Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, գուցե ժամանակն է, որ դո՞ւք էլ միանաք «Հայաքվե»-ին՝ այս բանակցային փակուղուց դուրս գալու համար»․ Ավետիք Չալաբյան

Հուլիս 22,2023 12:20

Երեկ երեկոյան տվյալներով՝ «Հայաքվե» նախաձեռնությանը միացել են 38 500 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այս մասին «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի միջանկյալ տվյալները ներկայացնելիս այսօր հրավիրած ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ արդյունքը 28 հազար էր, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում «Հայաքվե»-ին միացել է 13 500 ՀՀ քաղաքացի։ Նա նշեց, որ էլեկտրոնային ստորագրահավաք եւս անցկացվում է, բայց բազմաթիվ քաղաքացիներ զրկված են այդ միջոցով ստորագրահավաքին միանալուց։ «Ինչո՞ւ, որովհետեւ այդ համակարգը ՀՀ տարածքից դուրս արգելափակված է եւ չի աշխատում։ Մենք հարյուրավոր նամակներ ենք ստանում մեր հայրենակիցներից, որոնք բնակվում են արտերկրում, մարդիկ մեզ գրում են, եւ մենք այդ խնդիրը չենք կարողանում լուծել, որովհետեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծում է այս հարցը։ Մենք բազմաթիվ նամակները հիմա հավաքում ենք եւ պատրաստվում ենք դրանով նույնպես հաղորդում տալ հանցագործության մասին, որովհետեւ սա մեր քաղաքացիների օրինական իրավունքի սահմանափակում է»,- նշեց Ավետիք Չալաբյանը։

Նա հիշեցրեց, որ ստորագրահավաքը բաղադրիչներից մեկն է, «Հայաքվե»-ն շատ ավելի ընդարձակ եւ երկարաժամկետ նախաձեռնություն է։ «Անցած շաբաթվա ընթացքում մենք շարունակում էինք ընդարձակվել հանրապետության տարածքով մեկ, ընդարձակել «Հայաքվե»-ի աշխարհագրությունը։ Բնականաբար, Երեւանի բոլոր վարչական շրջաններում մենք շարունակել ենք աշխատել, բացառությամբ Նորք Մարաշ եւ Նուբարաշեն համայնքների, որտեղ մի քանի օրով կանգնել ենք, կարճատեւ դադար ենք վերցրել, բայց կվերսկսենք աշխատանքները։ Իսկ մարզերում անցած շաբաթվա ընթացքում մենք ընդլայնեցինք աշխարհագրությունը մինչեւ 32 համայնք։ Ընդ որում, համայնքների զգալի մասում մենք աշխատել ենք ոչ միայն համայնքների կենտրոններում, այլեւ գյուղական բնակավայրերում։ Բազմաթիվ գյուղական բնակավայրեր արդեն ընդգրկված են «Հայաքվե»-ի աշխարհագրության մեջ։ Ընդ որում, ուրախալի է նաեւ փաստը, որ գյուղերում ակտիվությունը շատ հաճախ բարձրանում է, քան խոշոր քաղաքներում։ Կա տարածված կարծրատիպ, որ գյուղերը գործող իշխանության աջակիցներն են։ Իրականության մեջ փորձը ցույց է տալիս, որ բացի Տավուշի մարզի որոշ գյուղերից, մնացած բոլոր գյուղերն ավելի մեծ ոգեւորություն, հանրային ակտիվություն եւ ավելի բարձր մասնակցություն են ցուցաբերում, քան խոշոր քաղաքները»,- ասաց նա։

Չալաբյանը հավելեց, որ իշխանությունը շարունակում է իր հակազդեցությունը, ընդ որում, այդ հակազդեցությունը նաեւ անօրինական միջոցներով է իրականացվում։ «Եթե անցած շաբաթ դրանք բացահայտ սադրանքներ էին, այս շաբաթ հիմնականում դա եղել է ահաբեկման տեսքով։ Հանրային ծառայողներին ահաբեկում են, որպեսզի նրանք չմասնակցեն ստորագրահավաքին, որպեսզի ստորագրությունները հետ վերցնեն։ Մենք ունենք դեպք, երբ 4 հանրային ծառայող եկել են կոնկրետ ստորագրահավաքի կետ եւ խնդրել են, որպեսզի իրենց ստորագրությունները հետ վերցնել, որովհետեւ իրենց սպառնում են աշխատանքից ազատել։ Այդ դեպքն արձանագրված է, մենք ամենայն հավանականությամբ դրան ընթացք կտանք։ Մենք այդպիսի դեպքերը պետք է կանխենք, որովհետեւ քաղաքացիների իրավունքի ցանկացած այդպիսի սահմանափակում պատժվում է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով, որը նախատեսում է 3-6 տարի ազատազրկման տեսքով պատիժ՝ հանրաքվեի կամ ընտրական գործընթացներում քաղաքացիների իրավունքները սահմանափակելու համար։ Ուստի, ես ուզում եմ կոչ անել մեր բոլոր քաղաքացիներին, մասնավորապես, հանրային ծառայողներին՝ եթե ձեր ղեկավարը փորձի ձեզ ահաբեկել՝ «Հայաքվեին» մասնակցելու համար, խնդրում եմ, ձայնագրեք նրա խոսքը, տրամադրեք մեզ։ Մենք անպայման հաղորդում կտանք հանցագործության մասին եւ հետամուտ կլինենք, որ որպեսզի այդ ղեկավարը ոչ միայն զրկվի իր պաշտոնից, այլ նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվի։ Դիմադրեք ցանկացած ղեկավարի, որը փորձում է սահմանափակել ձեր սահմանադրական իրավունքը»,- ասաց Չալաբյանը։

Նա հավելեց, որ մարդիկ իրականում ոգեւորություն են ապրում, աստիճանաբար հասկանում են, որ «Հայաքվեն» բացարձակ օրինական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ընտրությունների արանքում ընկած միջնաժամկետ հատվածում իրենց քաղաքացիական ձայնը հասցնել իշխանություններին եւ օրինական գործողությունների միջոցով հետամուտ լինել սեփական օրակարգին։

«Եվ հենց այդ ոգեւորությունն է, որ իշխանություններին սարսափեցնում է, բայց բնականաբար իրականում հակառակ արդյունքի է բերել։ Փորձը ցույց է տալիս, որ երբ ազատ մարդուն փորձում են ճնշել, դա միայն ուժեղացնում է նրա դիմադրությունը։ Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք։ Բառացիորեն երեկ հաղորդում եմ ստացել, մի երիտասարդ 18 տարեկան է դարձել, հենց 18 տարեկանը լրանալու օրը գնացել ու քվեարկել է։ Ուրիշ հետաքրքիր դեպք ունենք՝ Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ կապված․ նա հայկական անձնագիր է ստացել հենց այս իշխանություններից, եւ Գյումրիում միացել է «Հայաքվե»-ին։ Դրանից հետո հաջորդ օրը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Փաշինյան, գուցե դա ձեզ էլ է ուղերձ, գուցե մեր ֆրանսիացի գործընկերը, որը միացել է «Հայաքվե»-ին, ձեզ դրանով ուղերձ է տալիս, գուցե ժամանակն է, որ դո՞ւք էլ միանաք «Հայաքվե»-ին։ Գուցե ժամանակն է, որ դո՞ւք էլ հասկանաք, որ դիմադրելու փոխարեն «Հայաքվե»-ն պետք է օգտագործեք որպես կռվան՝ այս բանակցային փակուղուց դուրս գալու համար, որի մեջ դուք մտցրել եք մեր երկիրը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31