերը հատկապես վերջին շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում առողջ ապրելակերպով հետաքրքրվող մարդկանց շրջանում։ Սակայն սննդաբաններն ու առողջապահության ոլորտի այլ մասնագետները հիշեցնում են, որ նմանատիպ հավելումների օգտագործումն առանց համապատասխան անալիզների ու նշանակումների նպատակահարմար չէ, և ընդհանուր առմամբ հնարավոր է բոլոր անհրաժեշտ սննդանյութերը ստանալ սննդի միջոցով։

Այնուամենայնիվ որոշ դեպքերում կոնկրետ սննդանյութերի անհրաժեշտություն է առաջանում, և դրանց օգտագործումը կարևոր է դառնում առողջական մի շարք խնդիրների լուծման համար։

Սույն հոդվածում մենք դիտարկում ենք առողջությանն ու կենսակերպին վերաբերող կոնկրետ դեպքերի համար անհրաժեշտ կոնկրետ սննդանյութերը, որոնց օգտագործումը նույնպես պետք է համաձայնեցնել բժշկի հետ։

1. Երբ մարդն ունի սակավարյունություն

Երկաթ-դեֆիցիտային սակավարյունությունը հաճախ հանդիպող խնդիր է հատկապես վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում, թեև յուրաքանչյուրն էլ իր կյանքի ընթացքում երբևէ կարող է բախվել այդ խնդրին։ Երկաթ-դեֆիցիտային սակավարյունության զարգացման պատճառները տարբեր են, և հարկավոր է հետազոտվել՝ խնդրի բուն էությունը պարզելու համար։ Անհրաժեշտ քանակով երկաթ չստանալու դեպքում օրգանիզմը չի կարողանա արտադրել հեմոգլոբին սպիտակուցը, որի օգնությամբ արյունը մարմնի հյուսվածքներին թթվածին է հասցնում։ Ահա թե ինչու է երկաթի անբավարարությունը թուլություն, հոգնածություն, գլխապտույտ ու գլխացավ առաջացնում։

Բարեբախտաբար այդ վիճակը բուժվում է սննդակարգի և հավելումների օգնությամբ։ Բժիշկը կարող է նշանակել պերօրալ ընդունվող երկաթ և վիտամին C, որը բարելավում է երկաթի յուրացումը։

2. Երբ մարդն ունի 2-րդ տիպի շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետը լուրջ հիվանդություն է, որը մշտական հսկողություն է պահանջում։ Դրանից բացի դեռևս շարունակվում են հետազոտություններն այն հավելումների, որոնք միտված են այս հիվանդության դեմ պայքարելուն, և ներկայումս չկան հստակ ապացույցներ, որ դրանք կարող են բարելավել դիաբետ ունեցող մարդկանց վիճակը, եթե, իհարկե, նրանց մոտ չի հայտնաբերվել այս կամ այն սննդանյութի անբավարարություն։ Հետազոտություններում դրական արդյունք են ցուցաբերել բերբերինն ու վիտամին D-ն։

2019 թ․-ին Endocrine Journal-ում հրապարակված զեկույցում նշվել է, որ բերբերինը նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետ ունեցողների արյան մեջ գլյուկոզի մակարդակը և բարձրացնում շաքարը նվազեցնող դեղամիջոցների արդյունավետությունը։ Քանի որ բերբերինը չի պարունակվում սննդամթերքի կազմում, այն պետք է ընդունել հավելումների տեսքով՝ բժշկի հետ այդ որոշումը քննարկելուց հետո։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կապ կա օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի և 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց գլիկեմիկ ցուցանիշի հսկողության միջև։ 2023 թ․-ի հունվարին BMC Endocrine Disorders ամսագրում հրապարակված զեկույցում նշվում է, որ վիտամին D-ն օգտակար է 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց համար, քանի որ այդ վիտամինի ցածր մակարդակը կարող է նպաստել ինսուլինառեզիստենտության զարգացմանը։

3. Մարդն ունի քնի հետ կապված քրոնիկ խնդիրներ

Անքնության դեպքում խորհուրդ տրվող հավելումներից է մելատոնինը, որի ընդունումը նույնպես պետք է համաձայնեցնել բժշկի հետ, քանի որ այս հավելումն ունի կողմնակի ազդեցություններ և դեղաչափի որոշման կարիք կա։

Քնի խանգարումների դեպքում ավանդաբար օգտագործվող հավելումներից է կատվախոտը (վալերիանա), որի արդյունավետությունն ապացուցվել է 2020 թ․-ին հրապարակված ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտությամբ, որի համաձայն կատվախոտն արդյունավետ է քնի որակի բարելավման և անհանգստության նվազեցման տեսանկյունից և անվտանգ է կարճաժամկետ (մինչև 28 օր) օգտագործման դեպքում։

