Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե Սփյուռքի մեր հայրենակիցներն ինչպես են մտահոգվում Արցախի հայերի համար, ես, անկեղծ ասած, չգիտեմ». ԼՂ պետնախարար

Հուլիս 22,2023 11:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանական ապօրինի շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված օրհասական վիճակը միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով Արցախում, ինչպես նաև Հայաստանում, մեկնարկել է համաժողովրդական շարժում: Սփյուռքում, սակայն, համարժեք միջոցառումներ դեռևս չեն սկսել:

«Սփյուռքում մեր հայրենակիցները շատ բան կարող են անել», – Լեռնային Ղարաբաղն ապաշրջափակելու գործողություններում Սփյուռքի ներգրավվածության առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում նշում է ԼՂ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, մանրամասնում նաև, թե ինչ գործողություններ կարող են իրականացնել արտասահմանում բնակվող հայերը. «Անհրաժեշտ է դիմել հյուրընկալ երկրների կառավարություններին, ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը և պահանջել, որ որպես միջազգային հանրության մաս՝ իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ցեղասպանության եզրին գտնվող Արցախի ժողովրդի հանդեպ», – ասում է նա:

Պետական նախարարն ընդգծում է՝ Սփյուռքի հայությունը չի իրացնում իր ամբողջ ներուժն արցախահայության առջև ծառացած ճգնաժամը հաղթահարելու համար:

«Թե Սփյուռքի մեր հայրենակիցներն ինչպես են մտահոգվում Արցախի հայերի համար, ես, անկեղծ ասած, չգիտեմ: Այդ մտահոգությունը նկատելի կլիներ, եթե հիմա մեր քույրերն ու եղբայրներն ամեն օր ամենատարբեր ակցիաները կազմակերպեին ու բոլորի ուշադրությունը հրավիրեին խնդրին, ՄԱԿ-ին պահանջ ներկայացնեին, պահանջեին միջոցներ ձեռնարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Հաագայի դատարանի դատական ակտերի կատարումն ապահովելու ուղղությամբ, մինչդեռ այդ նպատակով որևէ քայլ չենք տեսնում», – նկատում է նախարար Ներսիսյանը, շեշտում՝ Սփյուռքի ներգրավվածությունը կարևոր է, քանի որ այն ոգեշնչում է պաշարված Արցախի ժողովրդին: «Հավատացեք, ձեր ամենափոքրիկ քայլը մեծ հույս է ներշնչում Արցախում ապրող մեր ժողովրդի համար, նրանք էլ ավելի են ոգևորվում և էլ ավելի մեծ համառությամբ են սկսում հաղթահարել այն խնդիրները, որոնց մեջ ապրում ենք նորածնից մինչև ամենատարեց», – հավելում է Գուրգեն Ներսիսյանը:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ուղերձ կհղեք արտասահմանում այս հոդվածն ընթերցողներին՝ թե՛ հայերին, թե՛ այլազգիներին, նախարարը պատասխանեց.

«Այս հոդվածն ընթերցողներին կխնդրեմ տեր կանգնել Արցախին ու Արցախի ժողովրդին, ստանձնել պատասխանատվություն: Եթե ձեր կյանքից ընդամենը մեկ ժամ հատկացնեք այդ գործին, դա արդեն աջակցություն է: Վաղը բոլորդ զղջալու եք ձեր անգործության համար, բայց արդեն ուշ է լինելու: Արցախցին լրջագույն աղետի առաջ է կանգնած, բայց ինչպես տեսնում եք, չի հանձնվում: Մի նպաստեք արցախցու հյուծմանը, աջակցեք մեր ժողովրդին և կտեսնեք, թե ինչպես է իրավիճակը փոփոխվում դրական իմաստով: Անհուսալի ոչինչ չկա, ուղղակի պետք է պատասխանատվություն ստանձնել: Եթե 90-ականներին մեր սփյուռքահայերը մեզ օգնելու համար պետք է զինված մեկնեին մարտի դաշտ, հիմա դրա կարիքը չկա, մարտնչեք ձեր երկրներում, խաղաղ ցույցերի կազմակերպմամբ ու պահանաջատիրությամբ»:

Մեզ հետ զրուցելիս, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը նշեց՝ Արցախն այս պահին շնչահեղձ է լինում:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարը՝ Գուրգեն Ներսիսյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31