Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ եվրոպական չինովնիկների մեծ մասը Ադրբեջանի նախագահ Ալիեւի վճարման փաստաթղթի մեջ երեւի գիծ ունեն»․ «Առերեսում»

Հուլիս 22,2023 22:00

2017–ի նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի ու ԵՄ միջև ստորագրված և Եվրոպական միության բոլոր անդամների խորհրդարաններում վավերացված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA) Եվրամիության կողմից մասնավորապես հանձնառություն է ամրագրված աջակցել արցախյան հակամարտության կարգավորմանը՝ նաեւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունները հակասում են այս պաշտոնական ու չչեղարկված հանձնառություններին՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանն ասաց, որ նա առաջնորդվում է շահերով․ «Ժամանակին իշխանություն կար՝ պահանջում էր այն՝ փաստաթուղթ ենք ստորագրել։ Հիմա այդ նույն փաստաթղթի տեր իշխանությունը (չէ՞ որ այդ փաստաթուղթը Հայաստանինն է) ինքն է կանգնել՝ ասում է, պետք չի ինձ, այ ձեր ցավը տանեմ, չեմ ուզում սենց անեմ՝ տվեք այդ Արցախը՝ գնա, օգնի ինձ՝ ձեւակերպեմ։ Էդ մարդն էլ օգնում է գործադիրով՝ ինչի՞ եք զարմանում»։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը հավելեց․ «Եթե հույսներդ դրել եք Եվրամիության վրա, ապա խնդրում եմ՝ ամեն ինչ մոռանաք։ Ստորագրված CEPA պայմանագրի կապակցությամբ սկսեք հիշել՝ սեպտեմբերի 27, 2020 թվական (համաձայնագրում ամրագրված է նաեւ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելու դրույթը․- Ա․ Ի․)։ Հայտարարություն եղե՞լ է 44 օրվա ընթացքում․․․ Այդտեղից սկսենք՝ եթե այն ժամանակ իրենց չի հետաքրքրել․․․ Այդ փաստաթուղթն այն ժամանակ էլ է, չէ՞, եղել»։

Թեւան Պողոսյանն ավելի ուշ հարցադրում արեց․ «Բայց ինչո՞ւ եք միայն Շառլ Միշելին մեջբերում։ Նրան լսել ու միանգամից նաեւ Տոյվո Կլաարին չլսել կամ նրա թվիթերը նայել՝ սխալ կլինի․․․ Այսօրվա դրությամբ տպավորություն է, որ եվրոպական չինովնիկների մեծ մասը Ադրբեջանի նախագահ Ալիեւի վճարման փաստաթղթի մեջ երեւի գիծ ունեն․ Տոյվո Կլաար՝ էսքան գումար, Շառլ Միշել՝ էսքան գումար՝ իրենց խնդիրները լուծելու եւ գազը ստանալու»։

Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այն փաստին, որ Բրյուսելի եռակողմ հանդիպման ամփոփման ժամանակ չհիշատակվեց վերջին կես տարում Հայաստանի կառավարության հիմնական պահանջներից մեկը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակում։ Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանն այս առնչությամբ ասաց․ «Երբ Հայաստանը, նրա ներկայիս ղեկավարը հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ պահից, կարծում եմ, փակվեց նաեւ այդ մեխանիզմի խնդիրը։ Ինչ որ առումով՝ մենք շատ իդեալական հակառակորդ ունենք․ ուրիշ դեպքերում դու ստիպված ես գլուխ կոտրել, թե քո դիմացինը՝ «բանակցային գործընկերն» ինչ է ուզում ասել, ինչ նպատակներ ունի։ Իլհամ Ալիեւի պարագայում ամեն ինչ շատ պարզ է։ Մարդը շատ բաց տեքստով ամեն ինչ բացատրում է։ Բազմիցս ասել է՝ այն պահից, երբ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որեւէ խոսք որեւէ մեխանիզմի մասին չի կարող լինել, որովհետեւ դա մեր երկրի ներքին գործն է»։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Ռուսաստանի արտգործնախարարության՝ եռակողմ հանդիպման մեկնարկից կես ժամ առաջ տարածած հայտարարությանը, որում ՌԴ–ն Արցախում հայերի ճակատագրի պատասխանատու է հռչակում պաշտոնական Երևանին․ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի իրավիճակը։ Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա»։

«Իհարկե, հայտարարության տեքստը իդեալական չէ եւ իհարկե՝ կարելի է գտնել բազմաթիվ տարրեր, որոնք կարծես հակասում են մեր տեսակետին։ Բայց հայտարարությունն, իմ կարծիքով, արտացոլում է այն իրական վիճակը, որն այսօր ձեւավորվել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում,– մասնավորապես ասաց Կարեն Միրզոյանը՝ առաջարկելով ինքներս մեզ հարց տալ, թե ինչու են այդ հարաբերություններն այսօր հասել այդ կետին,– Երբ կարողանանք ճիշտ վերլուծել այդ իրավիճակը ու խիզախություն ունենանք ճիշտը խոսել դրա մասին՝ կարծում եմ, շատ քարեր կնստեն իրենց տեղը»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31