Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված տավուշցի փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 52 տարեկան։
Արմեն Միքայելի Օհանյանը ծնվել է 1971թ.։ Կրթությունը ստացել է ՌԴ-ում, ապա տեղափոխվելով ՀՀ՝ նվիրվել է հայրենիքի պաշտպանության գործին։ 2016թ․-ից հանդիսացել է Իջևանի N զորամասի հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։
Անգնահատելի է փոխգնդապետ Արմեն Օհանյանի կատարած աշխատանքը մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում:
Մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները: Ծառայության ընթացքում իր պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայության»,«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ»,«Մարտական Հերթապահության I-ին կարգի աստիճան»,«Անբասիր ծառայության» I-ին, II-րդ, III-րդ աստիճանի գերատեսչական,«Բանակի 20 տարի» հոբելյանական մեդալներով և «Երկրապահ կամավորականների միության» հուշամեդալով:
Կարդացեք նաև
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում բացվել է Արմեն Օհանյանի անկյունը, իսկ N զորամասի տարածում տեղադրվել է հուշաքար` փոխգնդապետի հիշատակին:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Զինուժի