Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցում, կարծես թե, եկել է անկեղծության պահը․ «Հայացք Երևանից»

Հուլիս 23,2023 10:07

Արցախի հարցում, կարծես թե, եկել է անկեղծության պահը: Դիմակահանդեսն ավարտված է, մի կողմ են դրված դիմակները, եւ խաղը դառնում է բացահայտ: Արեւմուտքը չի թաքցնում իր նպատակը՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. այս փուլում առայժմ միայն այդտեղից, իսկ Իրանը շրջափակել հյուսիսից՝ նրան կտրելով Մոսկվայից: Ռուսաստանն ու Իրանը արդեն դառնում են ռազմավարական դաշնակիցներ եւ գնում են էլ ավելի խորացված ռազմական համագործակցության, իսկ Թուրքիան՝ «անառակ որդին», վերադառնում է Արեւմուտքի գիրկը:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ Արցախի խնդիրը հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել: Բրյուսելում Արեւմուտքն առաջարկում է Արցախի մատակարարումն իրականացնել Աղդամի կողմից, այսինքն՝ Ադրբեջանի հետ Արցախի «ինտեգրման» համար կատարել ամենավճռական քայլը: Իսկ ինչպե՞ս են այդ ծրագրերին վերաբերվում Ռուսաստանն ու Իրանը: Այստեղ նույնպես սկսել են խոսել առանց դիվանագիտական պաճուճանքների:

Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական, նախագահներ Խամենեիի եւ Ռաֆսանջանիի օրոք արտաքին գործերի նախարար, Իրանի գերագույն առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բացառիկ հոդված է հրապարակել, որտեղ Ռուսաստանին եւ Իրանին կոչ է անում զգուշանալ՝ ընդգծելով, որ Կովկասում ցանկացած անփութություն կարող է տարբեր երկրներից ներխուժումների պատրվակ դառնալ: Նա զգուշացրել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների աճող ազդեցության մասին՝ հայտնելով, որ նրանք կփորձեն մեծացնել լարվածությունը Հարավային Կովկասի զգայուն տարածաշրջանում, ինչը կվտանգի ՌԴ-ի եւ Իրանի անվտանգային շահերը:

Վելայաթին զգուշացրել է տարածաշրջանում խնդիրների չափազանց պարզեցումից՝ շեշտելով, որ Հարավային Կովկասի անտեսումը կարող է հանգեցնել ազդեցության տարածմանը Հյուսիսային Կովկաս, Կասպից ծով եւ նրա հարակից երկրներ. «Մեր ռուս գործընկերները պետք է զգույշ լինեն եւ իմանան, որ ամենափոքր անփութության դեպքում Կովկասը կարող է դառնալ հարձակման թիրախ եւ մրցակցության ասպարեզ տարբեր շահագրգիռ երկրների կողմից, որոնք կոտնահարեն Ռուսաստանի եւ ԻԻՀ-ի շահերը»,- գրել է նա։

Վելայաթիի հոդվածից հետո հնչել է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը. «Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղիները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին Մոսկվայում կարող է հաջորդել հայ-ռուս-ադրբեջանական գագաթաժողովը՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31