4. Մարդը վեգան է կամ բուսակեր

Վեգանների և բուսակերների սննդակարգը առողջության համար մի շարք առավելություններ ունի, օրինակ՝ քաշի, խոլեսթերինի մակարդակի նվազեցում և այլն, այնուամենայնիվ կենդանական ծագման որոշ մթերքներից հրաժարվելը կարող է սննդանյութերի անբավարարության հանգեցնել։

Վեգանների սննդակարգի դեպքում B12 վիտամինի ընդունումը լավ գաղափար է, քանի որ այդ սննդանյութի անբավարարությունն առաջացնում է հոգնածություն, թուլություն, իսկ լուրջ պակասը հղի է առողջության համար լուրջ վտանգներով։

Բուսակերները (եթե չեն օգտագործում կաթնամթերք) կարող են դիտարկել կալցիում և վիտամին D ընդունելու անհրաժեշտությունը, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուների, եթե խուսափում են ձկնեղենից ու ծովամթերքից։

5․ Կինը հղի է կամ կրծքով է կերակրում

Հղիության և կերակրման ընթացքում անհրաժեշտ սննդանյութերը կարող են շատ տարբեր լինել՝ կախված կոնկրետ օրգանիզմի առանձնահատկություններից։ Մանկաբարձների ու գինեկոլոգների ամերիկյան քոլեջը կարևորում է հատկապես այս սննդանյութերի դերը հղիության ընթացքում՝ ֆոլաթթու, յոդ, երկաթ, կալցիում, վիտամին D, խոլին, օմեգա-3 ճարպաթթուներ, B խմբի վիտամիններ, վիտամին C:

6. Կնոջ մոտ սկսվել է դաշտանադադարը

Նախադաշտանադադարին ու դաշտանադադարին բնորոշ տհաճ ախտանշանները ևս կարելի է թեթևացնել սննդանյութերի օգնությամբ։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ սրոհունդը բարելավում է դաշտանադադարի ախտանշանները՝ ունենալով նվազագույն կողմնակի ազդեցություններ։

Գայլուկը մեկ այլ բույս է, որը կարող է օգտակար լինել որպես թուլացնող և հանգստացնող միջոց, որի արդյունավետությունը հաստատվել է փոքրիկ հետազոտությունով․ դաշտանադադարի շրջանում գտնվող 120 կանայք, որոնք 500 մգ գայլուկ են ընդունել, նկատել են առլեցումների քանակի նվազեցում։

7. Մարդն ունի վերքեր, վնասվածքներ, գտնվում է հետվիրահատական շրջանում

Վիտամիններն ու հանքանյութերը զարմանալի դեր ունեն վերքերի ապաքինման գործում։ Եթե մարդը վիրահատվել է կամ վնասվածք ստացել, որոշ սննդանյութեր կարող են արագացնել վերականգնումը։ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով, վիտամին C-ն և ցինկը կարող են օգտակար լինել այդ հարցում։ 2022 թ․-ին «Հակաօքսիդանտներ» ամսագրում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ վիտամին С-ն բարելավում է պառկելախոցերի ապաքինումը։ Որոշ հետազոտություններ էլ հաստատել են վաղենակի մզվածքի դրական ազդեցությունը վերքերի ապաքինման, բորբոքման նվազեցման և տեղային հակաբակտերիալ ազդեցության հարցում։

8. Մարդն ունի մարսողական խնդիրներ

Բազմաթիվ են այն հավելումները, որոնց վերագրվում են մարսողական համակարգի խնդիրները լուծող հրաշալի հատկություններ, սակայն մենք առանձնացրել ենք այն օրինակները, որոնց արդյունավետությունն ապացուցվել է հետազոտություններով։

Կոճապղպեղի արմատ․ Nutrients-ի՝ 2020 թ․-ի հունվարին անցկացված հետազոտության համաձայն՝ կոճապղպեղը կարող է նվազեցնել սրտխառնոցն ու փսխումը հղիության ընթացքում, նվազեցնել բորբոքումն ու բարելավել մարսողական ընդհանուր գործառույթը։

Պրոբիոտիկներ․ Կենդանի բակտերիաների որոշ շտամները կամ պրոբիոտիկները կարող են բարելավել աղիների առողջությունը՝ հոգալով առողջ ու հավասարակշռված միկրոբիոմի մասին։

Պրեբիոտիկներ․ պրեբիոտիկ բջջանյութը «սնուցում» է աղիների օգտակար մանրէներին՝ հոգալով մարսողական համակարգի առոջղության մասին։

Մարսողական ֆերմենտներ․ սնունդը ճիշտ մարսելու համար օրգանիզմը որոշակի ֆերմենտներ է օգտագործում, սակայն որոշ դեպքերում դրանց արտադրությունը խաթարվում է (այդ փաստը ախտորոշվում է բժշկի կողմից), և այդ ժամանակ օգնության են գալիս հավելումները։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31