«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Այն դժվարությունները, փորձությունները, որոնց միջով անցնում է արցախցին, ոչ միայն անմարդկային են, այլև անհավանական են թվում 21-րդ դարում։
Բայց եթե գիտես հանուն ինչի ես դիմակայում, դա ուժ է տալիս։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անկումային տրամադրությունները գլուխ չբարձրացնեն Արցախում: Դրա համար We Are Our Mountains գործակալության միջոցով տարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Հունիսի 15-ից հետո, երբ Արցախը հայտնվեց ադրբեջանական պաշարման մեջ, մեր որոշ ենթակառուցվածքային ծրագրեր ավելի պասիվ փուլում են գտնվում, բայց փոխարենը շարունակում ենք կրթական ծրագրերը՝ օգտագործելով առցանց հնարավորությունները։
Շարունակվում է ագրոճամբարի ծրագիրը մեր գործընկեր Climate Uturn-ի հետ, CaseKey-ի հետ իրականացվում է Բիզնես քեյսերի լուծման առցանց դասընթացը, հուլիսի 28-ին Matena International School of Leadership and Professional Development կսկսի 4-րդ կրթական ծրագիրը Արցախում։
Հպարտություն եմ զգում, երբ արցախցի հարյուրավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, անտեսելով կյանքի ու կենցաղի դժվարությունը, կիսաքաղց վիճակը, պարտաճանաչ մասնակցում են առցանց պարապմունքներին՝ մրցունակ գիտելիք ստանալու համար։ Սա վկայում է այն մասին, որ անհնարին է կոտրել արցախցու ոգին ու կամքը՝ թե՛ մեծի, թե՛ փոքրի: