ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է «Սումգայիթ» բաժինը, որը խիստ արժեքավոր ու փաստական նյութեր էր պարունակում մարդկության դեմ ուղղված ադրբեջանական հանցագործությունների մասին։
Բաժինը բացվել էր դեռեւս 2010 թվականին, որտեղ հրապարակվել էր 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը։
«Սումգայիթ» էջն ուներ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում հրապարակվել էին սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների եւ հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները, տուժածների եւ իրավահաջորդների ցուցմունքները, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքները: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել էին ըստ վարչատարածքային միավորների՝ ներառելով նաեւ Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող նյութերը։
Դատախազությունն այն ժամանակ թվայնացրել էր քրեական գործի նյութերը՝ համագործակցելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, իսկ թվայնացման աշխատանքներին ներգրավվումը եղել էր կամավոր հիմունքներով։ Էլեկտրոնային արխիվի հիման վրա էլ ստեղծվել էր բաժինը, այսինքն՝ այն պարունակում էր բացառապես փաստավավերագրությունները՝ թույլ չտալով մարդկության դեմ կատարված հանցագործությունների կեղծումը, քողարկումը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում