Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ անում է Փաշինյանը, անիրատեսական է, ինքն ուզում է տալ մի տարածք, որը հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին եւ երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»․ Օսկանյան

Հուլիս 22,2023 14:20

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններում այլընտրանքային լուծումների մասին իր առաջարկությանը։

«Այս գաղափարի շուրջ խոսել էի որոշ ժամանակ առաջ, ասեմ, որ բավական լուրջ քննարկումներ են եղել։ Կան հստակ դրական արդյունքներ՝ եւ Արցախից, եւ Հայաստանից, եւ Սփյուռքից արդեն դրական արձագանքներ կան, բայց ինչը շատ կարեւոր է, նաեւ՝ օտար շրջանակներից։ Եվ բոլորի մոտ արդեն միասնական կարծիք է ձեւավորվում, որ իրոք կա այլընտրանքային ճանապարհ նրան, ինչ այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են անել»,- ասաց նա։

Օսկանյանը հավելեց․ «Այն, ինչ այսօր Փաշինյանն անում է, մեր բոլորի համար շատ պարզ է, այստեղ ուղղակի վերծանելու ու վերլուծելու հարց չկա։ Ինքը շատ հստակ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, եւ այդպես էլ լինելու է։ Եվ դրա դիմաց որեւէ պահանջ չկա։ Այսինքն՝ Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ երբ այդ փաստաթուղթը ստորագրվի, փաստորեն Արցախն իր 120 հազար բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։ Այն խոսակցությունները, որ իբր Բաքուն ու Ստեփանակերտը երկխոսություն են ունենալու, եւ այլն, դա ձեւականություն է, ժողովրդի աչքին թող փչել է։ Փաստաթուղթն ստորագրելուց հետո համարեք, որ արդեն Արցախը լուծարված է Ադրբեջանի մեջ, եւ հարցը փակված է»։

Ըստ Վարդան Օսկանյանի՝ այն, ինչ Փաշինյանը հիմա անում է, թվում է, թե այս պահին, ելնելով իրավիճակից, հարցի լուծման տեսանկյունից ամենահեշտ ճանապարհն է։ Բայց, նրա խոսքով, դա էլ նույնիսկ հեշտ չէ, քանի որ այն, ինչ Փաշինյանն անում է, անիրատեսական է։ «Բացի նրանից, որ անհասկանալի ու անընդունելի է, նաեւ անիրատեսական է։ Ինքն ուզում է տալ մի բան, որն իրենը չէ, որ տա։ Նա ուզում է տալ մի տարածք, որը հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին։ Այնտեղ հայեր են ապրել, ինքն ուզում է տալ մի տարածք, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի  եղել։ Ինքն ուզում է տալ մի տարածք, որը նույնիսկ Սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Ինքն ուզում է տալ մի տարածք, որը նախկին 30 տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր։ Սա անիրատեսական է, սա ավելի անիրատեսական է դառնում, երբ մտածում ես, որ այսօր աշխարհում 50-ից ավելի ինքնորոշված շարժումներ կան։ Որեւէ ժողովուրդ, ազգ չի հրաժարվել այդ իրավունքից, մենք՝ հայերս առաջինն ենք լինելու։ Այս պահին 120-ից ավելի ինքնավար քաղաքական միավորներ կան աշխարհի 50-ից երկրների կազմում։ Ահավասիկ սրա համար է, որ ես ասում եմ՝ այն, ինչ Փաշինյանն անում է, անիրատեսական է։ Ավելին ասեմ, ինչ անում է Փաշինյանը, խաղաղություն չի կարող բերել, դրա համար էլ է անիրատեսական։ Սա կարող է լավ հարաբերություններ բերել Փաշինյանի իշխանության եւ Ադրբեջանի իշխանության միջեւ, բայց ոչ երբեք հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ»,- ասաց նա։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթն ստորագրի, Հայաստանը մտնելու է խորը անկայունության երկարատեւ ցիկլի մեջ, որից դուրս գալը շատ դժվար  է լինելու։ Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, ապա, ըստ Օսկանյանի, այս փաստաթուղթն ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են։ Եվ այս պայմաններում չի կարող երկրում ժողովրդավարություն լինել։ Երբ երկրի ղեկավարի անվտանգությունն ու պաշտոնը միաձուլվում են, նա չի կարող ռացիոնալ լինել իր որոշումներում։ «Եթե այս թուղթն ստորագրվի, երկրում անկայունություն է լինելու, դրա ծիլերն այսօր բոլորն են տեսնում՝ քաղբանտարկյալների առկայությունը, հալածանքները, մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելը։ Դա խորանալու է, շատ ավելի բիրտ մեթոդներ են կիրառվելու, Հայաստանը դառնալու է ոստիկանական պետություն։ Երբ այս հիմնավորումն եմ ես տալիս, հատկապես Արեւմուտքի ներկայացուցիչներին, այսօր գործող դիվանագետներին, նրանք սա միանգամից ընկալում են։ Երբ այս խնդիրն իրենց առաջ դրվում է, նրանք հասկանում են, որ օգնելով այսօր Փաշինյանին, աջակցելով, որ րոպե առաջ լուծի հարցը, որպեսզի իրենք ավելի մեծ աշխարհաքաղաքական հարց լուծեն մեր տարածաշրջանում, նրանք արդեն հասկանում են, որ մեծ վնաս են բերելու Հայաստանին ու այս տարածաշրջանին։ Հայաստանի ներքաղաքական անկայունությունն ազդելու է տարածաշրջանի խաղաղության ու կայունության վրա»,- ընդգծեց նա։

