«Ցավալին այն է, որ մենք այսօր մեր վիշտը, մեր սուգը թողել ենք մի կողմ կամ դրա հետ միասին փորձում ենք նաեւ այլ հարցեր կարգավորել, որը մեր իրավասության հարցը չէ, մեր լուծելու հարցը չէ»,- ասում է ապրիլի 12-ին ադրբեջանցի դիվերսանտ Հուսեյն Ախունդովի կողմից սպանված Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը՝ Անի Մելիքսեթյանը։
«Սա հենց ամենաառաջին օրվանից իշխանությունների կողմից որակվել է որպես ազգային հարց եւ ասվել է՝ դա թողեք մեզ։ Բայց արդյունքը եղավ այն, որ ոչինչ չարվեց, ու շարունակում են ոչինչ չանել։ Ապրիլի 6-ին երկու ադրբեջանցի զինծառայող հատել են ՀՀ սահմանը, ապրիլի 9-ին նրանցից մեկը Սիսիանում հայտնաբերվել է, իսկ մյուսին չեն կարողացել հայտնաբերել, եւ ապրիլի 9-12-ը փաստացի ոչինչ չի արվել՝ նրան հայտնաբերելու համար: Իմ ընտանիքի ողբերգությունը տեղի է ունեցել գործող իշխանության, պետական համակարգերի անգործության, պարալիզացված լինելու հետեւանքով, որովհետեւ ապրիլի 9-ից այդ թուրք մարդասպանը, պարզապես ճեմելով, առանց որեւէ խոչընդոտի, Սիսիանից սարերով, ձորերով հասել է Կապան, Շղարշիկ եւ կատարել է այդ ոճրագործությունը։ Որեւէ խոչընդոտի չի հանդիպել: Այսինքն՝ կատարել է այդ ոճրագործությունը եւ շարունակել է ճեմելով գնալ։ Սպանելուց հետո փորձել է գործարկել մեր սեփական մեքենան, որով հայրս աշխատանքի էր գնացել, սակայն չի կարողացել եւ վերցնելով հորս ծխախոտը, կրակայրիչն ու հեռախոսը, գնացել է»,-ասաց սպանվածի դուստրը։ Մարդասպանը նրա հոր հեռախոսով կապ է հաստատել իր ընտանիքի անդամների հետ, Ադրբեջանի անվտանգության ծառայությունների հետ, իր էջում հաղորդագրություն է տարածել եւ միջպետական ճանապարհով զբոսնելով՝ շարունակել է ճանապարհը։ Ու եթե պատահական անցորդները չհայտնաբերեին, կհատեր Աջանան գետը, որի մյուս մասում նրանց դիրքերն են։
«Պարզապես ուզում եմ հուսալ, որ գործող իշխանությունը, հասկանալով, որ իմ ընտանիքի ողբերգության մեջ ունի իր առյուծի բաժինը, գոնե կունենա այդ բարոյականությունը եւ արժանի պատիժ կտա այս թուրքին։ Ամսի 20-ին դատական նիստն էր, որի ժամանակ դատախազն իր խոսքում անընդհատ շեշտում էր, որ մարդասպանը հատուկ վտանգավորություն ներկայացնող անձ է, բայց, ի զարմանս մեզ, հատուկ վտանգավորություն ներկայացնող անձի համար նա դատարանին միջնորդեց 20 տարվա ազատազրկում։ Մենք հասկացանք, որ սա պետական պատվեր է։ Դատավորն էլ ընդունեց միջնորդությունը, եւ մարդասպանին 20 տարով դատապարտեցին»,-ասաց Մելիքսեթյանը։
«Ես պահանջում եմ ցմահ ազատազրկում, իսկ եթե պետությունը գտնում է, որ ինչ-ինչ պատճառներով չի կարող ցմահ ազատազրկման դատապարտել, գոնե երաշխիքներ տա, որ 20 տարի Հայաստանում կկրի պատիժը»,- ասաց Անի Մելիքսեթյանը։
Կարդացեք նաև
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: