Հայտարարություն Արցախում ահագնացող հումանիտար աղետի վերաբերյալ․ հայտարարությունը բաց է միանալու համար
Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Արդեն 224 օր շրջափակված Արցախում նորանոր չլուծվող ու ողբերգության հասցվող խնդիրներ են առաջ գալիս։ Այս աղետալի իրավիճակը էլ ավելի է սրվել վերջին վեց շաբաթվա ընթացքում։ Հատկապես ստեղծված պայմաններում ծանր է հղի կանանց, կերակրող մայրերի, մանկահասակ երեխաների, հատուկ խնամքի կարիք ունեցող խոցելի խմբերի վիճակը։
Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը՝ թերսնման հետևանքով, իսկ հղի կանանց մեծամասնությունն ունի սակավարյունություն՝ դեղորայքի բացակայության պատճառով։ Առողջապահական ծառայությունները լիարժեք չեն գործում թե՛ դեղորայքի բացակայության, թե՛ վառելիքի սակավության պատճառով։
Արցախում մեծագույն խնդիր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը, որն անմիջական ազդեցություն է ունենում հատկապես կանանց առողջության վրա։
Շարունակական էլեկտրամատակարարման, գազամատակարարման ընդհատումներին կարող է ավելանալ նաև ջրամատակարարման խնդիրը:
Կարդացեք նաև
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն կոչնակ է հնչեցնում Արցախում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների աղաղակող խախտումների վերաբերյալ, որոնք հիմնված են ազգային ատելության վրա և ունեն էթնիկ զտումներ իրականացնելու նպատակ։
Այս առնչությամբ կոչ ենք անում մեր գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպություններին, ջանքերը մեկտեղել Արցախում ստեղծված անմարդկային իրավիճակի վերաբերյալ բողոքի ձայն հնչեցնելու ուղղությամբ։
Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի պարենային հիմնադրամին և աջակցություն խնդրել։
Այլևս հապաղել չի կարելի։
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