Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն այսօր հրավիրած քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկով՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ արտախորհրդարանական ուժերից ձեւավորել դաշինք եւ մասնակցել ընտրություններին։ Ըստ նրա՝ դաշինքը կկարողանա պայքարել «նիկոլականների» դեմ, որոնց ձեռքին են կենտրոնացած վարչական ռեսուրսները։
«Մեր դժբախտությունների միակ պատճառը ոչ միասնական լինելն է։ Ժամանակին Միասնության հարթակի հետ անընդհատ փորձում էինք ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց էլի լուրջ արդյունքի չէինք հասնում։ Եվ հիմա ես մտածում եմ, որ կարելի է գոնե այս քաղաքապետարանի ընտրությունները փորձել դարձնել առաջին քայլը, որպեսզի մենք փորձենք ինչ-որ ձեւի այդպես հավաքական ուժ ցուցադրել։ Բայց այստեղ էլ նորից բարդություններ են ծագում, որովհետեւ տարբեր քաղաքական ուժեր իրար նկատմամբ անհասկանալի են տրամադրված։ Մենք, օրինակ, առաջարկում ենք, որ արտախորհրդարանական բոլոր ուժերը, անկախ նրանից արեւմտամետ են, թե ռուսամետ, որոնք այնքան էլ հնարավորություններ ու քաշ չունեն, որ առանձին-առանձին կարողանան վարչական ռեսուրսներով հագեցած նիկոլականներին հաղթահարել, միավորվեն մի ընդհանուր դաշինքի մեջ։ Եվ փորձել այդ մեկ դաշինքով օրինակ ծառայելով՝ քաղաքապետարանի ընտրություններում հաղթել Ավինյանին, հաղթել նիկոլականներին։ Մեր այս հավաքույթը հիմնականում այդ նպատակով է»,- ասաց Սադոյանը։
Նա նշեց, որ ուզում են դնել խնդիր՝ բոլոր այն կուսակցությունները, որոնք չեն ուզում մասնակցել այդ դաշինքի աշխատանքներին, նրանց վրա է ընկնում այս դաժան իրավիճակի շարունակության մեղքի բաժինը։ Ըստ նրա՝ առաջարկում են դաշինքի քաղաքապետի թեկնածուի առաջադրման հարցը լուծել համաժողովրդական հարցման հիմքով՝ ռեյտինգային մոտեցմամբ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