Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դասական շիզոֆրենիա է․գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իրականացնի հայ բնակչության ցեղասպանություն»․ Ավետիք Չալաբյան

Հուլիս 22,2023 11:33

«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր ներկայացրեց ստորագրահավաքի միջանկյալ տվյալները։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն անդրադարձավ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ նշելով, որ իրավիճակն օրեցօր սրվում է, եւ մոտենում է այն պահը, երբ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերաճել մեծ ողբերգության։ «Այս ֆոնին «Հայաքվե»-ի հիմնական գաղափարը եւ ուղերձը դառնում է ծայրահեղ արդիական։ Մարդիկ աստիճանաբար սկսում են հասկանալ, որ այս նախաձեռնությունը, որը մենք սկսել ենք, սկսել ենք ոչ թե վերացական, իրականությունից կտրված, այլ սկսել ենք նրա համար, որ այն իրավիճակը, որն ունենք այսօր, որը հետեւանք է գործող իշխանության բազմաթիվ սխալների եւ ձախողումների, որպեսզի մենք կարողանանք այդ իրավիճակը հանգուցալուծել, լուծումներ գտնել։ Ընդ որում, լուծումը միայն «Հայաքվեն» չէ, «Հայաքվեն» լուծումների մաս է համարվում՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Գործող իշխանությունը պարբերաբար հայտարարում է, մասնավորապես կառավարության նիստերին, որ Ադրբեջանը Արցախի հայ ժողովրդի համար նոր ցեղասպանություն է պատրաստում։ Եվ միեւնույն ժամանակ նույն գործող իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Սա ինչ-որ իմաստով դասական շիզոֆրենիա է։ Այսինքն՝ ստացվում է, որ գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իրականացնի Արցախում ապրող հայ բնակչության ցեղասպանություն»,- ասաց Չալաբյանը։

Ըստ նրա՝ ստացվում է, որ 1918 թվականից ի վեր, երբ Օսմանյան զորքերը ներխուժեցին Արեւելյան Հայաստան, մենք երբեւիցե այդքան մոտ չենք եղել իրական ցեղասպանությանը, ինչպես դա այսօր է։ «Արդեն բազմաթիվ տվյալներ են մեզ հասնում, որ Արցախում հումանիտար ճգնաժամն այն կարգի է սրվել, որ դա սպառնում է մարդկանց մասսայական մահացությանը։ Եվ այդ պայմաններում գործող իշխանությունը փոխանակ իր ջանքերը կենտրոնացնի մեր հայրենակիցների ողբերգությունը կանխելու վրա, իր ամբողջ ջանքերը հիմա ուղղորդել է «Հայաքվե»-ի դեմ։ Եվ ինձ մոտ միայն հարց է առաջանում՝ ո՞րն է ձեր նպատակը, ո՞ր ժողովրդին եք դուք ծառայում, ո՞ր ժողովրդին եք ներկայացնում։ Եվ ինչո՞ւ եք դուք այդ ամենն անում։ Ես կարծում եմ, որ դիմադրության օջախները, որոնցից մեկը «Հայաքվեն» է, մյուսը՝ Արցախում սկսված ժողովրդական շարժումը, դիմադրության այդ բոլոր օջախներն ի վերջո պետք է միավորվեն, միասնական օրակարգ ձեւավորեն, պայքարի ռազմավարություն, համատեղեն ուժերը եւ կանխեն հայկական նոր ցեղասպանությունը, կանխեն նոր կապիտուլյացիան, որը ողբերգական է լինելու մեր ազգի համար»,- հավելեց նա։

Չալաբյանը հավելեց, որ «Հայաքվե»-ի շրջանակներում կատարվող աշխատանքը ցույց տալիս, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, զգալով վերահաս վտանգը, սկսելու է համախմբվել ու դիմադրել այն աղտին, որը բերել են այս իշխանությունները։ «Ես ուզում եմ այդ իմաստով ողջունել եւ Արցախում սկսված համաժողովրդական շարժումը, եւ Արցախի զարգացման եւ անվտանգության ճակատի կողմից իրականացվող գործողությունները։ Ես կարծում եմ, որ բոլոր այդ գործողությունները մեզ պետք է տանեն այն ճանապարհով, որը հնարավորություն կտա այս ճգնաժամից դուրս գալ։ Սա առաջին ճգնաժամը չէ, որին մենք բախվում ենք Արցախյան ազատամարտի շրջանակներում։ Ամեն անգամ, երբ մենք կարողացել ենք ձեռք բերել միասնություն, մենք կարողացել ենք նաեւ լուծումներ գտնել»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31