Օսկանյանն ասաց, որ իր առաջարկած այլընտրանքի շուրջ այսօր լուրջ խմբեր են ձեւավորվում՝ օտարներից բաղկացած։ «Նրանք ընդունում են այս գաղափարը։ Մենք ընդամենն ասում ենք՝ բանակցային օրակարգ պետք է բերվի այն փաստը, որ Արցախը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Միջազգային բոլոր իրավաբանները, որոնց հետ ես արդեն կապի մեջ եմ, ներգրավվելու են, նրանք այս հարցն առաջ տանելու հարցում միանշանակ նույն կարծիքին են։ Այո, այ հարցը պետք է բերվի օրակարգ, որովհետեւ այստեղ խնդրի ձեւակերպումը շատ նուրբ է, մենք ընդամենն ասում ենք՝ հարցն ուզում ենք բերել օրակարգ։ Չենք ասում՝ մենք ձգտում ենք այս կամ այն կարգավիճակի։ Այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն Ադրբեջանի մեջ եղել է ինքնավար մարզ, պետք է լինի օրակարգային հարց։ Սա նոր դռներ է բացելու։ Եթե Ադրբեջանը մերժում է այս գաղափարը, միջազգային իրավաբանները միակարծիք են, որ Արցախի ժողովուրդը միանշանակ իրավունք կունենա արտաքին ինքնորոշման ձգտել։ Միջազգային իրավունքը նրանց տալիս է այդ հնարավորությունը։ Եվ եթե մենք կարողանանք իսկապես մեր ուժերը համախմբել, այս ուղղությամբ հարցն առաջ տանել, հավատացեք, մենք արդյունքի ենք հասնելու, կարողանալու ենք փոխել բանակցությունների փիլիսոփայությունը, տրամաբանությունը, նարատիվը։ Սա շատ կարեւոր է, մենք այսօր ժամանակ չունենք, հիմա պետք է արվի։ Հայաստանի իշխանությունների ամեն մի հանդիպում՝ Բրյուսելում, Մոսկվայում, Վաշինգթոնում, խորացնում է իրավիճակը, հիմա է պահը։ Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, բայց այստեղ շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների տեղն ու դերը»,- ասաց նա։

Վարդան Օսկանյանը նաեւ նշեց, որ Փաշինյանն այսօր երկու ճանապարհ ունի։ Մեկը՝ շարունակել այն անիրատեսական ճանապարհը, որով գնում է, մյուսը՝ միանալ այս գաղափարին։ «Եվ մենք կկարողանանք մեր բոլոր ուժերով՝ պետություն, ընդդիմություն, Արցախ, Սփյուռք օտարների լայն շրջանակ, խնդիրը դնել աշխարհի առաջ, որպեսզի օրակարգային փոփոխություն լինի բանակցություններում։ Փաշինյանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, այլընտրանք կա, այլ հնարավորություններ կան։ Այլընտրանք կա առանց պատերազմի ավելի արդար ու երկարատեւ լուծման հասնելու։ Այսօր այս խաղաղությունը կարճ է լինելու, հաջորդ սերունդների վրա է բեռը լինելու, այս ձեւով ոչ ոք չի ընդունելու նման լուծում։ Ես կոչ եմ անում իշխանություններին, Փաշինյանին անձամբ, որ վերանայի իր քաղաքականությունը, միանա այս գործընթացին, բոլորս պատրաստ ենք այս նպատակի շուրջ համախմբվելու եւ հարցն առաջ տանելու»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31