Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն Արցախի փրկության․Կապանում խաղաղ հավաք էր (ֆոտոշարք)

Հուլիս 22,2023 23:30

Հուլիսի 22-ին Սյունիքում գործող քաղաքացիական հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին Սյունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի առաջ։ Նրանք միացել էին «Բացում․ մենք Արցախի կողքին ենք»  քաղաքացիական շարժմանը։ Չնայած մեկ օր առաջ սոցցանցերով հայտարարություն էին տարածել հավաքի մասին, այնուամենայնիվ մասնակիցների թիվը քիչ էր։

«Այստեղ ենք, որպեսզի մեր ձայնն էլ միացնենք այն հազարավորներին, այն միլիոնավորներին, որոնք կոչ են անում միջազգային կառույցներին, պետական  ու պատկան մարմիններին՝ վերացնելու Արցախի շրջափակումը, բացելու  ճանապարհը։ Այսօր արդեն հղի կանայք ունեն սննդի կարիք, վիտամիններն էլ է վերջանում։ Մինչեւ ե՞րբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Բաղաբերդ» հասարակական կազմակերպության նախագահ, ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը։

«Ծիածան․ առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի համոզմամբ՝ «մի քիչ ուշացել են»։ «Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձեւը, որով նաեւ հակամարտությունների ժամանակ պիտի պաշտպանվեն կանանց, ծերերի ու երեխաների իրավունքները։ Ես պահանջում եմ այն  բոլոր ուժերից, որոնք ցավում են 30 հազար երեխայի սովամահության, ցավում են այն հղի կանանց համար,  որոնք արդեն երեխաներին են կորցնում, ցավում են այն ծերերի համար, որոնք ուշաթափվում են, անհապաղ բացել ճանապարհը»,-նշեց տիկին Մարտիրոսյանը։

«Արկ-մեդիա» տեղեկատվական կենտրոնի համահիմնադիր Սիրանույշ Վարդանյանը   նոր է պատկերացնում, թե ինչո՞ւ  տեղի ունեցավ 1915 թվականի ցեղասպանությունը։ «Երբ 7 տարեկանում լսեցի ցեղասպանության մասին, հարցրի՝ բա մնացածը ի՞նչ էին անում։ Հիմա եմ հասկանում՝ թե միլիոնուկեսը ոնց են կոտորվել»,-ասաց տիկին Վարդանյանը։ Նա երկրի իշխանություններից՝ Արցախի հարցում հստակություն է պահանջում։

Հետաքրքիր է, որ հավաքվածներից ոմանք առաջարկում էին պայքարը դարձնել քաղաքական, որովհետեւ միայն քաղաքական ճանապարհով պիտի լուծվի արցախյան հարցը։  Սակայն մի մասն այլ կարծիքի էր՝ «դավաճաններ որոնելու ժամանակը չի, օրակարգում սովամահ Արցախն է»։

«Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի»  պատասխանատու Անի Սարգսյանը, որը նաեւ կապանյան հավաքի նախաձեռնողներից է, համոզված է՝ որ այլ կարգախոսով օրակարգեր այսօր պետք չեն։ ««ԲԱՑՈւՄ»  քաղաքացիական շարժումը ուղղված է  Արցախի մեր հայրենակիցների պաշտպանությանն ու Լաչինի միջանցքի բացմանը, հումանիտար բեռները ՄԱԿ֊-ի միջոցով փոխանցելու պահանջին։ Սա ցանցային պայքար է եւ ընդգրկել է  Հայաստանի բոլոր մարզերն  ու սփյուռքը։  Շարժումը որեւէ ներքին քաղաքական կամ կուսակցական հարցեր, նպատակներ չունի, մեր միակ խնդիրը աղետի մեջ գտնվող մեր 120000 հայրենակիցներին պաշտպանելն ու փրկելն է սովից»,-մեզ հետ զրույցում նշեց Անին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31