Շրջափակված Արցախում առավել խոցելի խավերից է 44-օրյայի հետևանքով բռնի տեղահանված Հադրութի բնակչությունը: Առկա խնդիրները կրկնակի դժվարությամբ են ծանրացած նրանց ուսերին: Դրանց հաղթահարման ուղիների առաջարկով և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակում միասնական ջանքերով գործելու նախաձեռնությամբ, այսօր «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժման անդամները «Մեր սարերը» կենտրոնում հանդիպում են ունեցել մի խումբ հադրութցիների հետ:
Անկեղծ ու անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում շարժման առաջնորդ Ռուբեն Վարդանյանը մատնանշել է մի շարք ուղղություններ, որոնցով շարժվելու դեպքում հնարավոր կլինի մեղմել առկա խնդիրները:
Դրանցից առաջնահերթը` չհուսահատվելն ու ուժերի կենտրոնացումն է` նոր հնարավորությունների փնտրտուքով: Հադրութ վերադառնալու նպատակն ունենալով ուղենիշ` պետք է ամենօրյա տքնաջան աշխատանքով մոտենալ այդ բաղձալի օրվան:
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» աշխատանքային ուղղության պատասխանատու Աշոտ Ղուլյանը հադրութցիներին ներկայացրել է շարժման նպատակներն ու գործողությունների ծրագիրը, ինչպես նաև, մատնանշել դրանց մասնակից դառնալու տարբերակները:
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ»