Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳ նախկին նախարար․ «Լիովին համաձայն եմ Ալիեւի հետ՝ ոչ ոք մեր տեղը չի կռվելու»․ «Առերեսում»

Հուլիս 22,2023 09:00

«Ինչո՞ւ են բետոնապատնեշներ տեղադրել Աղդամ-Ասկերան ճանապարհին։ Ինչո՞ւ պիտի մթերքը հասցվի այլ երկրից, չէ՞ որ Ղարաբաղը Ադրբեջան է, չէ՞ որ բոլորը դա ճանաչում են։ Ո՞վ է ասում, որ դա այդպես չէ, ոչ ոք։ Հետևաբար ինչո՞ւ պիտի բեռները այլ երկրից մատակարարվեն»,– Շուշիում երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանն «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում այս առնչությամբ մասնավորապես ասաց․ «Ալիեւի հայտարարության նախօրեին մենք ունեցել ենք Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարություն ՝ ընդ որում, Հայաստանի պահանջով հատուկ գումարված խորհրդի նիստի ժամանակ (հուլիսի 20-ին Վիեննայում ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում Արարատ Միրզոյանը հայտարարել է․ «Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով»)։ Սա ոչ այլ ինչ է, քան կարծես կանաչ լույս՝ ճանապարհ բացելու Ալիեւի ավելի հանդուգն ու ավելի հեռուն գնացող հայտարարությունների համար»։

Հաղորդման մյուս հյուրը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական է համարում Արցախի ԱԺ հայտարարությամբ արված առաջարկը՝ «Անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային»՝ ընդունելով, որ իրատեսական չէ դրա կենսագործումը՝ նաեւ ասաց․ «Եկեք այսպես ասենք՝ կա՞ հնարավորություն այդ տեսակ քայլեր գործադրելու՝ վստահ եմ, այո»։ Հիշեցնենք, որ տարեսկզբի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր արել այդ առաջարկը․ «Եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցում»։

Մինչդեռ Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է․ «Ոչ ոք նրանց համար ու նրանց փոխարեն մեր դեմ Ադրբեջանի տարածքում չի կռվելու։ Նրանք պետք է հասկանան ու ընդունեն իրողությունները։ Մեզ էլ էին ասում նախորդ 30 տարիներին, որ ընդունեք առաջին Ղարաբաղյան պատերազմի իրողությունները։ Բայց ես չընդունեցի։ Ես էլ հիմա նրանց եմ ասում` ընդունեք»։ «Ճիշտ է ասում՝ շատ լավ առաջարկ է, որ Հայաստանը պետք է իր փրկությունը միայն իր մեջ ման գա»,– արձագանքեց Թեւան Պողոսյանը։ «Ես լրիվ համաձայն եմ Ալիեւի հետ– հավելեց Կարեն Միրզոյանը։– Լիովին համաձայն եմ։ Ոչ ոք մեր տեղը չի կռվելու՝ մենք ենք դիմակայելու, մենք ենք կռվելու, մենք ենք հաղթելու։ Երբ որ դա հասկանանք՝ մենք կհաղթենք»։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31